«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#153, 2004-09-03 | #154, 2004-09-04 | #155, 2004-09-07


ԵՍ ՀԱՅ ԵՄ, ԴՈՒՙ ՆՈՒՅՆՊԵՍ, ԲԱՅՑ...

Հայաստան-սփյուռք կապերը տարեցտարի կարծես թե ավելի են ամրապնդվում: Ուրախալի փաստ է, որ տարաբնույթ միջոցառումներ են անցկացվում, որոնց անվանումներում իր հաստատուն տեղն է գրավում «համահայկական» բառը: Որքանով է այս կամ այն միջոցառումը կուսակցականացված, որքանով է հրատապՙ պետական բյուջեի սուղ միջոցներից հատկացումներ կատարելու համար, որքանով է ծառայում հայությանը համախմբելու նպատակին, մեկ այլ նյութի քննարկման առարկա է:

Սփյուռքահայը Հայաստան այցելած օտարերկրացուց տարբերվում է ոչ միայն իր ազգությամբ: Նա ավելի ուշադիր է շուրջը նայում, ավելի շատ է համեմատում տեսածը պատկերացրածի կամ ցանկալիի հետ եւ շատ ավելի խոցելի է: Եվ եթե պաշտոնական միջոցառումների ժամանակ նա կարծիք է կազմում լոկ երկրի իշխանությունների կարողությունների կամ կազմակերպչական ընդունակությունների մասին, ապա անձնական շփումների ընթացքումՙ ընդհանրապես «հայաստանցի հայերի» մասին: Այս տարօրինակ բառակապակցությունն ավելի ու ավելի հաճախ է լսվում սփյուռքահայի շուրթերիցՙ անկախ այն բանից, թե որտեղ է նա բնակվումՙ Լոս Անջելեսում, թե՞ Կրասնոդարում, եւ ցավոք, վկայում է մեր մասին ունեցած ոչ բարձր կարծիքի մասին: Այս բառակապակցությամբ սփյուռքահայը «միջնորմ» է դնում իր եւ «հայաստանցու» միջեւ, չցանկանալով թեկուզ ժամանակավորապես կամ «սխալմամբ» նույնացվել իր ազգի հայաստանյան ներկայացուցչի հետ: Եվ ինչու ցանկանա, երբ գրեթե ամեն քայլափոխի տեղացիների տարբերակված վերաբերմունքին է արժանանումՙ սկսած ապրանքների (ծառայությունների) գներից, վերջացրած զուտ մարդկային հարաբերություններով: Ինչո՞ւ ցանկանա, երբ իր բնակված երկրում տեսնում է, թե ինչպես է Հայաստանից նոր եկած հիմնականում երիտասարդների մեծ մասը «փայլում» իր կիսահայերեն պոռոտախոսությամբ ու «Գիտե՞ք, ես ով եմ» պահվածքովՙ մինչեւ այդտեղից արտաքսվելը կամ բանտարկվելը... Ի՞նչ անի սփյուռքահայըՙ իր ցեղակցին ընդունի-սիրի նրա բոլոր թերությունների «փնջով» հանդերձ ու հայրենակցին պարտադրված սիրելը շփոթի հայրենասիրության հե՞տ: Թե՞ փորձի Հայաստանից գնացածի անվայել պահվածքը քննադատել ու արժանանալ «հակահայի» պիտակին:

Իհարկե, չպետք է կարծել, թե յուրաքանչյուր սփյուռքահայ հրեշտակ է, իսկ յուրաքանչյուր հայաստանցիՙ թերությունների հավաքածու: Բայց եւ այնպես արժե, որ «հայաստանցի հայը» մտածի Հայաստան այցելած հատկապես սփյուռքահայի նկատմամբ վերաբերմունքը փոխելու մասին:

Երբ հայի տուն «գնացող-եկողը» (հատկապես տոնական օրերին) քիչ է լինում, տանտերը դա գրեթե անձնական վիրավորանք է համարում: Ոչ մի վիճակագրություն կարծես չկաՙ պարզելու համար, թե Հայաստան այցելած սփյուռքահայերի ո՞ր մասն է ցանկություն հայտնում երկրորդ անգամ հայրենիք գալու: Դատելով ներկա վիճակից, պետք է մտածել, որ շատ քչերը: Եվ թող մեզ հույս չտանք, թե այստեղ երեկոյան զբոսնելն անվտանգ է, գները ցածր են կամ վերջապես, որ սա Հայաստանն է (բաղձալի բառ յուրաքանչյուր հայրենակարոտ հայի համար):

Փորձենք ավելի բարյացակամ լինել հատկապես սփյուռքահայ այցելուների հանդեպ, փորձենք մեզ ուղղակի մարդավայել պահել թե՛ հայրենիքում, թե՛ դրսում, եւ մեր երկիր այցելող, այստեղ փող ծախսող մարդկանց ավելի մեծ հոսք կունենանք նաեւ ոչ տոնական-միջոցառումային օրերին:

Ամեն մի հայի համար պատվի խնդիր պետք է դառնա նաեւ ի՛ր պահվածքի շնորհիվ բառապաշարից «հայաստանցի հայ» արտահայտությունը դուրս մղելը:

ԱՐԾՐՈՒՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4