«Արմենիա» մեդիա համալիրը, իսկ ավելի չափազանցվածՙ «Սի-Էս մեդիա քաղաքը» պաշտոնապես բացվեց շաբաթ օրըՙ սփյուռքահայ բարերար, բաժնետեր Ջերարդ Գաֆեսճյանի անմիջական մասնակցությամբ: Մեծաթիվ հյուրերի ու պետական այրերիՙ հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի, պաշտպանության, արտաքին գործերի նախարարների եւ այլոց ներկայությունն, անկասկած, պայմանավորված էր նաեւ Գաֆեսճյանով: Միաժամանակ նշվեցին «Արմենիա» հեռուստատեսության նոր եթերաշրջանի սկիզբն ու «սուպեր սիստեմ» համակարգի բացումը:
Ժամանակակից սարքավորումներով հագեցած համալիրում ստեղծված են աշխատանքի լավագույն պայմանները ինչպես «Արմենիա» հեռուստաընկերության (տնօրեն Գագիկ Մկրտչյան), այնպես էլ «Արմնյուզ» հեռուստաալիքի (Էդուարդ Սարիբեկյան), «TV 5-ի»
(Նունե Եսայան), «Մեդիա թիվի» ընկերության (Հովհաննես Թովմասյան), «Սիդի ռեկորդս» պրոդյուսերական կենտրոնի եւ «FM 10» ռադիոկայանի (Գրիգոր Նազարյան) եւ «Սի էս փաբլիշինգ հաուզ» -ի (հայերեն` տպագրատուն) (Վարդան Ալոյան) համար:
Արդեն մի քանի ամիս նոր շենքում աշխատող «Արմենիա» հեռուստաընկերությունը խոստանում է նոր հաղորդումներ, «որոնք իրենց տեսակով ռուսական ամենաառաջատար հեռուստաալիքների սիրված հաղորդումների նման զարմացնելու են մեր հեռուստադիտողին»: Տեղին է նշել, որ զվարճալի մի քանի հաղորդումներ իրենց «որակով» ու ժարգոնային հայերենի մակարդակով մեր հեռուստադիտողներին ամեն օր զարմացնում են:
Ուշագրավ է Վարդան Ալոյանի հրատարակած «TV մոլ» ուղեցույցում տպագրված Նունե Եսայանի խոսքը: Հայաստանում «սեքսի խորհրդանի՜շ» համարվող երգչուհին պատրաստում է նոր հաղորդաշարեր. «Այդ թվումՙ արդեն մեծ հետաքրքրություն առաջացրած «Սեքս պրեսը», եւ էլի մի հաղորդաշար, որը կլինի «Ալֆրեդի սենյակի» ոճով»: Ըստ պտտվող խոսակցությունների, «Սեքս պրեսի» առաջին հաղորդումը հետաձգվել է պրն Գաֆեսճյանի այցի պատճառով: Իբրեւ հեռուստամրցակցության խոսուն օրինակ երգչուհին նշում է. «Ողջ քաղաքն արդեն գիտեր իմ եւ Պատրիկ Ֆյորիի համերգի մասին միայն «TV 5»-ով ցուցադրված գովազդի շնորհիվ»:
Եթե «Մեդիա քաղաքում» դա է մրցակցության չափանիշը, ուրեմն այդ քաղաքից մեծ ակնկալիքներ դժվար է ունենալ:
Մնում է ասել, որ նորագույն տեխնիկայով հագեցած թույլ հեռուստաընկերություններից շատ ավելի նախընտրելի է ստեղծել ընդամենը մեկ, սակայն բարձր պրոֆեսիոնալիզմով աչքի ընկնող հեռուստաընկերություն, որի կարիքն իսկապես զգացվում է մեզանում:
Ռ.Պ.