Շուշիի քայքայված դեմքը
Ստեփանակերտից Շուշի հեռավորությունը ընդամենը 11 կմ է, սակայն հսկայական է այս երկու քաղաքների տարբերությունը: Բարեկարգ, առողջ ու կենսալի գույներով Ստեփանակերտից հետո Արցախի այս նշանավոր քաղաքը ծանր հիվանդությունից չապաքինված հիվանդի է նման: Ամեն քաղաք իր նկարագրի յուրահատկությունն ունի` տեսանելի հատկապես առաջին անգամ այնտեղ ոտք դնողի համար: Պատերազմից 12 տարի անց Շուշիի նկարագրի առանձնահատկությունը նրա այրված ու քանդված կերպարանքն է, որ հետո երկար դաջվում է քաղաք մտնողի մտապատկերում: Միակ վառ տպավորությունը քաղաքը ցանցի պես պատած պարտեզների ու անտառակների թավ ծածկույթն է: Զով ու մաքուր օդը, բարձրադիր տեղանքը առողջարանային բիզնեսի հաջողության լավագույն գրավականն են: Առաջներում այդպես էլ եղել է: Հիմա քաղաքը վաղուց կորցրել է տուրիստական հանգրվանի նախկին համբավը: 10 առողջարաններից ոչ մեկի հետքը չի մնացել: Հիմա այդ մասին հիշելն էլ անիմաստ է:
Ստեփանակերտի բարեկարգ, մաքուր, կոկ ու ասֆալտապատ փողոցներից հետո Շուշի մտնող քարուքանդ ճանապարհի ներգործությունը ավելի է ծանրանում: Տխուր պատկերները շարունակվում են քաղաքում: Շուշին լցված է գրադի ու արկերի հետքերը կրող քանդված, վառված ու կիսաքանդ շենքերով: Շատ կառույցների հիմնակմախքը տանելի վիճակում է, եւ հավանաբար ոչ մեծ ծախսերի գնով հնարավոր է դրանք վերակառուցել: Այդ շենքերի առանձին հատվածներ նույնիսկ մաս-մաս բնակեցված են:
Շուշին այսօր 3-4 հզ. բնակիչ ունի: Նրանք տունուտեղը կորցրած ղարաբաղցիներ են, սումգայիթցիներ ու հայաստանցիներ եւ քաղաքի նախկին բնակիչներից: «Ով ոչինչ չունի, գալիս է Շուշի բնակվելու, եթե շենքերը վերակառուցեն, էլի մարդիկ կգան Շուշի», այսպիսի կարծիք հայտնեց բնակիչներից մեկը:
Սումգայիթում կնոջը կորցրած, այժմ թափառաշրջիկի հագուկապով Ջոն Թեւոսյանը մենակ է ապրում, թոշակի հույսին: Նրա նմանները շատ են քաղաքում: Ջոնը պատմում է, որ քաղաքի աղքատներից ավելի ծանր վիճակում են Ադրբեջանից արտագաղթածները: Հենց նրանց ավելի շատ կարելի է հանդիպել եկեղեցու բակում ողորմություն խնդրելիս ու աղբարկղները քչփորելիս: Ծերունու բողոքը պաշտոնյաների ու պատգամավորների դեմ է, որ «ընտրություններից առաջ սուտ խոստումներ են տալիս, բայց հետո ժողովրդի մասին մտածող չկա»:
Առայժմ Շուշիում աշխատատեղեր ապահովել է միայն Շուշիի թեյի գործարանը, թեեւ այստեղ էլ աշխատանքը սեզոնային է: Գորգագործական ու թեթեւ արդյունաբերության նախկին կենտրոնում կայուն աշխատանք ունեն միայն 4 դպրոցների, ուսումնարանի, տեխնիկումի, տնօրենները, ուսուցիչները եւ հավաքարարները, մասամբ նաեւ շինարարները:
Ի շարս փախստականների ու սոցիալական խնդիրները հոգալուց հույսը կտրած կարիքավորների, այստեղ են ապաստանում նաեւ օրենքի դեմ մեղանչած մարդիկ: Անկեղծության պահին մի պատանի պատմեց, որ օրենքի պահապանների հետապնդումներից են փախել այստեղ: Այս զուգադրությամբ, ինչ-որ տեղ ոչ միայն Շուշին, այլեւ Լաչինը հիշեցնում են Արշակավանը, երբ քաղաքական լարված իրավիճակում քաղաքը հիմնադրելու համար Արշակ Երկրորդը արքայական հատուկ հրովարտակով այնտեղ բնակվելու իրավունք տվեց տերերից փախած ծառաներին, հարստահարվող պարտապաններին եւ բոլոր նրանց, ովքեր ենթակա էին հալածանքի: Եվ Արշակավանը կարճ ժամանակում կառուցվեց:
Շուշիում, սակայն, կյանքը չի վերակենդանանում: Նոր շուշեցիներից շատերը կարծիք հայտնեցին, որ քաղաքը փրկելու միակ միջոցը մայրաքաղաքն այստեղ տեղափոխելն է: Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, մի քանի շաբաթ առաջ նաեւ Ստեփանակերտի քաղաքապետ ընտրված Էդուարդ Աղաբեկյանը եւս հակված է նման տեսանկյունի: «Քաղաքական նկատառումներից ելնելով դա ճիշտ որոշում կլինի: Ավելին, ես գտնում եմ, որ հենց հիմա Ազգային ժողովը պետք է տեղափոխել Շուշի կամ թեկուզ նախարարություններից մեկը»: Պատասխանելով «Ազգի» հարցադրմանը, թե պատգամավորը որտեղ է տեսնում Շուշին վերականգնելու համար անհրաժեշտ ֆինանսական ներուժը, նա շարունակեց. «Դա համայն հայության խնդիրը պետք է դառնա ե՛ւ ֆինանսական, ե՛ւ մտավոր ներդրումների առումով»: «Համայն հայությունը», սակայն, առայժմ ընդամենը խղճուկ ծրագրեր է իրականացնում այստեղ: Այդ ծրագրերից մեկը քաղաքի կենտրոնի` վարչակազմի շենքից մինչեւ Թադեւոսի աղբյուրը ձգվող փողոցի ասֆալտապատումն է (370 մլն դրամ արժեքով):
Բարեգործական հատուկենտ ծրագրեր են իրականացնում նաեւ Հայ ավետարանչական եկեղեցին, Օնտավիայի հայ ատամնաբույժների ընկերակցությունը: Դաշնակցություն կուսակցությունը հյուրանոցի վերակառուցման եւ շրջակա տարածքի բարեկարգման մտադրություններ ունի: Շուշիի փրկության հեռանկարը առայժմ բարի ցանկություններից այն կողմ չի անցնում, գաղափարներ են, որ հեշտությամբ ամրագրվում ու հեշտությամբ էլ մոռացվում են: Իբրեւ հիմնախնդիր, քաղաքի վերականգնումը գերակա արժեք հռչակվեց նաեւ համահայկական համաժողովում, բայց կոնկրետ առաջարկներ, ճարտարապետական նախագծեր ու բիզնես պլաններ այդպես էլ չհրապարակվեցին: Նույնիսկ Արցախի Ազգային ժողովում այս առթիվ որեւէ նախագիծ չի քննարկվում:
Միակ հուսադրող խոսքը, թերեւս, լսեցինք Շուշիի հիմնադրամի գործադիր տնօրեն Սեւակ Արծրունուց: Շուշիի վերականգնման համար ներդրումային հոսքեր կազմակերպելու աշխատանքները նոր-նոր փորձում են մեկնարկել: Հիմնախնդիրը հետեւյալն է. ստեղծել միջազգային բոլոր ինստիտուտների կողմից ընդունելի եւ դրանց չափանիշներին հարմար նախագծեր Շուշին թաղամաս առ թաղամաս վերականգնելու համար, այնպես որ այդ ծրագրերն իսկապես ապահովեն ֆինանսական մուտքեր: Հիմնադրամի նախագահը լրագրող Բակուր Կարապետյանն է, կազմի մեջ են Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանն ու ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Նման նպատակադրում, անկասկած, շատ ավելի առաջ պիտի նախաձեռնվեր: Հաջողություն կունենա՞ հիմնադրամը, դա էլ խիստ թեական է, քանի որ անվստահության անբացատրելի պատնեշը թե՛ դրսի, թե՛ ներսի ներդնողներին առայժմ խանգարում է մոտ գալ Շուշիին:
Հենց Արցախի ապահովության համար բնական անմատչելի դիրքով Շուշին պինդ ու ամրակուռ քաղաք դարձնելը ռազմավարական արժեք ունի: Հնագույն Վարանդա գավառի բնակիչների համար Շուշիի բերդը ծառայել է իբրեւ պաշտպանական ամրություն: Բերդապարսպի մի մասը այժմ էլ կանգուն է:
Այսօրվա Շուշիում զարմանալիորեն կենդանի են մնացել միայն նախկին կրթական-մշակութային հարուստ կենսագրության բեկորները: Սոս Սարգսյանի անվան մանկական թատրոնի տնօրեն Լաուրա Հովսեփյանը պատմում է, որ արցախցի նվիրյալների ջանքերով քաղաքում հիմնվել են Երվանդ Մանարյանի անվան տիկնիկային թատրոնը, «Վարանդա» երգչախումբը, գործում է դրամատիկական թատրոն, ժողգործիքների համույթ: Շուշիի շնորհալի երեխաներն այսօր էլ առանձնանում են հանրապետական ու միջազգային տարբեր մակարդակի մրցույթներում: Շուշիում գործում են նաեւ սովորական եւ գիշերօթիկ երաժշտական դպրոցներ:
Մեր հանդիպումների ընթացքում, անկախ ամեն ինչից, տրտունջի խոսքեր քիչ լսեցինք: Զարմանալիորեն կենդանի է նաեւ նախկին շուշեցու ոգին: «Երկիրը մերն է, պետությունը մերն է, մենք պիտի ստեղծենք, ո՞վ պիտի ստեղծի, պիտի համբերենք, մինչեւ լավ լինի: Ամեն ինչ կարելի է հաղթահարել, միայն պատերազմ չլինի»:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ, Շուշի-Երեւան