«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2004-09-04 | #155, 2004-09-07 | #156, 2004-09-08


ԱՐՅՈՒՆ ԲԵՍԼԱՆԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքում տեղի ունեցած ողբերգությունից տուժածներին օգնության ձեռք է մեկնում նաեւ Հայաստանը: Սեպտեմբերի 3-10-ը բոլոր ցանկացողները կարող են արյուն հանձնել Ներսիսյան 7 հասցեում գտնվող Արյունաբանական կենտրոնում: Գործում է հերթապահություն: Նախնական տեղեկատվություն կարող եք ստանալՙ զանգահարելով 283811 հեռախոսահամարով: Արդեն արյուն է տվել 100-ից ավելի մարդ: Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբալյանը նշում է, որ կան որոշակի չափանիշներ, եւ բոլորը չեն կարող արյուն հանձնել: Դոնորը պետք է լինի առողջ եւ 18-60 տարեկան: Մինչեւ արյուն հանձնելը կատարվում է հետազոտություն: Յուրաքանչյուր դոնորից հավաքվում է 400-450 մլգ արյուն: «Մեծ ակտիվություն են ցուցաբերում ոստիկանության ներկայացուցիչները եւ միջին տարիքի մարդիկ, որոնք ունեն դպրոցահասակ երեխաներ», ասում է նա: Ակցիայի ավարտից հետո հավաքագրված արյունը կտեղափոխվի Բեսլան ՀՀ առողջապահության նախարարության եւ ՌԴ դեսպանատան աջակցությամբ: Երեկ տեղափոխվեց առաջին խմբաքանակը:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4