Կասկադում կառուցվելիք «Ջերարդ Գաֆեսճյան» ժամանակակից արվեստի թանգարանի ճարտարապետ է ընտրվել ամերիկացի Դեւիդ Հոթսնըՙ Մ.Նահանգների Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքից: Նա նախագծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակները Նյու Յորքում, Մանհեթենի աֆրիկյան արվեստի թանգարանը, իսպանացի նշանավոր ճարտարապետ Սանտյագո Քալատրավայի բնակավայրը եւ այլ շինություններ: Երկու տարուց ավելի նրա հետ աշխատելով, պրն Գաֆեսճյանը գնահատում է համակարգչային նախագծային մեթոդների նրա իմացությունը, որը նրան թույլ է տալիս նախագծել տարածություններըՙ վիզուալ շրջանակների մեջ առնելով թանգարանի տարածքի յուրահատուկ տեսարանները: «Գաֆեսճյան» ժամանակակից արվեստի թանգարանի նրա նախնական նախագծով շրջանակված գլխավոր տեսարանները կլինեն Մայր Հայաստան հուշարձանն ու Արարատ լեռը: Ընդհանուր պատկերի վրա կխոյանա թանգարանի խորհրդանիշը ուրվագծող ապակե աշտարակը, որի ներսում կտեղադրվի Ջերարդ Գաֆեսճյանի ապակե հավաքածուն:
Գաֆեսճյան թանգարան հիմնադրամի փոխտնօրեն Ջոն Ուոթերսը Կասկադի սրահում երեկ լրագրողներին ներկայացրեց ճարտարապետ Դեւվիդ Հոթսնին, որը մանրամասն ներկայացրեց թանգարանի նախագիծը: Նախագծի արժողությունը 25 մլն դոլար է, կառուցման աշխատանքները կտեւեն մոտ 2 տարի, որից հետո Երեւանում կբացվի արվեստի եզակի թանգարան, որտեղ բացի Գաֆեսճյանի ապակե հանրահայտ հավաքածուից, կտեղադրվեն անվանի ապակեգործներ Ստանիսլավ Լիբենսկու եւ Յարոսլավ Բրիխտովայի աշխատանքները, ինչպես նաեւ 20-րդ դարի համաշխարհային գեղանկարչության ու քանդակագործության լավագույն նմուշները:
«Ուսանողական տարիներից ես ուժգնորեն տպավորվել եմ հայկական ճարտարապետությունից, նրա պարզ ու ուժեղ գծերից: Հայաստանում նկատեցի, թե ինչպիսի խնամքով ու վարպետությամբ են հայ ճարտարապետները օգտագործել հայկական տուֆը, ինչ նրբությամբ են հայ վարպետներն աշխատել քարի հետ:
Գաֆեսճյան թանգարան հիմնադրամի նախագծային սկզբունքի համաձայն, թանգարանի հիմքը կլինի հայկական տուֆից, կօգտագործվեն հայկական նյութեր, իսկ ճարտարապետական ձեւերը կլինեն զուսպ ու հստակՙ հայկական ճարտարապետության ինքնատիպությանը բնորոշ», ասաց ամերիկացի ճարտարապետը:
Հիշեցնենք, որ «Գաֆեսճյան» թանգարան հիմնադրամի անցած տարի անցկացրած ճարտարապետների միջազգային մրցույթին հայ ճարտարապետները չէին մասնակցելՙ համաշխարհային ճարտարապետության մեջ լայնորեն կիրառվող նոր տեխնոլոգիաներին չտիրապետելու պատճառով:
Հիմնադրամի փոխտնօրենի խոսքով, ճարտարապետ ընտրելիս իրենք նախանձախնդիր ու հետեւողական են եղել, որպեսզի հայկական ավանդական ճարտարապետությունը ներկայանա համաշխարհային նոր տեխնոլոգիաներին միաձույլ: «Մեր գլխավոր նպատակը աշխարհի լավագույնը Հայաստան բերելն ու այստեղի լավագույնը աշխարհին ներկայացնելն է», ասաց նա:
Մամուլի ասուլիսին հայ ճարտարապետները ներկա չէին, նրանք, ինչպես լրագրողներին տեղեկացվեց, հրավիրված էին ամերիկացի ճարտարապետի հետ երեկոյան կայանալիք պաշտոնական հանդիպմանը:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ