«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2004-09-04 | #155, 2004-09-07 | #156, 2004-09-08


ԺԱՄԱՆԱԿ ԱՆՑ ՍՈՂԱՆՔՆԵՐՆ ԱՆԱԿՆԿԱԼԻ ՉԵՆ ԲԵՐԻ

Հավաստիացնում են հայ եւ ճապոնացի մասնագետները

Երեք տարի առաջ կառավարությունը հաստատել է «ՀՀ տարածքում հակասողանքային առաջնահերթ միջոցառումների ծրագիրը»: Այն 2004-ի մարտից իրականացվում է Ճապոնիայի կառավարության տրամադրած դրամաշնորհի միջոցով: Ճապոնական «Միջազգային համագործակցության գործակալության» 15 եւ հայ 25 մասնագետներ երկու տարվա ընթացքումՙ մինչ 2006-ի գարուն պետք է ուսումնասիրեն հանրապետության սողանքային տարածքներն ու մշակեն սողանքների կառավարման համակարգ: Արդեն իրականացվել է ծրագրի 1/3-ը: Ուսումնասիրվել է 162 սողանքային տարածք: Դրանցից 3-ըՙ հավանաբար Տավուշի, Սյունիքի մարզերում եւ Երեւանի շրջակայքում, մանրակրկիտ ուսումնասիրվելու են, որն էլ հիմք է ծառայելու ծրագրի համար: Ճապոնացի մասնագետները հավաստում են, որ ծրագիրը մեծապես օգնելու է սողանքային աղետների կանխարգելմանը: Հայ գործընկերներն էլ հայտնում են իրենց լիակատար համաձայնությունը: Այս մասին խոսվեց այսօր ծրագրի աշխատանքային խմբի խորհրդակցությանը հաջորդած ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Սոս Քոչարյանի եւ ճապոնական ուսումնասիրող խմբի ղեկավար Սատորու Ցուկամոտոյի համատեղ ասուլիսում: Երկուստեք եղան հավաստիացումներ, որ ծրագիրն իրականացվում է մասնագիտական բարձր մակարդակով եւ փորձի փոխանակման սկզբունքով: Ծրագրի իրականացման դրամաշնորհի չափը չներկայացվեց, բայց փաստվեց, որ հընթացս Հայաստան են ներկրվելու 900 հազար դոլար արժողությամբ ժամանակակից սարքավորումներ, որոնց օգտագործման ուսուցում է կատարվել: Ծրագրի ավարտից հետո սարքավորումները փոխանցվելու են հայկական կողմին: Նախարարի տեղակալը փաստեց, որ ծրագրի մշակումն ու սողանքային վտանգի չափերը համարժեք չեն, սակայն անգամ հարուստ եւ հզոր երկրների համար նման վտանգի վերացման, կանխարգելման համար ժամանակ ու միջոցներ են պետք: Վերջինի հայթայթման համար արդեն իսկ ուղիներ են փնտրվում եւ ընթացող ծրագրի ճշգրիտ մշակման դեպքում, ճապոնական կողմի հավաստմամբ, չի բացառվում, որ հենց իրենց կառավարությունն էլ գումար տրամադրի:

Ներկայումս հանրապետության տարածքի 4 տոկոսըՙ 12 հազար հեկտար, սողանքային է: 3000 սողանքային տարածքների 10 տոկոսն առաջնահերթ միջոցառումների անհրաժեշտություն ունի: 965 բնակավայրերից 233-ը գտնվում է սողանքային տարածքներում: Այս տարի պետբյուջեից, Սոս Քոչարյանի հավաստմամբ, 151,6 մլն դրամ է հատկացվել սողանքային բնակավայրերին:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4