Կենտրոնական բանկի խորհուրդը սեպտեմբերի 7-ի նիստում Կենտրոնական բանկի գործառնությունների տոկոսադրույքները թողեց անփոփոխ. կնքվող ռեպո-համաձայնագրերի տոկոսադրույքըՙ տարեկան 4, տրամադրվող լոմբարդային վարկերինըՙ 16, իսկ ներգրավվող ավանդներինըՙ 1 տոկոս:
ԿԲ խորհուրդը որոշեց արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիաներ տրամադրել անհատ ձեռնարկատերեր Գագիկ Կարապետյանին եւ Արամ Առաքելյանին:
***
ԿԲ մամուլի ծառայությունը հրապարակում է օգոստոսի 6-19-ն ընկած ժամանակահատվածում մակրոտնտեսական իրավիճակի եւ ֆինանսական շուկայի միտումների նկարագիրը:
Մակրոտնտեսական իրավիճակը Ըստ Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների, օգոստոսի 1-10-ը գրանցվել է 0.83% գնանկում:
Օգոստոսի 6-19-ն ընկած ժամանակահատվածում բյուջեի միջին օրական հարկային եկամուտները կազմել են մոտ 998 մլն դրամ:
Դրամավարկային քաղաքականություն Հաշվետու ժամանակահատվածում փողի բազան նվազել է 3 մլրդ 535 մլն դրամովՙ կազմելով 109 մլրդ 753 մլն դրամ: Փողի բազայի նվազումն ուղեկցվել է ԶԱԱ-ի 54 մլն դրամ եւ ԶՆԱ-ի 3 մլրդ 481 մլն դրամ նվազումներով:
ԶԱԱ-ի նվազումը հիմնականում պայմանավորված է եղել արտաքին պարտքի մայր գումարի եւ տոկոսագումարների վճարմամբՙ համապատասխանաբար 190 եւ 185 մլն դրամ գումարի չափով, ինչպես նաեւ անդամակցության գումարների վճարմամբՙ 12 մլն դրամ գումարի չափով: Վերջիններիս զուգահեռ ավելացել են այլ ակտիվները` 333 մլն դրամով:
ԶՆԱ-ի նվազումը պայմանավորված է եղել կառավարության պարտավորությունների նվազումով, որոնք նվազել են կենտրոնական գանձապետական միասնական հաշվի մնացորդի 3 մլրդ 392 մլն դրամ կուտակման եւ 75 մլն դրամ կառավարության դեպոզիտների ավելացման հաշվին: Բանկերի պարտավորությունները հաշվետու երկշաբաթում մնացել են անփոփոխՙ կազմելով 14 մլրդ 103 մլն դրամ:
Օգոստոսի 13-ին նախորդած շաբաթվա ընթացքում փողի զանգվածն (առանց կուտակված տոկոսների) նվազել է 639 մլն դրամով եւ կազմել մոտ 240 մլրդ դրամ: Շրջանառության մեջ եղած կանխիկը նվազել է 335 մլն դրամով, իսկ ավանդներն աճել են 304 մլն դրամով: Ցպահանջ արտարժութային ավանդներն աճել են 1 մլրդ 975 մլն դրամով, իսկ ցպահանջ դրամային ավանդները նվազել են 557 մլն դրամով: Ժամկետային արտարժութային ավանդները նվազել են 1 մլրդ 689 մլն դրամով եւ կազմել 57 մլրդ 968 մլն դրամ: Պայմանավորված վերոգրյալովՙ դրամային զանգվածը նվազել է 925 մլն դրամով եւ օգոստոսի 13-ին կազմել 123 մլրդ 556 մլն դրամ:
Ֆինանսական շուկայի միտումները Այդ ժամանակաշրջանում թղթակցային հաշիվների միջին մակարդակը կազմել է 19,264 մլն դրամ, իսկ պարտադիր պահուստավորումըՙ 14,945 մլն դրամ:
Հաշվետու ժամանակահատվածում ներքին արժութային շուկայում, ՊՊ առաջնային եւ երկրորդային շուկաներում դիտվել են հետեւյալ միտումները:
Ներքին արժութային շուկա Վերոհիշյալ ժամանակահատվածում ՀՀ ԿԲ կողմից վաճառվել է մոտ 131 հազ. ԱՄՆ դոլար եւ գնվել 464 հազ. եվրոՙ համապատասխանաբար 523.37 եւ 620.40 դրամ փոխարժեքներով:
Միջբանկային շուկայում գործառնությունների համախառն ծավալը կազմել է 87 մլն ԱՄՆ դոլար, որից 44 մլն ԱՄՆ դոլարի առք եւ 43 մլն ԱՄՆ դոլարի վաճառքՙ համապատասխանաբար 517.18 եւ 519.04 դրամ միջին կշռված փոխարժեքներով:
Նշված ժամանակահատվածում արտարժույթի շուկայում ձեւավորված ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեքավորվել է 0.29%-ովՙ 518.34 դրամից մեկ ԱՄՆ դոլարի դիմաց հասնելով մինչեւ 516.84 դրամի:
ՊՊ առաջնային շուկա Տեղի է ունեցել ՊՊ-երի 2 թողարկում, տեղաբաշխվել են 48 եւ 60-ամսյա պարտատոմսերՙ 3 մլրդ 500 մլն դրամ ընդհանուր ծավալով: Առաջին շաբաթվա ընթացքում թողարկվել է 48-ամսյա պարտատոմսՙ 1 մլրդ 500 մլն դրամ ծավալով, որի նկատմամբ պահանջարկը կազմել է 3 մլրդ 913 մլն դրամ (260.88%)ՙ արդյունքում ձեւավորելով 7.6288% միջին կշռված եկամտաբերություն: Երկրորդ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 60-ամսյա պարտատոմս, որի նկատմամբ պահանջարկը կազմել է 3 մլրդ 997 մլն դրամ (199.85%) եւ ձեւավորվել 7.4028% եկամտաբերություն:
ՊՊ երկրորդային շուկա Իրականացվել է 1 մլրդ 517 մլն դրամի գործարքՙ 7.62% միջին կշռված եկամտաբերությամբ: Առաջին շաբաթվա ընթացքում իրականացվել է 1 մլրդ 57 մլն դրամի գործարքՙ 7.69%-ով, երկրորդ շաբաթվա ընթացքումՙ 460 մլն դրամի գործարքՙ 7.46%-ով:
Միջբանկային ռեպո գործառնություններ Միջբանկային շուկայում իրականացված ռեպո գործառնությունների ծավալը կազմել է 2 մլրդ 296 մլն դրամՙ 4.41% միջին կշռված տոկոսադրույքով: Առաջին շաբաթվա ընթացքում իրականացվել է 1 մլրդ 197 մլն դրամ ծավալով ռեպո գործարքՙ 4.20%-ով, երկրորդ շաբաթվա ընթացքումՙ 1 մլրդ 99 մլն դրամ ծավալով գործարքՙ 4.64%-ով:
Հաջորդ երկշաբաթյա ժամանակահատվածի ծրագրավորում Օգոստոսի 20-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում փողի բազայի միջին ցուցանիշը կկազմի 114 մլրդ 352 մլն դրամ:
Ըստ ծրագրավորման, կիրականացվի 495 մլն դրամի արտաքին պարտքի տոկոսագումարի վճարում, 317 մլն դրամի արտաքին պարտքի մարում, ինչպես նաեւ 345 մլն դրամի անդամակցության գումարի վճարում: Նախատեսվում է նաեւ այլ ակտիվների աճՙ 25 մլն դրամով: Վերոհիշյալ հոսքերը կհանգեցնեն ԶԱԱ-ի ցուցանիշի 1 մլրդ 132 մլն դրամի նվազմանը:
Կառավարության զուտ պարտավորությունների ցուցանիշը, ըստ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության բյուջետային հարցերի հանձնաժողովի տվյալների, կաճի 4 մլրդ 720 մլն դրամովՙ պայմանավորված Կենտրոնական գանձապետարանի միասնական հաշվի մնացորդի համանման գումարի ծախսմամբ: Բանկերի պարտավորությունները կաճեն 1 մլրդ 36 մլն դրամով: Ծրագրավորվել է իրականացնել իրացվելիություն ներարկող գործիք: 25 մլն դրամով կնվազեն նաեւ զուտ այլ ակտիվները: Վերոհիշյալ փոփոխությունները կհանգեցնեն ԶՆԱ-ի 5 մլրդ 731 մլն դրամի աճի:
Հաշվի առնելով մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաեւ ֆինանսական շուկաներում առկա միտումներըՙ ԿԲ խորհուրդը որոշեց ռեպո համաձայնագրերի տոկոսադրույքը իջեցնել մեկ տոկոսովՙ սահմանելով 4%, լոմբարդային վարկերի տոկոսադրույքը իջեցնել չորս տոկոսովՙ սահմանելով 16%, իսկ բանկերից ներգրավված ավանդների տոկոսադրույքը թողնել անփոփոխՙ 1%:
ՀՀ ԿԲ մամուլի ծառայություն