«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#155, 2004-09-07 | #156, 2004-09-08 | #157, 2004-09-09


ՄԻՋՆԱԴԱՐԻ ՊԱՐՍԻԿ ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԸՙ ՀԱՅԵՐԵՆ

20-րդ դարասկզբին հայ ամենազգայուն քնարերգունՙ Վահան Տերյանը, գրում էր. «Բյուր մարդոց մեջ, պաղ մարդոց մեջ/ Որպես/ Տրտում/ Անապատում/ Մենակությո՜ւն, մենակությո՜ւն/»:

21-րդ դարի մարդը տեղեկատվահոսքի գերհագեցվածությամբ, նյութի բավիղներում խճճված այսօր էլ ճշմարտությունը գտնելու անհուսության մեջ էՙ իր ի սկզբանե ողբերգական երկփեղկվածության դատապարտվածությամբ: Ու մենակ է իրեն զգում: Այս մտորումը ծագեց, երբ թերթատում էի «Մուղնի» հրատարակչության (2004 թ.) լույս ընծայած «Պարսից պոեզիայի ընտրանի» ժողովածուն, որը բովանդակում է միջնադարի, մասնավորապես սուֆիստական ուղղությանը հարող պարսիկ բանաստեղծներՙ Ջալալ ադ Դին Ռումի, Հաֆեզի, Բաբա Թահերի, Ջամիի ստեղծագործությունների մի փունջ: Արեւելյան փիլիսոփայությանը բնորոշ պարսկական միջնադարի բանաստեղծական մթնոլորտը շատ էլ չի տարբերվում այսօրվա մարդու հոգեբանական երկվությունների մթնոլորտից: Միջնադարի ասկետիզմն ու ճգնակեցությունը մարդկային կամքը կոփելու այն ժամանակաշրջանն էր, երբ մարդու հոգին ձգտում էր համատիեզերական սիրուն:

Գրքի գլխավոր արժանիքներից մեկն այս շրջանի պարսկական մշակույթի, մասնավորապես կրոնափիլիսոփայական հիմնական ուղղությանՙ սուֆիզմի եւ ժամանակի հոգեւոր մթնոլորտի վերլուծությունն է, որը զետեղված է առաջաբանում եւ ծանոթագրությունների բաժնում, ինչը նյութի լավատեղյակությամբ, լեզվական բարձր կուլտուրայով կատարել է բանասիրական գիտությունների դոկտոր Արմանուշ Կոզմոյանը, պարսկերենից տողացի թարգմանությունը նույնպես պատկանում է իր գրչին, իսկ գեղարվեստական թարգմանությունը կատարել է Սիլվա Կապուտիկյանը:

Պարսկական միջնադարյան բանաստեղծության խորքային ներքին շերտերն ավելի լավ ըմբռնելուն նպաստում է ժողովածուի առաջաբանումՙ իսլամական միստիցիզմիՙ սուֆիզմի առանձնահատկությունների մասին հեղինակի մեկնաբանությունները, որտեղ ցույց են տրված սուֆիստական ըմբռնումների գեղարվեստական անմիջական ազդեցությունները կոնկրետ բանաստեղծությունների վրա: Աշխարհիկ զգայությունների ու նկարագրությունների ֆոնին խորհրդանշական լեզվի եւ պատկերների միջոցով սակայն ընթերցողին հայտնի է դառնում սուֆիստական պոեզիայի այլախոհությունըՙ ներքին ենթաշերտերով (ուղղափառ իսլամի դրույթներին ներհակ): Ներկայացված գրեթե բոլոր ստեղծագործությունների հյուսվածքը սուֆիզմի գաղափարախոսությունն է, համաձայն որիՙ ողջ տիեզերքը, աշխարհն իր բազմակերպությամբ, կենսաձեւերով, Աստծո արտահեղման հետեւանք է, եւ իր ճշմարիտ սկզբնավիճակից (աստվածայինից) հեռացած մարդը, խաթարված ու անբավարար հոգեապրումներով: «Անէության աշխարհից գոյության կողմը եկա/ Օտարական մի անցորդՙ այս կյանքի հողմը ընկա/ Ասին, Ջամի, ի՞նչ կուզես այս կողմերում, ասացի/ Անէություն ... ուր իսպառ գոյության հետքը չկա»: Սուֆիստական մտածողությամբՙ մարդու իդեալը կապված է տիեզերական սիրո հետ եւ մաքրագործման, կատարելագործման ուղին (նյութից ու մարմնից ձերբազատվելով) անցնելու նրա ձգտումը ուղղված է մարդու բարձրագույն նպատակինՙ Աստվածային էությանը միաձուլվելուն:

Ավելի ուշ շրջանին բնորոշ աշխարհիկի ու միստիկականի, ազատախոհության եւ խոնարհության, իրականի եւ այլաբանականի երկփեղկվածության դրսեւորումները լավագույն արտահայտությունն են գտել Հաֆեզի բանաստեղծություններում: «Սիրտսՙ սիրո խռովքի մեջՙ հոգուս էլ չի ծառայում/Քեզնից հեռուՙ ինքս ինձ հետ էլ հաշտություն չի լինում»: Արմանուշ Կոզմոյանը հանգամանալի անդրադարձել է պարսկական պոեզիա նրա բերած նորություններին, ավանդական ձեւերի ու թեմաների խախտումներին, գեղարվեստական պատկերներին ու լեզվին:

Այս ընդհանուր ակնարկը պարսկական միջնադարյան պոեզիան ներկայացնելու անհավակնոտ փորձով, կարծում ենք, կունենա ավելի մասնագիտական եւ հանգամանալի շարունակություն, եթե արժանանա մեր պարսկագետների ուշադրությանը:

Նշենք նաեւ, որ գիրքը տպագրվել է արեւելագիտության ինստիտուտի գիտխորհրդի որոշմամբ, Անահիտ եւ Հերոս Քաջբերունիների մեկենասությամբ:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4