«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#155, 2004-09-07 | #156, 2004-09-08 | #157, 2004-09-09


ՇՆՈՐՀԱԼԻՆԵՐԻ «ԻԶԱԲԵԼ» ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Բազմաթիվ պատվոգրեր ու դիպլոմներ, տասնյակ տեսաժապավեններ եւ թերթերի մի մեծ կապոցՙ խրախուսիչ հոդվածներով: Սակայն շնորհալիների «Իզաբել» կենտրոնի հիմնադիր տնօրեն Մարիետա Ավագյանը լավագույն պարգեւը համարում է սաների հաջողությունը: Շնորհալիների «Իզաբել» կենտրոնը 10 տարեկան է: Այս տարիների ընթացքում կենտրոնը կազմակերպել է 170 բարեգործական համերգ, 7 հանրապետական փառատոն-մրցույթ, որին մասնակցել են 5000-ից ավելի 10-20 տարեկան շնորհալիներ: Կենտրոնի սան է դարձել 500-ից ավելի երեխա:

- Կենտրոնի առաջնային նպատակն է հայտնաբերել շնորհալի երեխաների եւ նրանց համար կազմակերպել համերգներ, հյուրախաղեր: Այդ նպատակով կազմակերպում ենք փառատոն-մրցույթներ, ժյուրիի կազմում են Վանուշ Խանամիրյանը, Վարդան Աճեմյանը, Արզաս Ոսկանյանը, Դավիթ Զալյանը, Երվանդ Երզնկյանը, Ռոզա Թանդիլյանը: 10 տարվա ընթացքում կենտրոնը դարձել է տաղանդավոր երեխաների յուրատեսակ հավաքատեղի,- նշում է Մարիետա Ավագյանը:

Կենտրոնի սաները հյուրախաղերով հանդես են եկել 10 երկրներում, այդ թվումՙ Հունաստանում, Եգիպտոսում, Կիպրոսում եւ Չինաստանում, ուր հուլիսի 28-ից օգոստոսի 4-ը մասնակցել են միջազգային փառատոնի: «Տյանձին-2004» մանկական արվեստի միջազգային փառատոնին մասնակցում էր 67 երկիր: Յուրաքանչյուր պետության պատվիրակությունը բաղկացած էր 70 մասնակցից, մինչդեռ հայերից մասնակցում էր «Իզաբել» կենտրոնի 6 ներկայացուցիչ:

- Մենք ընկճված էինք մասնակից երկրների բազմամարդ պատվիրակությունների կողքին: Փառատոնի նախօրեին բոլոր երկրները 20 րոպեի ընթացքում ներկայացնում էին իրենց ծրագիրը: Երբ ելույթ ունեցավ մեր կենտրոնի սան, 10-ամյա Նարեկ Վարդանյանը, 67 երկրի մասնակիցները ոգեւորված ծափահարեցին: Մենք ելույթ ունեցանք 7 համերգասրահում եւ միակ երկիրն էինք, որ մասնակցեցինք թե՛ բացման, թե՛ փակման արարողությանը,- պատմում է Մարիետա Ավագյանը:

Չինաստանից «Իզաբել» կենտրոնի սաները վերադարձան ոչ միայն վառ տպավորություններով, այլեւ մրցանակներով: Շնորհալիների «Իզաբել» կենտրոնը պարգեւատրվեց «Լավագույն մասնակցության համար» մրցանակով եւ հրավիրվել է մասնակցելու հաջորդ փառատոնին: Այդ մրցանակին արժանացել է ընդամենը 10 երկիր: Այժմ Մարիետա Ավագյանը զբաղված է կենտրոնի 10-ամյակին նվիրված գալա համերգի կազմակերպչական աշխատանքներով: Համերգին մասնակցելու են կենտրոնի լավագույն սաները, այն դառնալու է 10 տարիների աշխատանքի յուրատեսակ հանրագումար:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4