Ոչ միայն ազգային միասնական գաղափար, այլեւ ազգային միասնական տարածք հասկացություններն իրողություն չեն մեր հասարակության համար: Դրանից շատ հեռու են ե՛ւ քաղաքական գզվռտոցների մեջ էականը մոռացած կուսակցությունները, ե՛ւ սոցիալական կարիքներից գլուխը կորցրած բնակչությունը: Համոզվելու համար բավական է մեկ անգամ լինել Ղարաբաղի ազատագրված տարածքներում:
Ասկերան մտնելուն պես հարյուրավոր կիլոմետրերով նույն պատկերն էՙ հիմնահատակ ավերված տներ ու շենքեր, ուր մարդ-մարդասանք չկա: Ստեպ-ստեպ միայն գետի ջրերում շոգից պատսպարվող կամ այգիներում նուռ ու թուզ վայելող ԼՂՀ պաշտպանական բանակի զինվորներ են հանդիպում:
Աղդամը, շատ ավելի մեծ, քան Ստեփանակերտը, երազում կամ գրքերում կարդացած մեռած քաղաքի կերպարն է կենդանացնում: Ժամանակին երեւի հարուստ քաղաք է եղել: Անզուսպ փարթամացած շքեղ այգիներում առատ է բերք ու բարիքը, թեեւ ոչ ոք չի խնամում: Մարդը չէ այդ զարմանալի առատության տերը, թռչունների ու կենդանիների կեր է դառնում:
Ֆիզուլին էլ ամայի է, նույն վիճակում, ինչ Աղդամը, քանդված գյուղեր, մութ խոռոչներով պատերազմից ի վեր լքված բնակարաններ, որ օձ ու կարիճների ավար են դարձել: Ճամփեզրերին ամենուր ցուցանակներ են հանդիպում` զգույշ, ականապատված է: Լայնածավալ դաշտերի բեղուն հողերում մարդկային կենդանության միակ նշանները ցորենի արտերն են: Հադրութից ու Մարտունիից գալիս են այստեղ, ցորեն աճեցնում, անմարդաբնակ վայրերում գողությունից ու բերքի կորստից վախենալու հարկ էլ չկա: «Միկա-լիմիթեդը» եւս տասնյակ հեկտարների վրա ցորեն է աճեցրել: Եվ սա, թերեւս ազատագրված տարածքների «իրացման» միակ արտահայտությունն է հայ գործարարների կողմից: Արարատյան դաշտավայրը մեզ համար գյուղատնտեսական արտադրության ամենամեծ շտեմարանն է: Ազատագրված շրջաններում հողը բեղուն է, ինչպես այնտեղ, տարածքը` մի քանի անգամ ավելի ընդգրկուն: Ինչպիսի հարստություն է իզուր կորչում բնությունից առատորեն օժտված այս վայրերում:
Ամայի գյուղերից մի քանիսն այս տարածքներում զոհված մարտիկների անունով են վերակոչվել` Սամվելավան, Գուրգենավան, Հայկավան:
Զանգելանում հարյուրավոր հեկտարներով ձգվում են չոր ու ածխացած որթատունկերով խաղողի այգիները: Ժամանակին Աղդամի հանրահայտ պորտվեյնի հումքն այս այգիներն էին մատակարարում:
Նույն տեսարանները շարունակվում են Կուբաթլիում: Լեռների վրա նստած այս քաղաքն առանձնանում է նաեւ գեղատեսիլ դիրքով, նույնիսկ ավերակների մեջ արտառոց գեղեցիկ է` երեւի միայն այս ավերակին հատուկ տարօրինակ գրավչությամբ: Մերձարեւադարձին բնորոշ կիպարիսն ու արմավենին լրացնում են տարաշխարհիկ տեսարանը: Տուրիստական ինչպիսի հանգրվան կարող էր դառնալ:
Աղդամում, 2 պատը մնացած մի տան կենտրոնում խնձորենի է աճել ու բերք տվել: Ազատագրված տարածքներում, այնուամենայնիվ, մարդկային ներկայության ակնկալիքով լի, սպասողական լռություն է:
Քարվաճառում վերաբնակները ճամպրուկային տրամադրության մեջ են
Լքված շրջանների մի մասում, հատկապես այնտեղ, ուր ժամանակին հայ բնակչությունը գերակշռել է, հանդիպեցի Հայաստանից ու Արցախից այս գյուղերում հիմնավորվել փորձող վերաբնակների: Սփյուռքի ու Հայաստանի մեծահարուստների ֆինանսական ներուժն օգտագործելով` «Երկիր» հասարակական կազմակերպությունը ճիգեր է անում ամրացնելու այդ մարդկանց այս հողերում: Նրանց մի մասն իսկապես հարմարվել է, մյուս մասը ճամպրուկային տրամադրության մեջ է:
Նոր Գետաշեն գյուղի բնակչուհի Աիդա Սարգսյանը երեք երեխաների ու ամուսնու հետ 2002 թ. դեկտեմբերին Արմավիրից եկել է նախկին Քարվաճառի, այժմ Նոր Շահումյան շրջանի այս գյուղը: Ուսուցչուհի է, հեռուստատեսությամբ լսել է, որ Արցախում վերաբնակվող ուսուցիչների աշխատավարձը կրկնակի է լինելու, եկել է, հետո պարզվել է, որ տարբերությունն աննշան է: Դա էլ ոչինչ է, եթե հաշվի առնենք, որ սակավ հանդիպող խանութներում մթերքը գրեթե կրկնակի գներով է վաճառվում: Գումարած ամենին, աշխատավարձերը կանոնավոր պարբերականությամբ Ստեփանակերտից գյուղեր են հասնում 500-1200 դրամ պակաս:
7 գլուխ անասունով եւ ուսուցչի համեստ աշխատավարձով չեն հասցնում ընտանիքի կարիքները բավարարել: Բայց սարսափելին դա չէ: 40-45 բնակչով գյուղը չունի ոչ խմելու, ոչ էլ ոռոգման ջրագծեր: Ով ինչպես կարողանում, ջուր է հայթայթում: Ոմանք գետի ջուրն են օգտագործում, ոմանք բակում ջրհոր են փորել: Շրջակա գյուղերից կիլոմետրերով հեռու գյուղը պոլիկլինիկա չունի, հեռախոսի մասին չեն էլ մտածում: Ուսուցչուհին մատնացույց է անում մեկ այլ հիմնախնդիր եւս, որ տարրական ենթակառուցվածքներից զուրկ գյուղերի համար ճոխություն կլիներ` անասնաբուժական կայանի բացակայությունը: «Եթե մարդը գիտակցաբար ձեռք չի քաշել իրենից ու ընտանիքից, իր իրավունքն է պահանջել, որ հիմնականում անասնապահությամբ ապրող շրջանի գյուղերը գոնե մեկ անասնաբույժ ունենան»: Ինքը նման «տարօրինակ» պահանջի համար խիստ նկատողության է արժանացել: Կենդանիների պետպատվերային պատվաստումները ժամանակին չեն արվում կամ ընդհանրապես չեն իրականացվում: Եթե անասունը հիվանդացել է, որեւէ հնարավորություն չկա պատճառը պարզելու: Անցած տարի իրենց 2 կովերը սատկեցին: Վարկի միջոցով գնված անասունի փոխարեն որեւէ փոխհատուցում չստացան, որովհետեւ պայմանագրում այդպիսի կետ չէր էլ նախատեսվել: «Եթե հնարավորություն լիներ, անմիջապես կտեղափոխվեի այս գյուղից», ասում է Աիդա Սարգսյանը:
Ռուզաննա Սարգսյանը Նոր Ղարաչինար գյուղի վերաբնակներից է, 3 տարի առաջ է այստեղ եկել: Գալուց ի վեր գյուղն էլեկտրականություն չի ունեցել, 8-րդ դասարանի տղան առ այսօր լամպի լույսով է դասերը պատրաստում: Իր անձնական գրքերով գյուղում գրադարան է հիմնել, գրադարանավար է, բայց ստացած 9 հզ. դրամը դպրոցական տղայի հոգսերին չի հերիքում: Էլի մտադիր է Հայաստան վերադառնալ. «Երեւի այնտեղ մի բան անել հնարավոր կլինի»:
Նաիրա Սարուխանյանը նույնպես ուսուցչուհի է, Երեւանից, եւ նույնպես հիասթափություն է հայտնում ժամանակին միգրացիայի վարչության ավետած կրկնակի աշխատավարձի խոստումների վերաբերյալ: Չորրորդ տարին է այստեղ: Բողոքում է հատկապես տրանսպորտի բացակայությունից: Սնունդ ու հագուստ գնելու համար ստիպված են ամեն անգամ մեկնել Վարդենիս, եւ ամեն անգամ` ապավինելով պատահական մեքենաների: Սրանց վարորդներն էլ, օգտվելով առիթից, անխղճորեն մի քանի կիլոմետրի համար 2-3 հզ. դրամ փող են ուզում: «Անխոս կվերադառնամ եթե հնար լինի, նույնիսկ վերադառնալու միջոցներ չունեմ», կրկնում է նա իմ նախորդ զրուցակիցների ասածը:
Արմեն Հակոբյանը հրազդանցի է, պատերազմի մասնակից ու երկրորդ կարգի հաշմանդամ: 3 երեխաների ու կնոջ հետ ընդամենը 20 օր առաջ է վերաբնակվել Խարխափուկ գյուղում: Գյուղը խանութ չունի, 10 կմ հեռու գտնվող Եղեգնուտից են մթերք գնում: Եղել է այնպես, որ ոտքով է գնացել 40 կմ հեռու շրջկենտրոն` Քելբաջար, հնար չի եղել վերադարձի, գիշերել է «պատերի տակ»: Չնայած դժվարություններին, հակառակ մյուսների, գոհ է իր վիճակիցՙ Քնարավանում կառուցվող բնակելի տներում ներկարար է աշխատում: «Պիտի ձգտենք, որ լավ լինի, հույսդ քո վրա պիտի դնես», կռված մարտիկի արժանապատվություն է արտահայտում նա:
Ղարաբաղի «օդ ու ջրից գոհ է» նաեւ Եղեգնուտում ապրող Անահիտ Խաչատրյանը: Սկզբում Լաչին, հետո այս գյուղն են տեղափոխվել արդեն 7 տարի: 6 երեխաներից 4-ը Ղարաբաղում են ծնվել: Ամուսինը շինարարությունում աշխատանք ունի: «Իսկ եթե աշխատանք կա, ամեն ինչ էլ կարելի է հաղթահարել»: Նույն համոզման են նաեւ մյուսները:
Իսկ առայժմ վերաբնակների միակ «մխիթարությունը» անտառներից հավաքած ընկույզն է, տանձը, հոնն ու թութը, չոր ցախն ու փայտը, որ ջերմացնում են ձմեռվա անլույս ու ցուրտ գիշերները:
Դժգոհում են նաեւ միգրացիայի վարչությունից. «Երկու տարի այստեղ եմ, բայց մի անգամ չեմ տեսել, որ որեւէ մեկը կառավարությունից կամ միգրացիայի վարչությունից գա մեկի տուն ու հետաքրքրվի նրա կենցաղով»:
Արցախյան պատերազմը ցավալիորեն նաեւ ամբարիշտության սերմեր գցեց հայկական 2 պետությունների բնակիչների միջեւ: Աիդա Սարգսյանը զգուշորեն ակնարկում է Հայաստանից եկածի ու արցախցի փախստական վերաբնակի միջեւ խտրականության մասին: Հայաստանցուն ոչ միայն չեն քաջալերում, այլեւ, օրինակ, արգելում են տեղական ընտրություններում թեկնածություն առաջադրել:
Երբ վերաբնակեցման ընթացքի մասին հարցրի նաեւ Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանի կարծիքը, նա հաստատեց տխուր տպավորությունը. «Որեւէ դրական, հուսադրող բան չեմ տեսնում, խոսքն ավելի շատ է, քան գործը: Վերաբնակեցումն աններելի դանդաղ է ընթանում: Ողջ պատասխանատվությամբ ասում եմ, որ գյուղեր կան, բայց վերաբնակեցումը սոսկ գաղափար է մնում: Նման ընթացքով կարելի է դարեր սպասել»:
Քաշաթաղում անցած տարի նույնիսկ ուսուցիչների զանգվածային վերադարձ արձանագրվեց, լսել էին, որ Հայաստանում իրենց աշխատավարձերը բարձրացնելու են:
Կյանքը չի կայանում ազատագրված տարածքներում:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ