Հանդիպում Արտո Չաքմաքչյանի հետ
Արտո Չաքմաքչյանի հետ առաջին իսկ հանդիպումից ազնիվ արվեստագետի ու մարդու նրա էությունը վարակում է դիմացինին: Հիշեցի Լեւոն Ներսիսյանին, երբ մի օր դասախոսություններից մեկի ժամանակ ասաց. «Կարող եք դավաճանել կնոջը, տղամարդուն, նույնիսկ հայրենիքը, բայց ինքներդ ձեզ չդավաճանեք»: Բարդ մի ճանապարհ, որ մարդն ընտրում է կամավոր, գիտակցորեն, որովհետեւ այստեղ նախեւառաջ ինքնաճանաչման խնդիրն է դրված: Մի բան, որ արվեստագետի համար հատկապես պարտադիր պայման է, վիճակ: Այդպիսիները սովորաբար չեն ներվում, կամ առնվազն չեն ընդունվում, եւ «չներվելու» այդ պայքարում հաճախ պարտվում են (ժամանակավոր սակայն): Նրանց կողքին գտնվող սակավաթիվ համախոհ-համակիրները գրեթե նույն ճակատագիրն են ունենում, որովհետեւ նկարագիր, վերաբերմունք ու չճկվող կեցվածք ունեն:
Այսպիսի մաքառումներով մի ճանապարհ է անցել արձանագործ Արտո Չաքմաքչյանը: Առանց կեղծ ընդվզումների, կեցվածքի, առանց խոսքի, իր լուռ պատասխանը, իր դիմադրությունն այսօր իր ստեղծագործությունն էՙ մտածողության այնպիսի խորը շերտերով, որոնք բոլորովին նոր բովանդակություն ու նոր արտահայտչաձեւեր են հաղորդել հայ արձանագործությանը: Արտաքին թվացյալ համակերպության տակ թաքնված ներքին պայքարը, ճիգը, նյարդի պրկումը, ստեղծագործ երեւակայությունը եղել են այդ ճանապարհի իր ուղեկիցները:
Կյանքը հեշտ չէ. այդպիսին եղել են արվեստագետի հայաստանյան տարիները, այդպիսին են դրսիններըՙ ստեղծագործական առումներով: (Այնուամենայնիվ, դիմադարձելին ամենուրեք ազատ մտքի, հատկապես ընդգծված անհատական դրսեւորումներն են մնում: Մարդիկ չեն ներում, երբ նման չես իրենց): Հայաստանում իր նկատմամբ սկսված պրոֆեսիոնալ հարձակումներից ելքը հեռանալու մեջ է նա տեսնում: Եվ հեռանում է, որպեսզի կարողանա պահպանել այն լիցքը, էներգիան, սերը, մտածելու կերպը, որ կրում է իր մեջ, որովհետեւ համոզված է, թե արդիականությունը մտածելակերպ է: Դրանց արդյունքն իր արձաններն ենՙ դրված աշխարհի շատ քաղաքների հեղինակավոր վայրերում: Երբ այս օրերին անվանի հայ արձանագործը Երեւանում էր, իր շուրջն իրական արժեք եւ իրական մարդուն գնահատողներն էին դարձյալ: Զանազան կոչումներ ու մրցանակներ չփնտրող արվեստագետի համար փնտրելին անկեղծ վիճակներն ու մարդկային հոգու ջերմությունն էր: Եվ այդպիսի մի օր նրան պարգեւեց հուլիսի 3-ին Հայաստանի ազգային գրադարանըՙ այսօր այնքան սովորական դարձած հանդիպումներից շատ տարբեր հանդիպման ժամանակ, որ զրույց էր իր հին բարեկամների հետ, զրույց հոգեւոր հարազատության, գնահատանքի, արժեւորման, նաեւ ափսոսանքի մթնոլորտում: Երկու օրինակ իր նորընծա ստվարածավալ պատկերագրքից այդ օրը Արտո Չաքմաքչյանը նվիրեց ազգային գրադարանին:
Արվեստաբան-գրականագետ Յուրի Խաչատրյանի պրոֆեսիոնալ աչքը անվրեպ տեսնում է իրական արվեստագետին: Իրեն բնորոշ փաստերի ժամանակագրության ճշգրիտ լեզվով նա հանգամանորեն վերլուծեց այն ժամանակն ու գործելաոճը, որում ստեղծագործել է Արտո Չաքմաքչյանը: Երբ 1962 թ. «Սովետական Հայաստան» ամսագրում տպագրվեց արվեստաբան Վիլհելմ Մաթեւոսյանի «Արտո Չաքմաքչյան» դիմանկար-հոդվածը, նույն թվականին Հռոմում լույս տեսնող «Realta Sovietica»-ն տպագրում է մեկ այլ հոդվածՙ անդրադառնալով նաեւ վերոհիշյալինՙ մեջբերելով ընդարձակ հատված, որում գնահատվում են «անցած փուլի տրորված ճանապարհով» չգնացող արձանագործի մտածողության եւ արտահայտչաձեւերի նոր դրսեւորումները, իսկ 1962 թ. Մոսկվայի նկարիչների միության ցուցասրահում (Մանեժում) կուսակցական գործիչների հետ տեղի ունեցած հանդիպումից հետո, երբ արվեստի մեջ ամեն տեսակ նորարարություն երկրի ղեկավարի կողմից դատապարտվեց, սկիզբ առավ պրոֆեսիոնալ հալածանքը թե՛ հոդվածագրի, թե արվեստագետի նկատմամբ: Ինչպես նշեց Յու. Խաչատրյանը, բարեբախտաբար միայն «ձախավեր» մարդիկ չէին «ստեղծում» ժամանակի իրականությունը (նրանց անունները հիշատակման արժանի իսկ չհամարեց): Համաշխարհային ճանաչում ունեցող ֆիզիկոս Արտեմ Ալիխանյանն այն քչերից էր, որ հրաշալի վերաբերմունք դրսեւորեց երիտասարդ արվեստագետի նկատմամբ:
Յուրի Խաչատրյանը զուտ պայմանական համարեց Արտո Չաքմաքչանի Հայաստանից հեռանալը, որովհետեւ Կանադայում նա ապրել է Հայաստանի զարկերակով, ժամանակակից արվեստի արտահայտչամիջոցների արտաքին հայեցողական ձեւերից գնալով խորքը, ընդարձակել է հայ արձանագործության սահմանները: Եվ երբեք չվիրավորված իր հայրենիքից ու ժողովրդից. մեր երկրի համար բեկումնային 1988 թ.-ին նա նամակ է հղում Հայաստան եւ առաջարկում իր ծառայությունը:
Յուրի Խաչատրյանը հիշեց ռուս նկարիչ Միխայիլ Շեմյակինին, որին Ռուսաստանից հեռանալուց տարիներ հետո, երբ խնդրում են մի քանի նկար վաճառել երկրին, զարմանում է, թե «Իմ ամբողջ ստեղծագործությունը պատկանում է Ռուսաստանին»: Այդպես է նաեւ Արտո Չաքմաքչյանի պարագայում:
Անցյալի եւ ցայսօր շարունակվող ոսկրացած դառնությունները կուլ չտալու (չհամակերպվելու) հանդգնությամբապրում են շատ քչերը: Օղակը սեղմվում ու օդը հեղձուցիչ է դառնում: «Արտո Չաքմաքչյանն իմ վաղ երիտասարդության մտերմագույն ընկերն է, մոտ մարդու մասին դժվար է խոսելը: Մենք մեղավոր ենք նրա առաջ. ի՞նչ է նշանակումՙ լքեցին հայրենիքը, մենք լքել տվեցինք: Մինչեւ հիմա աչքիս առաջ է նրա արվեստանոցի դռների առաջ ջարդուփշուր արված արձանը: Ահավոր ողբերգություն է, հիշում եմ, թե ինչպես արձանագործն իր փոքր չափերի արձանները տեղադրում էր բնության մեջ, ինքնախաբկանքի դաժանությունն ապրելով: Ինձ համար մեծ կորուստ է նրա հեռանալը, ափսոսում եմ, ամաչում եմ, որ այստեղՙ Հայաստանում Արտո Չաքմաքչյանը մինչեւ այսօր արձան չունի». վաղեմի մտերմությունից եկող հուշն ավելի զգայուն էր դարձրել Պերճ Զեյթունցյանին:
Արվեստաբան Ռուբեն Անգալադյանը ներկայացրեց Արտո Չաքմաքչյանի արվեստի նոր էսթետիկան, արձանագործություն բերած ինտելեկտուալիզմը, արվեստ ներարկած, գեղարվեստական մեծ կամքըՙ նոր ձեւերի զարգացումներով, որով սերունդներ դաստիարակվեցին իր արվեստի անմիջական ազդեցությամբ:
«Մտքի մաքառման այս կերպը մեծ մարդու մենաշնորհն է, եւ Արտո Չաքմաքչյանն այդ բեռը մինչ այժմ տանում է», արվեստաբան Սարո Սարուխանյանը հիշեց անցյալում նրա կրած ստեղծագործական դժվարությունները. «Կոմիտասը չընդունեցին, որովհետեւ իրենք չգիտեին ի՞նչ է Կոմիտասը, արտաքինն էին տեսնում, էությունը չգիտեին: Այս հողի վրա պետք է դրվեն ճշմարիտ գործեր. դրանք են մեզ սիրել տալու երկիրը, պետք է այստեղ դրվեն Արտո Չաքմաքչյանի արձանները, որտեղից սկսվել եւ ավարտվելու է ինքը իբրեւ մարդ, իսկ իր արվեստը հավերժորեն շարունակվելու է»: Ս. Սարուխանյանը հիշեց մի դեպք, երբ տարիներ առաջ մի անգլիացի արձանագործ թողնելով 28.000 ֆունտ ստեռլինգի պատվերը, եկել էր Հայաստանՙ մասնակցելու մի սիմպոզիումիՙ 500 դոլարանոց գործի համար, եւ հնչած տարակուսանքներին արձագանքել է այսպես. «Ես եկել եմ Արտո Չաքմաքչյանի հայրենիք»:
Արձանագործը կարճ խոսեց (իսկ հանդիպման ավարտից հետո ասաց, թե շատ գովեցին). «Ես հայրենիքս չեմ փոխել, փոխել եմ արվեստանոցս, իմ ստեղծագործություններս երեւակայությամբ զետեղել եմ մեր հողի վրա եւ վստահ եմ, որ մի օր կիրականանա»:
Որքան հասկացա, ինքը սիրում է անավարտությունը, կիսատը, շարունակության խորհուրդը նաեւ արվեստում: Սպասել է պետք այդ շարունակությանը, իրականության մեջ, Երեւանի փողոցներում:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ