Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), որը միշտ նպաստել է հայ մշակույթի պահպանմանը, Հայաստանի Հանրապետության անկախության ձեռքբերումից հետո հովանավորների եւ բարերարների աջակցությամբ սկսեց ավելի լայնորեն իրականացնել կրթական, մշակութային, կրոնական, մարդասիրական եւ սոցիալական ծրագրեր Հայաստանում եւ Արցախում:
Արձագանքելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության խնդրանքին, ՀԲԸՄ-ն համաձայնել է 2 տարի ժամկետով հովանավորել Արցախի կամերային նվագախմբին: Մեր զրույցի ժամանակ ՀԲԸՄ հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը նշեց, որ միությունը նվագախմբին տարեկան կտրամադրի 40 հազար դոլար, իսկ Արցախի կառավարությունըՙ 20 մլն 100 հազար դրամ: Նվագախումբը նախապես կգործի Ստեփանակերտի երաժշտական դպրոցումՙ որպես լարային նվագախումբ 19 երաժիշտներով: Իսկ հետագայում ընդարձակվելովՙ կներգրավի փողային եւ հարվածային գործիքների երաժիշտներ: 26 մարդուց բաղկացած կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը բազմավաստակ դիրիժոր Գեւորգ Մուրադյանն է:
«Նվագախմբի անդամներից 13-ը Երեւանից են, որոնց համար կստեղծվեն Արցախում ապրելու եւ ստեղծագործելու բավարար պայմաններ», ավելացրեց Աշոտ Ղազարյանը:
Կամերային նվագախմբին նոտաներով, հրապարակումներով եւ հնարավոր ամեն ինչով կօժանդակեն Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի կամերային եւ «Սերենադ» կամերային նվագախմբերը:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ