«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2004-09-08 | #157, 2004-09-09 | #158, 2004-09-10


ԴԵՎԻԴ ՀՈԹՍՆԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ «ԿԱՍԿԱԴԻ» ՀԱՅ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՀԵՏ

«Ջերարդ Գաֆեսճյան» թանգարանի ճարտարապետ ամերիկացի Դեւիդ Հոթսնի հետ հայ ճարտարապետների հանդիպումը, ինչպես տեղեկացրել էինք, նախատեսված էր երեքշաբթի երեկոյանՙ լրագրողների հետ հանդիպումից հետո, որի պատճառով մեր հրապարակումից դուրս էր մնացել թանգարանի նախագծի վերաբերյալ հայ ճարտարապետների կարծիքը: «Կասկադի» ճարտարապետներ Ջիմ Թորոսյանը, Սարգիս Գուրզադյանն ու Ասլան Մխիթարյանը թանգարանի նախագիծը Դեւիդ Հոթսնի հետ առանձին կքննարկեն այսօր: Մինչ նրանք անհրաժեշտ կհամարեն հրապարակել իրենց կարծիքները, զրուցեցինք ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի հետ: «Դեռ վաղ է ասել, որ Դեւիդ Հոթսնի նախագիծը վերջնական տարբերակն է, նա հավանաբար մատուցել է իր նախնական ըմբռնումներն ու Գաֆեսճյանի առաջադրանքները: Մենք հույս ունենք, որ «Կասկադի» հեղինակների հետ թանգարանի նախագծի հեղինակի կապը դրական արդյունք կտա, մանավանդ որ ամերիկյան մոտեցմամբ կարեւորվում են հասարակության իրազեկումը, դիտողությունների ու առաջարկների հետ հաշվի նստելը: Ամենայն հավանականությամբ նախագիծը կքննարկենք նաեւ մեր միությունում, ինչը, կարծում եմ, շահեկան կլինի այդպիսի կարեւոր գործի համար», ասաց նա:

«Ազգի» հարցինՙ ճարտարապետի աչքով դիտելիս թանգարանի նախագիծը ներդաշնա՞կ է «Կասկադի» ճարտարապետական ոճին, պրն Մինասյանը պատասխանեց, որ ներդաշնակության առումով նախնական 4 նախագծերից առավել գրավիչ էր ավստրիացի ճարտարապետ Քոփ Հիմելբլաուի նախագիծը, որով թանգարանի շենքը առանձին էր եւ թեքությամբ մոտենում էր «Կասկադին»:

Դեւիդ Հոթսնի հետ առաջին հանդիպումը բավականին տպավորիչ է եղել: Նա անկեղծորեն հայտնել է իր հիացմունքը «Կասկադի» ճարտարապետների վարպետ աշխատանքից, որի գծագիրը նրան արդեն իսկ ոգեւորել էր Մ. Նահանգներում: Թանգարանը նախագծելիս ամերիկացի ճարտարապետը մանրամասն ուսումնասիրել է կառույցի հետ կապված բնապահպանական եւ այլ խնդիրները, մեր ազգային խորհրդանիշները, մարդկային առանձնահատկությունները:

«Ճարտարապետ ընտրելիս Ջերարդ Գաֆեսճյանն իբրեւ մեծահարուստ մարդ առաջնորդվել է այն սկզբունքով, որ իր բացառիկ ապակե հավաքածուի թանգարանը պետք է կառուցվի արդի համաշխարհային լավագույն հեղինակ ճարտարապետներից մեկի նախագծով: Գաֆեսճյանը երբեւէ չի հայտարարել, որ Հայաստանում վարպետ ճարտարապետներ չկան, պարզապես նրա ցանկությունն ուրիշ է եղել», ասաց պրն Մինասյանը:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4