Հայաստանը զբոսաշրջության համար գրավիչ եւ ապահով երկիր է: 2001 թ. հիմնադրված Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության հիմնական նպատակը Հայաստանի նմանատիպ նկարագրի ձեւավորումն է եւ մեր երկրի ավանդույթների գովազդումն արտերկրում: 3 տարվա ընթացքում գործակալությունը մասնակցել է 12 զբոսաշրջային ցուցահանդեսի: Սեպտեմբերի 23-26-ը Հայաստանը կմասնակցի Ճապոնիայում կայանալիք ցուցահանդեսին, իսկ հոկտեմբերի 7-10-ըՙ Լիբանանում: Հայաստանը Լիբանանում ներկայանում է առաջին անգամ:
- Ցուցահանդեսներին մասնակցելը պետական քաղաքականության բաղկացուցիչ մասն է միայն,- նշում է Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության գործադիր տնօրենի տեղակալ Անժելա Սաքս-Ասլանյանը:
ՀՀ կառավարությունը զբոսաշրջությունը հայտարարել է տնտեսության գերակա ճյուղերից մեկը եւ այդ ոլորտում իրականացնում է մի շարք ծրագրային բարեփոխումներ: Կառավարությունը հաստատել եւ իրականացնում է «ՀՀ զբոսաշրջության զարգացման հայեցակարգը» եւ «ՀՀ զբոսաշրջության զարգացման պետական ծրագիրը», մշակել է «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» օրենքի նախագիծը: Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության տվյալների համաձայն, նախորդ տարի Հայաստան է այցելել 206.000 զբոսաշրջիկ, իսկ 2004 թ. հունվար-հունիս ամիսներինՙ 93,545:
- Միայն հուլիսին մեր գործակալության ծառայություններից օգտվել է 880 զբոսաշրջիկ նախորդ հուլիսի 447-ի փոխարեն: Եթե անցած տարիներին Հայաստան էին այցելում հիմնականում ԱՄՆ-ից եւ Ռուսաստանից, ապա այժմ աշխարհագրությունն ընդլայնվում է: Այցելում են Ավստրիայից, Արգենտինայից, Ֆրանսիայից, Ճապոնիայից,- ասում է Անժելա Սաքս-Ասլանյանը:
1998-2002 թ. կառուցվել է 17 հյուրանոց, ռեստորանային համակարգը համալրվել է 100-ից ավելի կենտրոններով: Զբոսաշրջային բիզնեսի մեջ ներգրավված են 100-ից ավելի մասնագիտացված ընկերություններ:
- Սպասարկման որակը, սակայն, բավականին ցածր է: Սա հատկապես վերաբերում է տաքսի ծառայություններին եւ ռեստորաններին: Փոքրաթիվ են մասնագետ մենեջերները: Պետք է փոխվի նաեւ մարդկանց վերաբերմունքն իրենց երկրի հանդեպ: Պատկերացրեք եվրոպացու զարմանքը, երբ դարերի պատմություն ունեցող եկեղեցիների բակում տեսնում է շշի կամ աղբի մնացորդներ, պատերինՙ անճոռնի գրություններ,- նշում է Անժելա Սաքս-Ասլանյանը:
Մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններում բացվել են հատուկ բաժիններ, ուր պատրաստում են մենեջերներ եւ էքսկուրսավարներ: Հայկական տուրիզմի ինստիտուտը գործում է 3 տարի, տարեցտարի նկատվում է դիմորդների աճ: Այսօր բուհում ուսանում է 160 մարդ:
- Ժամանակակից զբոսաշրջիկն այլեւս չի բավարարվում միայն պատմամշակութային հուշարձաններ այցելելով: Աճում է հետաքրքրությունը զբոսաշրջության այլ ուղղությունների, մասնավորապես էթնիկ, կրոնական, գյուղական եւ էկոտուրիզմի հանդեպ,- պարզում է գործակալության խորհրդատու Գոհար Միրզոյանը:
Զբոսաշրջության զարգացմանն այսօր մեծ ուշադրություն է դարձվում ողջ աշխարհում: Համաշխարհային համախառն արդյունքի 10 տոկոսը բաժին է ընկնում զբոսաշրջությանը: Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության կանխատեսումներովՙ զարգացման տեմպերը կշարունակվեն:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ