«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#157, 2004-09-09 | #158, 2004-09-10 | #159, 2004-09-11


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ 24 ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՀԱՐԳԵԼԻ ՀԱՄԱՐԵՑ

Փետրվարի 3-ին գնացել են ու չեն վերադարձել

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի երեկվա նիստը բուռն ընթացք ունեցավ: Եթե նկատի առնենք, որ այս երկուշաբթի մեկնարկելու է ԱԺ աշնանային նստաշրջանը, կարելի է ենթադրել, որ առաջին եռօրյաները նույնպես խաղաղ չեն ընթանա: Ինչպես վաղօրոք հայտնի էր, հանձնաժողովն այլ հարցերի հետ քննարկեց նաեւ «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունների պատգամավորների նախորդ նստաշրջանի բացակայությունները հարգելի կամ անհարգելի համարելու հարցը: «Արդարություն» խմբակցությունից նիստին ներկա էր, բայց քվեարկությանը չմասնակցեց խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը: «Ազգային միաբանությունը» ներկայացուցիչ չէր ուղարկել:

Ընդհանուր առմամբ «անպարտաճանաչ» պատգամավորները 26-ն են` վերը նշվածից բացի նաեւ «ԱՄ» խմբակցությունից դուրս գալուց հետո անկախացած Հմայակ Հովհաննիսյանը, Լեւոն Սարգսյանն ու Ալվարդ Պետրոսյանը: Վերջին 2-ի բացակայությունները (հաջորդաբար` 168 եւ 199) հանձնաժողովի նախագահը հակված էր հարգելի համարելու (քիչ անց քվեարկությամբ այդպես էլ որոշվեց), քանի որ բացակայությունների պատճառների վերաբերյալ «արժանահավատ »փաստաթղթեր են ներկայացրել: Հմայակ Հովհաննիսյանի հարցը որոշվեց քննարկել 2 խմբակցությունների հետ: Այս առթիվ պատգամավորը «սենտիմենտալ» (Վիկտոր Դալլաքյանի բնորոշումն է) գրություն էր առաքել հանձնաժողովին, խնդրելով իրեն էլ մյուսներին (ԱՄ) համարժեք «դատել»:

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը ներկայացրեց հիմքերը, որոնք հանձնաժողովին իրավունք են տվել այս հարցը օրակարգային դարձնելու: Անցած նստաշրջանի 292 քվեարկությունների կեսից ավելին բաց թողած այդ պատգամավորների բացակայությունների հարգելի կամ անհարգելի լինելու վերաբերյալ, համաձայն կանոնակարգի, հանձնաժողովը պարտավոր է կարծիք ներկայացնել ԱԺ-ին:

Ինչո՞ւմ են մեղանչել բոյկոտի դիմած պատգամավորները, քանի որ պատգամավորն, ի վերջո, բոյկոտի իրավունք ունի: Նստաշրջանի ավարտից հետո 30 օրվա ընթացքում նրանք պիտի հանձնաժողով ներկայացնեին համապատասխան փաստաթղթեր: Այդպես էլ արել են` իրենց բոյկոտը բացատրելով քաղաքական հայտնի դրդապատճառներով: Հարցն այն է, որ գործող կանոնակարգը (հեղինակն, ի դեպ, Վիկտոր Դալլաքյանն է), ամբողջությամբ չի կարգավորում քաղաքական բոյկոտ երեւույթը` նկատի առնելով միայն առանձին պատգամավորների բոյկոտի հավանականությունը, եւ ոչ թե միանգամից 2 խմբակցությունների: Ըստ այդմ, բոյկոտող անձը ԱԺ նիստում ամեն անգամ պարտավոր էր հայտարարել բոյկոտի մասին: 2 խմբակցությունների ներկայացուցիչները ԱԺ-ում այդ մասին հայտարարել են ընդամենը 1 անգամ:

Մյուս մեղադրանքն այն է, որ, ըստ Գալուստ Սահակյանի, պատգամավորներն առանձին-առանձին փաստաթղթեր չեն ներկայացրել հանձնաժողովին: Նրանք միասնական տեղեկանք են ուղարկել խմբակցության քարտուղարի անունից: Բայց, Գալուստ Սահակյանի մեկնաբանմամբ (նա գլխավոր մեղադրողի դերում էր), «Եթե ընդունենք, որ խմբակցության ղեկավարը կարող է ներկայացնել խմբակցության կարծիքը, ուրեմն պիտի ընդունենք նաեւ, որ կարող է քվեարկել խմբակցության մեջ մտնող բոլոր պատգամավորների փոխարեն»:

Հակառակ ճամբարից «մեղադրյալ» Վիկտոր Դալլաքյանը, որի վրա ընկած էր նաեւ իր զինակիցների դատապաշտպանի ծանր առաքելությունը, նախ ճշտում արեց, թե «ընդդիմությունը յալվար չի ընկել իր բացակայությունները հարգելի համարելու համար, եւ իրենք ընդամենը հանձնաժողով են ներկայացրել իրենց բացակայության պատճառը»: Հետո նա, մեջբերելով կանոնակարգային դրույթներ, հավաստիացրեց, որ «Արդարություն» խմբակցության քարտուղարը իրավունք ուներ խմբակցության պատգամավորների անունից համապատասխան տեղեկանք ուղարկելու պետաիրավական հանձնաժողովին: Այդ գրությունը, տեղեկանքը պետք է ընդունել հենց պատգամավորների անունից, եւ «իզուր հարցը չվիճարկել»:

Պատգամավորների բացակայությունները հարգելի կամ անհարգելի համարելու քվեարկությունից առաջ Գալուստ Սահակյանը, այնուամենայնիվ, հորդորեց պատգամավորներին, թե «բարոյական չի լինի, որ պետաիրավական հանձնաժողովը օրենք խախտի»:

Կրքերը դարձյալ բորբոքվեցին հանձնաժողովի բացասական եզրահանգումից հետո: Վիկտոր Դալլաքյանը պահանջեց մանրամասն ներկայացնել քվեարկության մանրամասները, ովքեր են բացակայություններն անհարգելի համարելուն կողմ քվեարկածները: Նրանց անունները չտրվեցին: Քվեարկության արդյունքները հանձնաժողովի նախագահի հապճեպ տեղեկատվությամբ հետեւյալն էր` 10 կողմ (ՀՀԿ-ի եւ դաշնակցության պատգամավորները), 1 դեմ (Հակոբ Հակոբյանՙ Էջմիածին), 3 ձեռնպահ (ՕԵ): Հանձնաժողովի 27 պատգամավորներից քվեարկությանը եւ նիստին մասնակցում էին 15-ը: Անհարգելի բացակայածների մեծ դատաստանը` մանդատներից զրկել-չզրկելու վերաբերյալ (յուրաքանչյուր պատգամավորի դեպքում առանձին-առանձին` փակ, գաղտնի քվեարկությամբ), կլինի ԱԺ նստաշրջանի առաջիկա եռօրյայում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4