Ոչ հեղինակային իրավունքը հաշվի առնող կա, ոչ էլ հասարակական կարծիքը
Ճարտարապետներ Հրաչիկ Պողոսյանի, Սպարտակ Խաչիկյանի եւ Արթուր Թարխանյանի նախագծով 1976 թվականին Երեւանում կառուցված երիտասարդական պալատի սեփականատեր, «Ավանգարդ մոտորս» ընկերության նախագահ Էդվարդ Ավետիսյանը սկսել է քանդել այդ կառույցըՙ տեղում «աշխարհի 8-րդ հրաշալիք» կառուցելու «փայլուն» գաղափարով: Այսպես մեր քաղաքում կքանդվեն ճարտարապետական ու մշակութային արժեք ներկայացնող բոլոր այն շենքերը, որոնք Հայաստանի կառավարությունը կորոշի նվիրել կամ վաճառել եւ բնավ չի բացառվում, որ երիտասարդական պալատից հետո մի օր էլ հերթը կհասնի օպերայի շենքին կամ, ասենք, Հանրապետության հրապարակին, որովհետեւ կառավարության գործը տվյալ դեպքում նվիրելն ու վաճառելն է, իսկ մնացածիՙ հեղինակային իրավունքի, հասարակական կարծիքի եւ այլնի հետ նա այլեւս գործ չունի: Այդ հարցերով զբաղվողներըՙ քաղաքապետարանն ու քաղաքաշինության նախարարությունն, ըստ էության, սեփականատերերի վրա որեւէ ազդեցություն չունեն, դրա ամենաթարմ օրինակը երիտասարդական պալատի սեփականատիրոջ ինքնագլուխ նախաձեռնությունն է:
Հայաստանի ճարտարապետների միության ու «Հայնախագիծ» ինստիտուտի նախաձեռնությամբ երեկ լրագրողները հանդիպեցին երիտասարդական պալատի ճարտարապետների հետ: Անշուշտ, հրավիրվել էին նաեւ ներկայացուցիչներ քաղաքապետարանից եւ քաղաքաշինության նախարարությունից, սակայն վերջիններս տարբեր պատճառաբանություններով չէին ներկայացել, իսկ սեփականատերը, պարզվեց, Մոսկվայում է: Վերջինիս հետ ճարտարապետները սկզբնապես որեւէ խնդիր չունեին, քանի որ համաձայնության էին եկել շենքի արտաքին տեսքը պահելու եւ զուտ ներքին փոփոխություններ կատարելու վերաբերյալՙ կառուցվելիք հյուրանոցը արդի միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով: Իրենց ներկայացրած բոլոր պահանջները հաշվի առնելով հեղինակներն արդեն ավարտել էին նախագիծը, երբ ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ, որովհետեւ սեփականատերը հանկարծ որոշեց շենքը հիմնովին քանդել եւ տեղում կառուցել իր երազած բարձր ու մեծ «հրաշալիքը»ՙ երիտասարդական պալատի տեսքից միանգամայն տարբեր: Ճարտարապետների վրդովմունքին արժանանալով, նա նոր նախագծի մրցույթ է հայտարարումՙ միաժամանակ սկսելով քանդման աշխատանքները:
Այս ամբողջ պատմությունը ներկայացնելիս հեղինակները միաբերան ընդգծում էին, որ նման երեւույթներն իրենց իրավական ու բարոյական կողմերով անընդունելի են եւ խիստ վտանգավոր մեր հասարակության համար, քանի որ դուրս են բոլոր չափանիշներից: Սպարտակ Խաչիկյանը նշեց, որ այդ մոտեցմամբ քանդվում է նաեւ «Դվին» հյուրանոցը, որի տեղում սեփականատերերն էլիտար շենքեր են կառուցելու: Նա հիշեցրեց, որ քանդման վտանգի տակ էր նաեւ «Զվարթնոց» օդանավակայանը, սակայն հաջողվեց փրկել միմիայն դատարանի միջամտությամբ: «Այդպիսի դեպքեր դեռ էլի կլինեն, քանի դեռ չի գիտակցվում, որ այդ ձեւով ոչնչացվում է Երեւանի պատմությունը: Ամեն մի քաղաք նախեւառաջ ճանաչվում է իր ճարտարապետությամբ: Երիտասարդական պալատը խորհրդային տարիների առաջին նորաոճ ու համարձակ կառույցն էր ու դարձել էր Երեւանի խորհրդանիշը: Ի՞նչ իրավունքով է սեփականատերն այսօր քանդելու ինքնուրույն որոշում կայացնում», ասաց նա:
Պաշտպանության կարիք ունեն ոչ թե ճարտարապետները, այլ սեփականատերերի ճաշակի զոհ դարձած Երեւանը, որն օրավուր կորցնում է իր թամանյանական դիմագիծը: «Ձեր իրավունքները սահմանափակ են», երիտասարդական պալատի ճարտարապետներին ասել է սեփականատեր Ավետիսյանը, գուցե չիմանալով, որ հեղինակային իրենց իրավունքով նրանք դեռ 50 տարի շենքը վերականգնելու հայցով կարող են դատարան դիմել, ինչն առայժմ չեն շտապում անել, հասկանալով, որ առճակատումն ամենալավ լուծումը չէ:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ