Մեկ շաբաթից 3 հայ մասնագետներ կմեկնեն Անգլիաՙ տեղի լավագույն համալսարաններում սովորելու: Նրանք «Չիվնինգ» կրթաթոշակային ծրագրի հաղթողներն են, որ յուրաքանչյուր տարի անցկացվում է ողջ աշխարհում: Ծրագիրը Հայաստանում անցկացվում է արդեն 8 տարի, 60 հայ մասնագետներ հասցրել են կատարելագործվել այնպիսի խոշորագույն համալսարաններում, ինչպիսիք են Քեմբրիջը, Քինկստոնը, Մետրոպոլիտենը եւ Լոնդոնի համալսարանը: Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է ունենան բարձրագույն կրթություն եւ նվազագույն 2 տարվա աշխատանքային փորձ այն ոլորտում, որի մեջ նրանք ցանկություն ունեն մասնագիտանալու:
- Մասնագիտությամբ հոգեբան-սոցիալական աշխատող եմ: Մեծ Բրիտանիայում սովորելով ցանկություն ունեմ մասնագիտանալու հասարակական առողջության բնագավառում,- նշում է ծրագրի հաղթող Լիլիթ Պողոսյանը:
Ծրագիրը Հայաստանում իրագործվում է բրիտանական խորհրդի աջակցությամբ: Բրիտանական խորհրդի ծրագրի ղեկավար Անի Մուրադյանի հավաստմամբ, «Չիվնինգ» կրթաթոշակային ծրագրին մասնակցել է 135 դիմորդ, սակայն Անգլիա ուսանելու կմեկնեն լավագույն երեքը:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ