«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#157, 2004-09-09 | #158, 2004-09-10 | #159, 2004-09-11


ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՄՈՒՐԱՑԱՆԻ ԱՐՁԱՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

«Ազգ»-ում մենք արդեն անդրադարձել ենք Ստեփանակերտում 1981թ. տեղադրված Մուրացանի արձանը Շուշի տեղափոխելու կապակցությամբ դրա հեղինակիՙ քանդակագործ Ալբերտ Հարությունյանի բողոքին, որը նա արտահայտել է լրագրողների ներկայությամբ: Ըստ Ա. Հարությունյանի, դրանով իսկ ոտնահարվել է իր հեղինակային իրավունքը, որովհետեւ արձանը տեղափոխվել է առանց իր համաձայնության եւ համապատասխան մարմնի որոշման: Միեւնույն ժամանակ, արձանի պատվանդանից անհետացել են հղկված գրանիտե քարերըՙ խախտելով արձանի քանդակագործական ու ճարտարապետական տեսքը:

Ալբերտ Հարությունյանն այս առնչությամբ դիմում էր հղել ԼՂՀ գլխավոր դատախազություն: Ուսումնասիրելով նյութերը, ինչպես նաեւ նկատի ունենալով, որ նյութերում առկա են ԼՂՀ քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշները մատնանշող բավարար տվյալներ, ԼՂՀ գլխավոր դատախազությունում սեպտեմբերի 7-ին հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը վարում է դատախազության քննչական բաժինը:

Կ. Գ., Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4