Անցած շաբաթ օրըՙ սեպտեմբերի 11-ին, առավոտից բազմամարդ էր Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատը: Նախասրահում հնչում էր դասական երաժշտությունՙ քաղաքապետարանի կամերային նվագախմբի կատարմամբ:
Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքում ահաբեկչությունից տուժած ընտանիքներին օգնություն ցույց տալու համար մշակույթի պալատ էին գալիս քաղաքի բուհերի, հանրակրթական դպրոցների, սպորտդպրոցների, մանկապարտեզների, հասարակական կազմակերպությունների, հիմնարկ-ձեռնարկությունների ներկայացուցիչներ, դասախոսներ, մանկավարժներ, ուսանողներ ու աշակերտներ, ավելի փոքրահասակ երեխաներ:
Առավոտյան այստեղ էին Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը, փոխմարզպետներ Արամ Քոչարյանը, Զոհրապ Թորոսյանը, քաղաքապետ Սամվել Դարբինյանը, մարզպետարանի, քաղաքապետարանի այլ ներկայացուցիչներ, ովքեր իրենց ներդրումն ունեցան դրամահավաքին:
Երկրաշարժի արհավիրքը տեսած վանաձորցիները մեծ սրտացավությամբ ու կարեկցանքով էին լցված ահաբեկչությունից տուժած ընտանիքների նկատմամբ: Դրա մասին էին վկայում նաեւ հարյուրավոր այն փոքրիկները, որոնք իրար հերթ չտալով մետաղադրամներ էին լցնում նախասրահում տեղադրված արկղները: Եղան նաեւ երեխաներ, որոնք օրվա ընթացքում այդ նպատակով մի քանի անգամ այցելեցին մշակույթի պալատ:
Կրթօջախներից ամենաակտիվը, թերեւս, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտն էր, որը Բեսլանում տուժածների օգնության համար բացված հաշվեհամարով 600 հազար դրամ փոխանցումից բացի, ներդրում կատարեց նաեւ առանձին ֆակուլտետների, բաժինների կողմիցՙ չհաշված անհատական նվիրատվությունները:
Փոխանցումներ էին կատարել նաեւ Գուգարքի մաքսատունը, ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղը, այլ կազմակերպություններ, դպրոցներ, որոնց ներդրումը (ներառյալ ՎՊՄԻ-ը) կազմեց 884 հազար 880 դրամ:
Լոռու մարզպետարանի եւ Վանաձորի քաղաքապետարանի կազմակերպած մարդասիրական այս ակցիայի ժամանակ հավաքվեց 2 մլն 187 հազար 830 դրամ կանխիկ գումար: Ընդհանուր գումարը կազմեց 3 մլն 72 հազար 710 դրամ: Սակայն սահմանված ժամկետըՙ ժամը 17-ը լրանալուց հետո էլ դեռեւս տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ ու անհատներ էին գալիս, վերցնում հաշվեհամարըՙ փոխանցում կատարելու համար:
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ