Ֆուտբոլի ՀՀ առաջնության 19-րդ տուրում վերջապես հաղթանակի քաղցրությունը ճաշակեց Գյումրու «Շիրակը», որը պայքար է մղում բարձրագույն խմբում տեղը պահպանելու համար: Վերջին անգամ «Շիրակը» հաղթել էր 4-րդ տուրումՙ «Դինամո-Զենիթին» (1-0): Եվ ահա սեփական հարկի տակ հյուրընկալելով «Կիլիկիային», շիրակցիները վստահ հաղթանակ տոնեցին (3-1): Երկու թիմերն էլ գտնվում են վտանգավոր գոտում եւ հաջողության դեպքում կարող էին որոշ չափով բարելավել մրցաշարային իրավիճակը: Հաշիվը 19-րդ րոպեին բացեց շիրակցի Կարեն Խաչատրյանը: 40-րդ րոպեին Նշան Էրզրումյանը 11 մ հարվածով վերականգնեց հավասարակշռությունը: Ընդմիջումից հետո շիրակցիներին հաջողվեց եւս երկու գոլ խփել եւ խաղը շահել 3-1 հաշվով: Աչքի ընկան Կարեն Խաչատրյանն ու Արտյոմ Բեռնեցյանը:
Հետաքրքրական մրցապայքարում անցավ նաեւ «Արարատի» եւ «Միկայի» մրցավեճը: Ընթացիկ մրցաշրջանում դա թիմերի 3-րդ հանդիպումն էր: Նախորդ խաղերից առաջինն ավարտվել էր ոչ-ոքի (1-1), մյուսում հաղթել էր «Միկան» (3-1): Այս անգամ էլ հաջողությունն ուղեկցեց աշտարակցիներին, որոնք Վարդան Հովհաննիսյանի ու Դավիթ Գրիգորյանի խփած գոլերի շնորհիվ հաղթեցին 2-0 հաշվով:
Աբովյանում երկրի չեմպիոնը հյուրընկալվել էր «Դինամո-Զենիթին»: Արդեն 3-րդ րոպեին Էդգար Մանուչարյանը բացեց հաշիվը: Քիչ անց նա կարող էր կրկնապատկել հաշիվը, սակայն թույլ հարվածեց, եւ դարպասապահը որսաց գնդակը: Թեեւ խաղն ընթանում էր «Փյունիկի» տարածքային առավելությամբ, սակայն դինամոյականներն էլ 2 անգամ մոտ էին հաջողությանը: 14-րդ րոպեին հարմար դիրքից վրիպեց Ալբերտ Ներսիսյանը: 5 րոպե անց նա, ներխուժելով տուգանային հրապարակ, փորձեց գրավել դարպասը, սակայն դարպասապահ Նիկոլայ Սարգսյանը հետ մղեց գնդակը, իսկ 2-րդ հարվածի ճանապարհը փակեց Լոմբեն: Մինչեւ ընդմիջում Էդգար Մանուչարյանը եւս մեկ անգամ ստիպեց դինամոյականներին խաղը վերսկսել դաշտի կենտրոնից: Ընդհանրապես այս խաղում Էդգարը կարող էր եւս մի քանի գոլ խփել:
Ընդմիջումից հետո դինամոյականները զգալիորեն ակտիվացան եւ փորձում էին բեկում մտցնել մրցակցությունում: Բայց դա նրանց չհաջողվեց: Փոխարենը խաղավերջում դիպուկությամբ աչքի ընկան «Փյունիկի» ֆուտբոլիստները: Փոխարինման դուրս եկած Ալեքսանդր Պետրոսյանն ընդամենը 1 րոպեում 2 անգամ գրավեց մրցակցի դարպասը: Իսկ մինչ այդ Փաչաջյանը հաշիվը դարձրել էր 3-0: Ավելացված ժամանակում դինամոյականները 11 մետրանոց հարվածի իրավունք ստացան, որն իրացրեց Գեւորգ Միրիջանյանը: Այսպիսով, «Փյունիկը» 5-1 հաշվով հերթական հաղթանակը տոնեց:
«Բանանցը» սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Կոտայքին», որը ճիգեր է գործադրում վտանգավոր գոտուց խույս տալու համար: Աբովյանցիները հաջող են հանդես գալիս 3-րդ շրջանում: Այս խաղն էլ բացառություն չկազմեց: «Կոտայքն» առաջինը հասավ հաջողության. 35-րդ րոպեին Արման Մինասյանը բացեց հաշիվը: Նոր էր սկսվել 2-րդ խաղակեսը, երբ «Բանանցի» լեգեոներ Դմիտրի Կոնդրաշչենկոն վերականգնեց հավասարակշռությունը: «Կոտայքը» կարեւոր միավոր վաստակեց բարձրագույն խմբում տեղը պահպանելու համար մղվող պայքարում, իսկ ահա, «Բանանցը» բրոնզե մեդալների համար մրցավեճում 2 կարեւոր միավոր կորցրեց:
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Փյունիկ | 19 | 16 | 3 | 0 | 60-16 | 51 |
2. Միկա | 18 | 12 | 3 | 3 | 29-17 | 39 |
3. Բանանց | 18 | 8 | 4 | 6 | 23-24 | 28 |
4. Արարատ | 19 | 7 | 6 | 6 | 27-24 | 27 |
5. Դ.-Զենիթ | 19 | 6 | 5 | 8 | 17-28 | 23 |
6. Կոտայք | 19 | 3 | 5 | 11 | 21-38 | 14 |
7. Շիրակ | 19 | 2 | 7 | 10 | 19-32 | 13 |
8. Կիլիկիա | 19 | 3 | 3 | 13 | 22-39 | 12 |
Ռմբարկուները
Նշան Էրզրումյան | «Կիլիկիա» | 14 |
Գալուստ Պետրոսյան | «Փյունիկ» | 13 |
էդգար Մանուչարյան | «Փյունիկ» | 13 |
Լեւոն Փաչաջյան | «Փյունիկ» | 10 |
Արմեն Շահգելդյան | «Միկա» | 9 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ