Թեքեյան մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» գրական մրցանակին, որն արդեն 38 տարի սահմանված է գրական լավագույն գործերի համար, այս անգամ արժանացան դրամատուրգ, արձակագիր Պերճ Զեյթունցյանը, բանաստեղծ Հենրիկ Էդոյանը, պատմաբան Աշոտ Մելքոնյանը, բանաստեղծ Վահան Վարդանյանը:
Երեկ Թեքեյան մշակութային կենտրոնում տեղի ունեցավ մրցանակաշնորհման արարողությունը հիմնադրիՙ Հայկաշեն Ուզունյանի մասնակցությամբ: Հիշյալ մրցանակը, որին նախընթաց տարիներին արժանացել են Հայաստանի եւ սփյուռքի այնպիսի գրողներ, ինչպիսիք են Անդրանիկ Ծառուկյանը, Մուշեղ Իշխանը, Ռոբեր Հատտեճյանը, Լեւոն Հախվերդյանը, Կարպիս Սուրենյանը, Վերժինե Սվազլյանը, Կարլեն Դալլաքյանը եւ ուրիշներ, վերջին շրջանում առավելաբար շնորհվում է հայաստանցի գրողներինՙ թերեւս նկատի ունենալով երկրի տնտեսական վիճակը եւ բարոյական, մշակութային մթնոլորտը:
Ֆինանսական պարգեւատրումից զատ (1000-ական ԱՄՆ դոլար), գրական այս մրցանակը նպատակ ունի ընթերցողի ուշադրությունն ուղղելու գրական արժանավոր ստեղծագործությունների վրա:
Երեկվա օրը ուշարժան էր նաեւ մեկ այլ հանգամանքով. տարիներ շարունակ հայ գրին ու մշակույթին մատուցած բազմաթիվ ծառայություններին ի պատասխան ԹՄՄ հիմնադիրներից այսօր արդեն ամենավերջին ներկայացուցիչըՙ Հայկաշեն Ուզունյանը, պարգեւատրվեց ԹՄՄ «Ադամանդակուռ Արարատ» մեդալով, որը նրան հանձնեց Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը:
Մինչ մրցանակների հանձնումը, Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Կճոյանն իր շնորհավորանքի եւ Վեհափառ հայրապետի գնահատանքի խոսքերն ուղղեց հիմնադրին եւ մրցանակակիրներին: Բանասիրական գիտությունների դոկտոր Կարլեն Դալլաքյանը ներկայացրեց պատմաբան Աշոտ Մելքոնյանի «Ջավախքը XIX դարում եւ XX դարի առաջին քառորդին» մրցանակակիր ուսումնասիրությունը, որտեղ, նախանձախնդիր պատմական ճշմարտություններին, հեղինակը փաստերով ու բազում տվյալներով ապացուցում է Ջավախքի իրական պատկանելությունըՙ տալով այնտեղ ապրող ժողովրդի նկարագիրը եւ նրա ծագումնաբանությունը: Աշխատությունը գրված է պատմաբանի պրոֆեսիոնալ բարեխղճությամբ եւ ամենայն բծախնդրությամբ եւ բնութագրվեց իբրեւ «մրջնագիր»ՙ խիստ մանրակրկիտ պրպտումների համար: Եվ քանի որ գիրքը ոչ միայն անցյալի (հայ-վրացական հարաբերություններ), այլեւ ապագայի մասին է եւ արդիական հնչողություն ունի, ուստի Կ. Դալլաքյանը պետական այրերի ուշադրությունը հրավիրեց այնտեղ արծարծված որոշ քաղաքական հիմնախնդիրների վրա:
Մրցանակի արժանացած գրական ստեղծագործություններըՙ «Հետգրություն» (Հ. Էդոյան), «Ծրար հայելու մեջ» (Պ. Զեյթունցյան), «Հայտնություն» (Վ. Վարդանյան), ներկայացրեց գրականագետ Յուրի Խաչատրյանը: Գրական այսօրվա անբարենպաստ մթնոլորտում իրար հետեւից տպագրվող գրքերի եւ նրանց շատ հաճախ ապաշնորհ հեղինակների բազմաքանակությունից իրավամբ ընտրվել են արժանավորներ: Բանախոսը գրականագիտական խոսքի պատշաճ մակարդակով, համակարգված եւ ամփոփ գծերով ներկայացրեց այն բարդ ժամանակները, որոնցում իրենց ստեղծագործական ներքին ճշմարտություններն արվեստի իրողություն, փաստ դարձնելու կարողություն ունեցան Հենրիկ Էդոյանը եւ Պերճ Զեյթունցյանը: Նրանք խորհրդային երկրում հասարակական եւ գեղագիտական մտքի մեջ խմորվող այլախոհական այն գաղափարներն էին կրում, որոնցով ջարդել սկսվեցին արվեստում պարտադրված կաղապարներըՙ բացելով ստեղծագործության համար ամենակարեւորիՙ ազատ մտածողության հունը: Այդ քչերից էին բանաստեղծության մեջ Հենրիկ Էդոյանը, արձակում եւ հատկապես թատերգության ժանրումՙ Պերճ Զեյթունցյանը: «Հ. Էդոյանի պոեզիան վերջին տասնամյակների մեր նվաճումների ու վայրիվերումների, մեր ապրած կյանքի օրերի պոետական անդրադարձներն են, բայց ոչ սյուժետային բանաստեղծության ձեւով: Դա փիլիսոփայական, մետաֆիզիկական պոեզիա է, բանաստեղծության նոր աստիճան, նոր որակ, որ իր խորքում պահում է մեր հոգեկան շարժումների, ընթացքի պատմությունը բանաստեղծական կուռ համակարգի ու մտածողության ձեւերում»:
Խոսելով թատերարվեստի մասինՙ Յուրի Խաչատրյանը փաստեց, որ ժամանակների դրամատուրգիայի տխուր ներկապնակում երիտասարդ մարդկանց մի խումբ եւ նրանց մեջ առաջինըՙ Պերճ Զեյթունցյանը, եկան ստեղծելու հայկական նոր դրամատուրգիա: «Գրողը գրող է ամենից առաջ իր բարոյական նկարագրով, իր ներկայությամբ եւ մասնակցությամբ հանրային կյանքում»:
Ազատության 10 տարիների մռայլ ելեւէջումների մեջ Պ. Զեյթունցյանը քչերից մեկն էր, որ պահպանեց իր բարոյական նկարագիրը, հաստատելով «բարձր մտավորականի կերպարի ներկայությունը մեր իրականության մեջ»: Նա ողջունելի համարեց երիտասարդ շնորհալի բանաստեղծ Վահան Վարդանյանի ստեղծագործության գնահատումըՙ իբրեւ խրախուսանք: Բնականաբար, երախտիքի բազում խոսքեր ուղղվեցին Հայկաշեն Ուզունյանին: Պերճ Զեյթունցյանը եւ Հենրիկ Էդոյանը գրական այսօրվա մթնոլորտի, գրքի նկատմամբ հասարակության վերաբերմունքի, առհասարակ ժամանակների մասին խոսելիս նաեւ տարակարծություններ ունեցան: Մի կողմիցՙ կար ափսոսանք կորցրած բազմաքանակ ընթերցողի համար, մյուս կողմիցՙ դա ընդունվեց աշխարհում տարածված երեւույթ, երբ սակավաքանակ գրքեր (Էլիոթ, Գինզբերգ) հրատարակվում են անգամ բազմամիլիոն անգլիախոս հասարակության համար:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ