Թուրքիայի խորհրդարանը հրաժարվել է օրակարգ մտցնել այն օրինագիծը, ըստ որի ամուսնական անհավատարմությունը համարվում է հանցագործություն: Ֆրանսպրեսը հաղորդում է, որ որոշումն ընդունվել է Եվրոմիության ճնշման ներքոՙ Միությանն անդամակցելուն Թուրքիայի պատրաստ լինել-չլինելու վերաբերյալ Եվրոհանձնաժողովի զեկուցագրի հրապարակումից մի քանի օր առաջ:
Քրեական օրենսգրքում «շնության համար նախատեսվող պատժի» վերաբերյալ ուղղում էր առաջարկում Թուրքիայում կառավարող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը, որը համարվում է չափավորական իսլամիստների կուսակցություն: Դրա ղեկավարները, մասնավորապես վարչապետ Թայիպ Էրդողանը, վերջերս ընդգծել էին, որ նախաձեռնությունն արվել է ընտրազանգվածի զգալի մասը կազմող «պահպանողական գեղջկուհիների» խնդրանքով:
Վարչապետի խոսքերով, օրինագծի նպատակը եղել է «ընտանիքի, երկրի կանանց պատվի եւ արժանապատվության պաշտպանությունը»: Սակայն կառավարող կուսակցության նախաձեռնությունը խիստ բացասական արձագանք առաջացրեց ոչ միայն Եվրոմիությունում, այլեւ թուրքական հասարակության որոշակի մասում, այդ թվում կանանց կազմակերպություններում:
Երեքշաբթի օրը խորհրդարանի շենքի մոտ անցկացվեց բողոքի բազմամարդ ցույց: Կառավարող կուսակցության ղեկավարության հետ հանդիպում ունենալուց հետո ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալը լրագրողներին հայտարարեց, որ երկու կողմերը պայմանավորվել են համատեղ ուղղումներ մտցնել Թուրքիայի քրեական օրենսգրքի փոփոխմանը վերաբերող օրենքում:
Սա նշանակում է, որ կառավարությունն ստիպված է հրաժարվել այն ուղղումից, թե ամուսնական դավաճանությունը քրեապես պատժելի հանցագործություն է: