«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2004-09-14 | #161, 2004-09-15 | #162, 2004-09-16


«ԱՐՄՄՈՆՈ-2» ՓԱՌԱՏՈՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ

Երեկ Պատանի հանդիսատեսի թատրոնում կայացավ «Արմմոնո-2» մոնոներկայացումների միջազգային փառատոնի բացումը: «Ազգն» անդրադարձել էր այդ փառատոնին օրեր առաջ, իսկ այժմ ներկայացնենք երեկվա իրադարձությունները: Առաջին անգամ հայկական բեմում միաժամանակ հանդես էին գալիս Էլիզաբեթ Հեսսը (ԱՄՆ) եւ Բեատե Էհլերսը (ԳԴՀ)ՙ Կարինե Խոդիկյանի «Երկրորդ կտակ» ներկայացմամբ: Բեմում իրար չհանդիպող երկու քույրերը, որոնք խաղում էին իրենց մայրենիՙ անգլերեն եւ գերմաներեն լեզուներով, ներկաներին հմայեցին անկրկնելի խաղով: Նման սկիզբը հավաստեց, որ արդեն իսկ «Արմմոնո-2-ը» կայացել է ու դարձել սպասելի:

Փառատոնի բացման առիթով ողջունել էր ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հովիկ Հովեյանը, նշելով. «Մենախոսության թատրոնի շրջագիծը կախարդական շրջան չէ, կախարդանքի շրջան էՙ անցյալ ու ներկայով, ներաշխարհ ու տիեզերքով, լռության քառաձայնումով ու գեղագիտության օդեղեն շաղախի գրաֆիկական պատկերմամբ»: Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի ողջույնի խոսքում ասվում էր. «Ես չեմ կասկածում, որ «Արմմոնոն» շարունակելու է իր շնորհակալ առաքելությունն աշխարհի մշակույթների մերձեցման ճանապարհին»: ՀԹԳՄ նախագահ, Երեւանի Հ. Պարոնյանի անվան պետական երաժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանը նշեց. «Ահա եւ երկրորդ վստահ քայլը... Բոլորիս կյանքի գործըՙ նորին մեծություն Թատրոն կոչվող հեքիաթը թող օգնի իրար ավելի լավ ճանաչելուն, իրար օգնելուն, իրար լրացնելուն... Վստահ եմ, որ հայ հանդիսատեսի տաք սիրտն ավելի կջերմացնի ձեր հոգիները: Ափսոս, որ էլի մեկ տարով պիտի բաժանվենք»:

Փառատոնի մասնակիցներին ողջունեց նաեւ փառատոնի ժյուրիի նախագահ, մոնոներկայացումների մոսկովյան միջազգային փառատոնի տնօրեն Վալերի Խազանովը եւ նշեց, որ «հայկական հինավուրց թատրոնն իր աննախադեպ պատմությամբ հերթական անգամ հանդիպում է աշխարհի թատրոնին», մաղթեց մասնակիցներին հաջողություններ եւ նոր ներկայացումներ: Փառատոնի մասնակիցներինՙ 29 երկրներից ժամանած արտիստներին, ռեժիսորներին, նաեւ հայ մասնակիցներին ներկայացրեց Ե. Պ. Հ. Թ. գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն, փառատոնի տնօրեն Հակոբ Ղազանչյանը եւ տեղեկացրեց, որ խորհուրդը որոշել է հաջորդ տարի կազմակերպել «Շեքսպիրյան մոնոփառատոն», որի գեղարվեստական ղեկավար է նշանակվել հայտնի շեքսպիրագետ, թատերագետ, քննադատ Անջեյ Ժուրովսկին, որն այս տարի նույնպես «Արմմոնո» փառատոնի ժյուրիի անդամ է: Մեկ շաբաթ շարունակ օրական 4-5 մոնո ներկայացումներով հանդիսատեսին իրենց խաղն ու հուզումները կմատուցեն փառատոնի մասնակիցները: Մաղթենք նրանց նորանոր հաջողություններ:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4