Հարտֆորդի (Կոնեկտիկուտ) «Կուրանտ» թերթի խմբագրական էջի 27 տարվա խմբագիր, ճանաչված լրագրող, խմբագիրների Ազգային կոնֆերանսի նախկին նախագահ եւ ցկյանս անդամ Ջոն Զաքարյանը 66 տարեկանում անցել է վաստակած թոշակի, հաղորդում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի օգոստոսի 14-ի համարը:
«1977-ին միանալով «Կուրանտին» նա զգալիորեն բարձրացրեց խմբագրականների մակարդակըՙ ազգային եւ միջազգային առումներով: Նրա մասին ասել է Նոր Լոնդոնի «Դեյ» թերթի խմբագրականների հեղինակ Մորգան Մկգինլին: «Նա նշանավոր լրագրող է, որը գիտի հավասարակշռված վիճարկել յուրաքանչյուր թեմայի, գաղափարի շուրջ», ավելացրել է «Պուլիցերյան» մրցանակի արժանացած, «Արկանսաս դեմոկրատիկ գազետ» թերթի խմբագրականների հեղինակ Պոլ Գրինբերգը:
Զաքարյանը բնիկ երուսաղեմցի է: Հիանալի տիրապետում է արաբերենին եւ անգլերենին: Նյու Յորք է հասել 1957-ին: 1981-ին մի խումբ խմբագիրների ուղեկցել է Միջին Արեւելք եւ նրանց համար հարցազրույցներ կազմակերպել Յասեր Արաֆաթի եւ Բաշիր Ջեմայիլի հետ: Արժանացել է մի շարք մրցանակների, որոնց թվում «Ուոքր Սթոուն» ազգային մրցանակըՙ խմբագրականներ գրելու համար եւ «Օվրսիզ պրես կլաբ» մրցանակըՙ Միջին Արեւելքի մասին հոդվածաշարի համար:
Հ. Ծ.