«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2004-09-14 | #161, 2004-09-15 | #162, 2004-09-16


ՈՐՊԵՍԶԻ ՃԱՆԱՉԵՆ, ՆԱԽ ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՆԱՆՔ

Հայկական ինտերնետային էջերին հղումների քանակը մտահոգիչ է

Կամ չունենք մշակույթ, կամ` այն դրսում ցուցադրելու ցանկություն. կարծում ենք` այսպես են մտածում ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում: Ասում ենք` աշխարհին մեր մշակույթով ենք ներկայանում: Բայց ինչպե՞ս: Լուրերի խելահեղ հոսքի դարաշրջանում, երբ ինֆորմացիան ազդեցության հզոր ուժերից մեկն է, այս նախարարությունն ինտերնետային էջ չունի: Ճիշտ է, կառավարությունը հատուկ միջոցներ չի հատկացնում ինտերնետային էջեր պատրաստելու համար, հետեւաբար չի էլ կարող պահանջել, սակայն ինտերնետային էջեր ունենալ չի պահանջվում նաեւ Ազգային ժողովից, Սահմանադրական դատարանից, արտաքին գործերի նախարարությունից, որոնց էջերը լավագույնների շարքում են դասվում:

Գնահատականը սուբյեկտիվիզմ չի պարունակում: Այն պարզապես այս տարեսկզբին սկսված եւ մայիսին ավարտված ուսումնասիրության արդյունքն է: Հայաստանում առաջին անգամ ինտերնետային տարբեր հագեցվածության հայկական աղբյուրների վարկանիշի ուսումնասիրություն է կատարվել: Ուսումնասիրության հեղինակ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Վահանյանը մի քանի գործընկերների հետ փնտրման համաշխարհային GOOGLE եւ YANDEX ծրագրերում ներմուծել է հայկական ինտերնետային բազմաթիվ հասցեներ եւ ծրագրերի տվյալներով կազմել հայկական վեբ-կայքերի վարկանշային ցանկը: Ուսումնասիրվել են հայկական պետական կառույցների, արտասահմանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների, գիտության, կրթության, ինֆորմացիոն տեխնոլոգիաների, մշակույթի ոլորտի ինտերնետային էջեր, ինտերնետային լրատվամիջոցներ: Հետազոտվել են ոչ միայն .am տիրույթի ինֆորմացիոն ռեսուրսները, որոնք մոտ 3 մլն պոտենցիալ հաճախորդ ունեն, այլեւ .ru (պոտենցիալ 200 մլն հաճախորդ), .com, .org, .net տիրույթների ինֆորմացիոն ռեսուրսները:

Ինչ վերաբերում է Հայաստանի պետական կառույցների վարկանիշին, ապա GOOGLE փնտրման համակարգի այս տարվա մայիսի 30-ի տվյալներով առաջին տեղում է ՀՀ Ազգային ժողովի ինտերնետային էջը (www.parliament.am)` վարկանշային 9140 ցուցանիշով: Երկրորդ տեղում ՀՀ Սահմանադրական դատարանի էջն է (www.concourt.am)` 4170 ցուցանիշով: Առաջատարների տասնյակը շարունակում են ՀՀ կենտրոնական բանկի, արտաքին գործերի նախարարության, կառավարության, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի, ՀՀ նախագահի ինտերնետային էջերը:

ՀՀ ԱԺ քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանն իրենց էջի հաջողությունը պայմանավորում է այն հանգամանքով, որ ինտերնետային էջում ներկայացված են բոլոր օրինագծերը, օրենքները, դրանց փոփոխություններն ու լրացումները: Սա հայաստանյան գործող օրենսդրության անվճար միակ տարբերակն է: «Դեմոկրատիայի սահմանման մեջ կարեւորագույն հատվածներից մեկն ինֆորմացիայի ազատությունն է, ասաց պարոն Սողոմոնյանը: Ոչ թե պետք է սպասել` երբ լրագրողները կամ քաղաքացիները կդիմեն` տեղեկություն ստանալու համար, այլ հարկավոր է բաց ինֆորմացիան օպտիմալ ձեւերով տրամադրել հասարակությանը: Այս իմաստով ինտերնետային ցանցը լայն հնարավորություններ է տալիս»: Վեբ-կայքում տեղադրված հսկայածավալ տեղեկությունների մի մաս են 2000 թվականից ի վեր ԱԺ-ի բոլոր նիստերի սղագրությունները: Ըստ պարոն Սողոմոնյանի` այդ սղագրությունները շատ են օգնում նիստերից հետո կատարվող աշխատանքներին: ԱԺ քարտուղարության պետը կարեւորեց նաեւ էջի նորությունների բաժինը, որտեղ ամեն օր երեք լեզուներով ներկայացվում են խորհրդարանական իրադարձությունները:

Ըստ հետազոտության ղեկավար Գրիգոր Վահանյանի` Սահմանադրական դատարանի ինտերնետային էջի հիմնական գրավչությունն այն է, որ այնտեղ զետեղված են աշխարհի բոլոր երկրների սահմանադրությունները:

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բացի մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից, ինտերնետային էջեր չունեն նաեւ Երեւանի քաղաքապետարանը, պաշտպանության, քաղաքաշինության նախարարությունները: Առողջապահության նախարարության վեբ-կայքը, որ հայերեն եւ անգլերեն տարբերակով է, ունի վարկանիշի 4 ցուցանիշը, իսկ էներգետիկայի նախարարության վեբ-կայքի վարկանիշըՙ 1 է. կայքն, ի դեպ, անգլերեն է:

«Մենք տեղյակ ենք իրավիճակին. կան շատ լավ գործող ինտերնետային էջեր, սակայն կան նաեւ չգործողներ, ասաց կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանը: Ոմանք ժամանակին որոշ միջոցներ հայթայթել են, ոմանք դա արել են խնայողությունների հաշվին: Սակայն եթե միջոցներ չենք հատկացրել, չենք էլ կարող պահանջել: Կառավարությունն այդ ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում: Գուցե միջոցների խնայողության նպատակով ստեղծենք մի մոդելային տարբերակ բոլորի համար, ապա յուրաքանչյուրն իր ինֆորմացիան կտեղադրի»:

Հայկական ինֆորմացիոն աղբյուրների վարկանիշը համաշխարհային առաջատար աղբյուրների հետ համեմատելու համար հետազոտության մեջ ընդգրկվել են մի քանի հայտնի արտասահմանյան ինտերնետային էջեր: Հետաքրքրական է Հայաստանի, Ղարաբաղի, Վրաստանի եւ Ադրբեջանի պաշտոնական վեբ-կայքերի համեմատությունը: Ըստ GOOGLE-ի` Հայաստանի Ազգային ժողովի ինտերնետային էջի վարկանիշն ամենից բարձրն է` իր 9140 ցուցանիշով, Վրաստանինը 8890 է, Ադրբեջանինը` 309: Նույն աղբյուրի համաձայն, Ադրբեջանի նախագահի ինտերնետային էջն առաջին տեղում է, որին հաջորդում է ԼՂՀ նախագահինը, ապա Հայաստանի եւ Վրաստանի հանրապետությունների ղեկավարների ինտերնետային էջերի վարկանիշն է: Ինչպես GOOGLE-ի, այնպես էլ YANDEX-ի համեմատական վերլուծությունը ՀՀ սահմանադրական դատարանի վարկանիշի վերաբերյալ նույնն է. այն առաջին տեղում է, որին հաջորդում են Վրաստանն ու Ադրբեջանը: Ի դեպ, աշխարհի Սահմանադրական դատարանների եւ համարժեք մարմինների վեբ-կայքերի շարքում Հայաստանի Սահմանադրական դատարանինը 13-րդն է, իսկ առաջին հնգյակում են ԱՄՆ-ի գերագույն դատարանը, Եվրոպայի մարդու իրավունքների դատարանը, Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը: Հայաստանից հետո վարկանշային մինչեւ երրորդ տասնյակում են Իսրայելի գերագույն դատարանը, Թուրքիայի Սահմանադրական դատարանը, Միացյալ Թագավորության Լորդերի պալատը եւ այլն: Նախկին Խորհրդային Միության երկրների սահմանադրական դատարանների շարքում Հայաստանինն առաջին տեղում է, ապա Էստոնիան է, Ռուսաստանի Դաշնությունը, Ադրբեջանը, Ղազախստանը, Վրաստանը:

Պրոֆեսոր Վահանյանը համոզված է, որ եթե ինտերնետային էջերի եւ հեռահաղորդակցային ցանցերի որակով ու զարգացվածության աստիճանով Հայաստանը մոտ երկու անգամ զիջում է Վրաստանին եւ Ադրբեջանին, ապա ինֆորմացիոն ռեսուրսների հայտնիության, մեջբերման, տեղեկացվածության եւ ընդգրկունության բնագավառում մենք պետք է նվազագույնը երկու անգամ նրանցից առաջ անցնենք: Նրան ուրախացնում, բայց նաեւ մտահոգում է, որ GOOGLE համակարգում «Ղարաբաղ» բառին կա 209.000 հղում, «Հայկական եղեռն» բառին` 109.000` մոտ երկու անգամ պակաս: Հետաքրքրական մի ցուցանիշ եւս` ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանի փնտրման համակարգում (www.loc.gov) «Հայաստան» բառով հղում է եղել 29 ռեսուրսի, «Ադրբեջան» բառով` 24, «Թուրքիա»` 81, «Ռուսաստան»` 225, «Վրաստան»` 356, «Երեւան» բառը փնտրվել է 3 անգամ, «Թբիլիսի» եւ «Բաքու» բառերը` 2-ական:

«Զանգվածային լրատվամիջոցները պետք է չսահմանափակվեն այս կամ այն ինտերնետային էջի շնորհանդեսը ներկայացնելով, այլ լայն լսարանի ուշադրությունը հրավիրեն ինտերնետում հայկական աղբյուրների կարեւորության վրա, ասաց Վահանյանը: Պետք է անել հնարավորը, որպեսզի մրցակցային պայքարում հայկական ինտերնետային էջերը մեջբերումների եւ հղումների իմաստով առաջատար լինեն»: Հետազոտող խումբը նախատեսում է 6 ամիս հետո կրկնել ուսումնասիրությունը` դինամիկան տեսնելու համար: Նրանք փաստում են, որ մեզանում վարկանիշը գնահատելու մշակույթ ձեւավորված չէ, սակայն հույս ունեն, որ առաջինը նոր ալիք կբարձրացնի հետազոտողների շրջանում:

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4