Վերջերս շատացել են օտարերկրյա քաղաքացիների հետ ամուսնությունները: Շատերը հետաքրքրվում են, թե ի՞նչ կարգով են գրանցվում նման ամուսնությունները: Այս եւ մի շարք այլ հարցերի պատասխաններ փորձեցինք ստանալ ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության բաժնի պետ ԱՐԳԱՄ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՑ:
Հայաստանի Հանրապետությունում ամուսնություն գրանցելիս ներկայացնում են անձնագիրը եւ տվյալ պետության համապատասխան մարմինների տեղեկանքը ամուսնության գրանցում չունենալու մասին, որը, ըստ միջազգային պայմանագրերով սահմանված կարգի, պետք է վավերացված լինի: Օտարերկրյա քաղաքացիների ամուսնությունները գրանցվում են նույն օրենսդրությամբ, ինչ որ Հայաստանի քաղաքացիներինը: Միակ տարբերությունն այն է, որ օտարերկրացին ներկայացնում է վերը նշված փաստաթուղթը, որի հիման վրա ընդունվում են օրենքով նախատեսված փաստաթղթերը եւ օրենքով սահմանված մեկամսյա ժամկետից (դիմում տալու պահից) հետո նշանակվում է օրը եւ զագսը: Ի դեպ, դիմումն ուժի մեջ է միայն երեք ամիս, որից հետո ուժը կորցնում է: Կան նաեւ շատ հարգելի պատճառներ, երբ տրված ժամկետը կրճատվում է:
- Որո՞նք են դրանք:
- Եթե դիմողն ունի 20 շաբաթական հղիություն կամ զորակոչվում է բանակ, կամ էլ գտնվում է զինվորական ծառայության մեջ, կամ էլ եթե առողջական խնդիրներ կան: Եթե ներկայացվում է համատեղ երեխա ունենալու փաստաթուղթ, ապա նրանց գրանցման հնարավորություն է տրվում մի քանի օրվա ընթացքում: Եթե կան հարգելի պատճառներ, ապա եռօրյա ժամկետում տրվում է թույլտվություն:
- Օտարերկրյա քաղաքացիները որքա՞ն տուրք են վճարում:
- Անկախ նրանիցՙ օտարերկրացի է, թե ոչ, ամուսնությունը գրանցելու համար գանձվում է պետական տուրք բազային տուրքի չափովՙ 1000 դրամ:
Այս տարի օտարերկրյա քաղաքացիների հետ ամուսնությունների գրանցումը եղել է մոտ 600, որը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 15 տոկոսով: Այդ 600 գրանցվածներից 10 տոկոսը բաժին է ընկնում փախստականի կարգավիճակ ունեցողներին, գերակշռող մասնՙ ԱՊՀ երկրներ, այնուհետեւՙ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Բելգիայի եւ անգամ Իռլանդիայի քաղաքացիներին:
Դիմումներ ներկայացրած 600-ի 3-5 տոկոսը բաց է թողել եռամսյա ժամկետը եւ ստիպված պետք է նոր դիմումներ հանձնի:
Հարցազրույցի օրը գրանցման թույլտվություն էր տրվել երկու զույգերի. տղանՙ ՌԴ-ից, աղջիկըՙ ՀՀ-ից եւ տղանՙ Իրանից, աղջիկըՙ ՀՀ-ից, տեղեկացրեց պրն Ստեփանյանը:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ