«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2004-09-14 | #161, 2004-09-15 | #162, 2004-09-16


ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐՆ ՈՒ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ՞

Մինչդեռ հենց այստեղ հարկման խստացման կարիք կա

Թերեւս ոչ ոք չի վիճարկի, որ ներկայումս Հայաստանի գլխավոր խնդիրը բնակչության ցածր կենսամակարդակի կամ, ինչպես ասում են կառավարության պաշտոնյաները, աղքատության հարցն է: Այն հաղթահարելու համար ռազմավարական ծրագիր է ընդունվել, միջազգային ֆինանսական կազմակերպություններից գումարներ են ստացվում եւ ստացվելու: Վերոնշյալ ծրագրի սնանկությանը բազմիցս ենք անդրադարձել եւ դեռ առիթ կունենանք անդրադառնալու:

Ներկա հրապարակման նպատակն այլ էՙ ցույց տալ պետբյուջեի համալրման աղբյուրներից մեկը, որտեղ հարկային պետական ծառայությունը մեծ անելիքներ ունի: Խոսքը Հայաստանի տարածքում, մասնավորապես Երեւանում հանրային սննդի ոլորտում գործող սուբյեկտներիՙ սրճարանների, բարերի, ռեստորանների եւ գիշերային ակումբների մասին է: Նրանց վճարած հաստատագրված վճարներից այն տպավորությունն է ստեղծվում, որ այդ սուբյեկտների համար, ինչպես տոնավաճառների դեպքում, մեր երկրում տնտեսական ազատ գոտի է ստեղծված: Մինչդեռ հենց այստեղ է պետք խիստ հարկային քաղաքականությունը: Գաղտնիք չէ, որ այս օբյեկտների, հատկապես ռեստորանների եւ գիշերային ակումբների հաճախորդները, ինչպես եւ սեփականատերերը, ապահով խավից են: Հետեւաբար հարկման դաշտի խստացումն արդարացված կլիներ նաեւ սոցիալական արդարության տեսանկյունից: Իսկ որքա՞ն է կազմում հաստատագրված վճարը սրճարաններում, բարերում, ռեստորաններում եւ գիշերային ակումբներում:

Ըստ հարկային ծառայության տեղեկատվության, հաստատագրված վճարը հանրային սննդի օբյեկտներում կազմում է ամսական մոտ 2 հազար դրամ 1 քմ-ի դիմաց: Ընդ որում, վճարի այդ չափը նույնն է ինչպես սրճարանների, այնպես էլ ռեստորանների կամ գիշերային ակումբների համար, ինչը նույնպես տարօրինակ է, նկատի ունենալով այս օբյեկտների ստացած շահույթների հսկայական տարբերությունը: Սակայն այստեղից չստացված գումարների մասին պատկերացում կազմելու համար առանձին-առանձին դիտարկենք, թե որքան գումար է 2003 թ.-ին մուտք գործել հանրային սննդի ոլորտում գործող սուբյեկտներից Երեւանում եւ մարզերում:

Մայրաքաղաքում 1056 տնտեսվարողներ վճարել են մոտ 1 մլրդ դրամ հաստատագրված վճար: Այսինքն, նրանցից յուրաքանաչյուրը ամսական վճարում է մոտ 80 հազար դրամ կամ մոտ 2600 դրամ օրական: Դա էլ նշանակում է, որ շահագործվող մեկ օբյեկտի միջին տարածքը 40 քմ է: Հարկ կա՞ նշելու, որ ռեստորանում մեկ մարդու ճաշելու գինը շատ ավելի է, քան վերոնշյալ 2600 դրամը: Կամ դժվար է գտնել որեւէ սրճարան, որի կողմից շահագործվող տարածքը համենայն դեպս 40 քմ-ից ավելի չլինի, չխոսելով բարերի, գիշերային ակումբների կամ այդ բոլորն իրենց մեջ ընդգրկող երկու-երեք հարկանի, ընդարձակ սրահներով ռեստորանային համալիրների մասին: Փաստորեն, ոչ միայն այս օբյեկտների համար սահմանված հաստատագրված վճարն է չտրամաբանված ցածր, այլեւ շահագործվող տարածքների իրական մակերեսը շատ ավելին է, քան ներկայացվում է հարկային մարմիններին: Բնականաբար, առանց վերջիններիս աշխատակիցների հետ «լեզու գտնելու» դա հնարավոր չէր: Տարածքն էլ, ի վերջո, չի կարելի թաքցնել, ինչպես դրամաշրջանառությունը:

Մարզերում պատկերը հետեւյալն է: 644 սուբյեկտներ վճարել են 246 մլն դրամ: Վերոնշյալ հաշվարկը կատարելով, կստանանք, որ նրանցից յուրաքանչյուրը վճարել է միջինը 32 հազար դրամ: Դա ենթադրում է, որ հանրային սննդի մեկ օբյեկտի միջին մակերեսը 16 քմ է, ինչից ավելի մեծ անհեթեթություն դժվար է պատկերացնել:

Կարծում ենք, որ թվաբանական այս գործողությունները կարող են կատարել հարկային ծառայությունում կամ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում: Սակայն արդյունքում կամ այլ թվեր են ստացվել, կամ նման վիճակն ամբողջովին բավարարում է պետբյուջեի համալրման եւ ծրագրավորման համար պատասխանատու այս կառույցներին: Գուցե զարմանալ պետք չէ: Գաղտնիք չէ, որ հիշյալ օբյեկտների իրական սեփականատերերը իշխանության տարբեր օղակներում ընդգրկված պաշտոնյաներն են, որոնց լոբբիինգը թույլ չի տալիս, որ ռեստորաններ կամ գիշերային ակումբներ հաճախող իրենց մյուս գործընկերները կառավարությունում եւ Ազգային ժողովում բարձրացնեն այս օբյեկտների հարկման դրույքաչափը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4