Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը շարունակվում է շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 64-րդ առաջնությունը: ՖԻԴԵ-ի սանդղակով այս մրցաշարը 11-րդ կարգի է, մասնակիցների միջին վարկանիշը 2512 է: Առաջնությունն անցնում է բավական հետաքրքրական ու սուր մրցապայքարում: Պատճառը ոչ միայն խաղարկվող պարգեւներն են, այլեւ շախմատի համաշխարհային օլիմպիադայում ՀՀ հավաքականում թափուր մնացած 6-րդ մասնակցին որոշելն է: Նշենք, որ օլիմպիադայում մեր հավաքականի կազմում հանդես գալու իրավունք արդեն ունեն Վլադիմիր Հակոբյանը, Լեւոն Արոնյանը, Ռաֆայել Վահանյանը, Սմբատ Լպուտյանը եւ Գաբրիել Սարգսյանը:
Պակաս խթան չէ նաեւ դրամական մրցանակը: Չեմպիոնը կպարգեւատրվի 1,5 մլն դրամով: 2-4-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները համապատասխանաբար կստանան 900, 600 եւ 400 հազար դրամ, իսկ 5-8-րդ տեղերը գրաված մասնակիցները վաստակած յուրաքանչյուր միավորի դիմաց 10 հազարական դրամ կստանան:
Մինչ հերթական տուրերի արդյունքներին անդրադառնալը, ընթերցողներին որոշ վիճակագրական տվյալների հետ ծանոթացնենք, որոնք սիրով մեզ տրամադրեց առաջնության գլխավոր մրցավար Ռաֆայել Հարությունյանը: Հայաստանի անդրանիկ առաջնությունը կայացել է ուղիղ 70 տարի առաջՙ 1934 թ.: ՀՀ չեմպիոնի տիտղոսին արժանանալու բախտ է ունեցել շախմատային կոմպոզիցիաների արքա Հենրիկ Գասպարյանը: Ի դեպ, նա յուրօրինակ ռեկորդակիր է: Հենրիկ Գասպարյանը Հայաստանի տասակի չեմպիոն է: Հատկանշական է, որ աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը եւս ճաշակել է հաղթանակի բերկրանքըՙ 3 անգամ նվաճելով Հայաստանի չեմպիոնի կոչումը: Նշենք, որ ընթացիկ առաջնության մասնակիցներից նվաճած տիտղոսների թվով լավագույն արդյունքն ունի Աշոտ Անաստասյանը: Նա 7 անգամ Հայաստանի չեմպիոն է հռչակվել: Արտաշես Մինասյանին չորս անգամ է հաջողվել ճանաչվել լավագույնը: Ի դեպ, Արտաշես Մինասյանի 7 անընդմեջ հաղթանակները ռեկորդ չեն: 1948 թ. Տիգրան Պետրոսյանն ու Հենրիկ Գասպարյանը 12-ական անընդմեջ հաղթանակ էին տոնել: Իսկ 7 անընդմեջ հաղթանակ ԱՄՆ-ի առաջնությունում ժամանակին տոնել էր Բոբի Ֆիշերը:
Երկրորդ շրջանն անհաջող սկսվեց առաջատարիՙ Արտաշես Մինասյանի համար, որը սեւերով պարտվեց Բենիամին Գալստյանին: Իսկ ահա Կարեն Ասրյանին սեւ խաղաքարերը չխանգարեցին Արթուր Չիբուխչյանին հաղթելու համար: Գաբրիել Սարգսյանը սպիտակներով պարտության մատնեց Տիգրան Քոթանջյանին: Անաստասյանի եւ Փաշիկյանի մրցավեճում հաղթանակ տարան սպիտակները: 9-րդ տուրում Մինասյանն իր 8-րդ հաղթանակը տոնեցՙ պարտության մատնելով Փաշիկյանին: Ասրյանը հաղթեց Գալստյանին, Չիբուխչյանըՙ Քոթանջյանին: Միակ ոչ-ոքին գրանցվեց Սարգսյան-Անաստասյան պարտիայում:
9 տուրից հետո 8 միավորով աղյուսակը միանձնյա գլխավորում է Արտաշես Մինասյանը: Նրանից 1 միավոր պակաս է վաստակել Կարեն Ասրյանը: Կարծում ենք, հենց այս երկու շախմատիստների միջեւ էլ կընթանա պայքարը չեմպիոնի տիտղոսի համար: Գաբրիել Սարգսյանը 5,5 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: Մյուս մասնակիցների ցուցանիշներն են. Փաշիկյանՙ 4,5, Չիբուխչյան, Անաստասյանՙ 3,5-ական, Գալստյանՙ 2,5, Քոթանջյանՙ 1,5:
Այսօր 10-րդ տուրում կհանդիպեն հետեւյալ զույգերըՙ Անաստասյան-Մինասյան, Փաշիկյան-Ասրյան, Գալստյան-Քոթանջյան, Չիբուխչյան-Սարգսյան:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ