«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2004-09-15 | #162, 2004-09-16 | #163, 2004-09-17


ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՕՐԵՆՔԸ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ «ՇԱՀԵՐԸ» ՉԻ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ

Նոր նախագիծն ավելի «հավասարակշիռ» կլինի

Թեպետ մեր երկրում գործում է հեղինակային իրավունքի օրենքը, այն էլՙ բաղկացած երկու մասիցՙ գույքային եւ անձնական ոչ գույքային, ու վերջինով արգելվում է առանց հեղինակի թույլտվության ճարտարապետական ստեղծագործության մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելը, ստեղծագործության աղավաղումներն ու ոտնձգությունները, միեւնույն է, Երեւանում այդ օրենքն արհամարհող սեփականատերերի թիվն անընդհատ ավելանում է: «Զվարթնոց» օդանավակայան, երիտասարդական պալատ, «Դվին» ու «Սեւան» հյուրանոցներ... Դրանց սեփականատերերը անտեղյա՞կ են, որ ճարտարապետության մեջ ստեղծագործության անձեռնմխելիությունը անմիջականորեն վերաբերում է կառույցի փոփոխություններին եւ հեղինակն իրավունք ունի արգելելու ամեն մի փոփոխություն:

Մտավոր սեփականության գործակալության տնօրեն Արմեն Ազիզյանին խնդրեցինք բացատրել գործող օրենքի բոլոր մանրամասները: Այսպես, հեղինակային իրավունքներն անօտարելի են, այսինքն, ճարտարապետական կառույցը վաճառելու դեպքում անձնական իրավունքները չեն անցնում սեփականատիրոջը: Օրենքի մի հոդվածով իրավունքները գործում են միայն հեղինակի կենդանության օրոք, նրա ժառանգները դրանցից օգտվել չեն կարող, իսկ մեկ այլովՙ հեղինակի անձնական ոչ գույքային իրավունքները պահպանվում են անժամկետ եւ հեղինակի մահից հետո ստեղծագործության անձեռնմխելիության պաշտպանությունն իրականացնում են նրա ժառանգները, եթե, իհարկե, կտակով այլ բան նախատեսված չէ:

Միջազգային պրակտիկայում, պրն Ազիզյանի մեկնաբանմամբ, ճարտարապետական կառույցի անձեռնմխելիության հարցը լուծվում է 2 կերպ ՙ եվրոպական շատ երկրներում դա պահպանվում է, իսկ, օրինակ, Մ. Նահանգներում գործող հեղինակային իրավունքի օրենքով սեփականատիրոջը ճարտարապետական կառույցը քանդելու եւ վերակառուցելու իրավունք է տրվում, այսինքն, այնտեղ սեփականատերն ազատված է նախագծի հեղինակի հետ որեւէ խնդիր ունենալուց: Եթե, օրինակ, Երեւանում էլ օրենքները նույնկերպ գործեին, ինչպես Վաշինգտոնում, նման օրենքի կիրառումն այստեղ կարելի էր ըմբռնել: Բայց առնվազն խենթ պետք է լինել հավատալու համար, որ ամերիկացի որեւէ սեփականատեր կհանդգնի արհամարհել օրենքն ու ինքնակամ շինարարություն ծավալելՙ առանց քաղաքային իշխանությունների թույլտվության:

Մեզանում օրենք ունենալը դեռ ոչինչ չի նշանակում, շարունակական դարձած ոտնձգությունները ցույց են տալիս, որ մեր սեփականատերերի մեջ քանդելու ու իրենց «սուպեր» ճաշակը ցուցադրելու մոլուցքն անվերջանալի է: Մանավանդ որ հեղինակային իրավունքի օրենքում կան որոշ անկատարություններ, իսկ ճարտարապետական ստեղծագործություններն առանձին հոդվածով կարգավորված չեն: Հենց դա էլ, ըստ Ազիզյանի, պատճառ է դարձել օրենքի նոր նախագիծ պատրաստելու, որը հաջորդ շաբաթվանից կդրվի գործակալության ինտերնետային կայքում: «Նոր նախագծում առանձին հոդվածով փորձել ենք կարգավորել ճարտարապետական ստեղծագործությունների հարցն այն մոտեցմամբ, որ սեփականատերը պետք է իրավունք ունենա շինությունը քանդելու եւ իր ուզածով ձեւափոխելու: Դրանից առաջ նա պարտավոր է առաջին հերթին դիմել հեղինակ ճարտարապետին, եւ միայն նրա հրաժարվելուց հետո գործի իր ցանկությամբ», ասաց նա: «Ազգի» հարցին, թե հավանաբար երիտասարդական պալատի սեփականատերն արդեն իմացել է նոր նախագծով տրվող արտոնության մասին, պրն Ազիզյանը պնդեց, որ նախատեսվող փոփոխությանն առայժմ ոչ ոք տեղյակ չէ: «Ստեղծագործական բոլոր միությունները եւս հնարավորություն կունենան նոր նախագծին ծանոթանալու մեր ինտերնետային կայքից: Բոլոր կարծիքները ուսումնասիրելուց հետո նախագիծը կներկայացնենք կառավարության եւ Ազգային ժողովի հաստատմանը», հավելեց նա: Թեպետ ինքը կողմնակից է հեղինակ ճարտարապետների շահերի պաշտպանմանը, սակայն նոր օրենքով նպատակ ունի ստեղծել հավասարակշիռ վիճակ, այսինքն կպաշտպանվեն ոչ միայն հեղինակների, այլեւ սեփականատերերի շահերը:

Որքան էլ զարմանալի է, նա լավատեսորեն հավատում է, թե սեփականատիրոջը քանդելու իրավունք տվող նոր օրենքով ճարտարապետների անձեռնմխելիությունը կպահպանվի: Թեպետ նրա հաջորդ միտքը, որ լավագույն ճարտարապետական կառույցները պետք է պահպանվեն պետության կողմից, հուշում է, որ մեր սեփականատերերի մասին նրա պատկերացումները շատ ավելի իրատեսական են:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4