«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#162, 2004-09-16 | #163, 2004-09-17 | #164, 2004-09-18


ԴԵՊԻ ԼՅԱՌՆ ԱՐԱՐԱՏ...

Վահագն Գուրզադյանը եւ Սվեր Աարսեթը կրկնեցին Պարրոտ-Աբովյան երթուղին

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Այս տարվա օգոստոսի 10-ին Անգլիական թագավորության աստղագիտական միության անդամներ Վահագն Գուրզադյանը եւ Սվեր Աարսեթը հաղթահարեցին դեպի բիբլիական Արարատ տանող բարձունքը: Աարսեթին հաջողվեց հասնել 3800 մ նշագծին, իսկ Գուրզադյանը հասավ լեռան գագաթը: 175 տարի անց նրանք կրկնեցին Հայկական լեռնաշխարհին դիմահայաց լանջով 1829 թ. Պարրոտ-Աբովյան գիտարշավի կատարած պատմական երթուղին:

Տասնամյակներ շարունակ` 1920 թվից, լեռան հյուսիսային տարածքը, որտեղից սկսվել է այս ուղեւորությունը, հանդիսանում է փակ (ռազմական) գոտի, օտարերկրացիների մուտքը արգելված է: Վահագն Գուրզադյանի եւ Սվեր Աարսեթի դեպի Արարատ թույլտվությունը արտոնեցին թուրքական ռազմական իշխանությունները, ընդգծելով, որ այն արվում է ի գնահատումն նրանց գիտական գործունեության:

Անգլիացի գիտնական Ս. Աարսեթն աշխարհի խոշորագույն մասնագետներից է գալակտիկաների դինամիկայի մոդելավորման ասպարեզում: Քեմբրիջի համալսարանի իր աշխատասենյակում է գտնվում հատուկ գիտնականի համար ճապոնացիների ստեղծած Մեծ Բրիտանիայի ամենաարագ համակարգիչը: Աշխարհի գիտական կենտրոններում գալակտիկաների դինամիկան հետազոտող ծրագրերը այդպես էլ կոչվում են` Աարսեթի կոդեր:

Հռոմի համալսարանի պրոֆեսոր, Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի «Կոսմոլոգիա» խմբի ղեկավար Վահագն Գուրզադյանը Ստրասբուրգում եվրոպական գիտության քաղաքականությունը մշակող «Euroscience»-ի ղեկավար խորհրդի անդամ է, մի շարք գիտաժողովների (Ժնեւ, 1993), (Երուսաղեմ, 1997), Հռոմ (1999, 2000, 2001, 2002) նախագահ: ԱՄՆ-ում լույս տեսնող «International Journal of Modern Physics D» ամսագրի եւ Մեծ Բրիտանիայում հրատարակվող «Advances in Astronomy and Astrophysics» գրքերի մատենաշարի խմբագիրն է: Նրա ղեկավարած տիեզերական մնացորդային ճառագայթման հետազոտման միջազգային համագործակցության գիտափորձի արդյունքները 2003 թ. դասվել են տիեզերական հետազոտությունների բնագավառում աշխարհի առավել կարեւոր նվաճումների թվում:

Լեռնագնացության նկատմամբ հատուկ սեր ունեցող Վահագն Գուրզադյանը եւ Սվեր Աարսեթը տարիների ընթացքում առիթ են ունեցել մի շարք դժվարամատչելի լեռնագագաթներ նվաճել, իսկ Արարատի ուղեւորության գաղափարը մտահղացվեց, երբ անգլիացի գիտնականը Երեւան էր այցելելՙ համագործակցելու իր գործընկերոջ եւ նրա խմբի հետ:

Մեր կարճ հանդիպման ընթացքում Վահագն Գուրզադյանը համաձայնեց որոշ տեղեկություններ հաղորդել ուղեւորության մասին, իսկ բիբլիական լեռան բարձունքներին իր ունեցած զգացողությունների, հայ մարդու ապրումների, զգացմունքների ոլորտը փակ մնաց:

- Անշուշտ, հեշտ չէր Արարատի ուղեւորությունը, եղան որոշակի ճիգեր, որոնք ավելի վերաբերում էին լեռանը մոտենալուն, քան թե բարձրանալուն:

Մինչ Արարատը, բարձրացանք Արագած, ապա ուղեւորվեցինք Կարս, Անի: Երբ մոտեցանք Արարատին, պարզվեց, որ դեպի Հայաստան նայող այդ տարածքը ռազմական գոտի է, զրահամեքենաներ, ռազմական տեխնիկա, պտտվող ուղղաթիռներ: Սկզբում մեզ վերաբերվեցին կասկածանքով, ապա 1-2 ժամվա ընթացքում տեղեկություններ հավաքելով մեր մասինՙ իրենց վերաբերմունքը կտրուկ փոխեցին, պատիվ համարելով մեր` գիտնականներիս այցը առաջարկվեց մնալ, եւ հաջորդ օրն իրենց ուղեկցի հետ սկսեցինք բարձրանալ լեռը: Բարձրացանք Պարրոտ-Աբովյան երթուղով:

- Ինչո՞ւ ընտրեցիք հատկապես այդ երթուղին:

- Դեպի Հայաստան նայող ուղիներից դա ամենաբնականն է: Նրանք բարձրացել են երրորդ փորձով. առաջին եւ երկրորդ անհաջող փորձից հետո հետ են դարձելՙ կապված բարձրությանը ընտելանալու (ակլիմիզացիայի) երեւույթի հետ (աստիճանաբար վերելքով), որ իրենք սկզբում չէին պահպանել: Մոտիկից պարզ երեւում էր, թե ինչու են սխալ ճանապարհով գնացել, հետո թեքվել են մեր գնացած լանջով: Մենք բարձրացանք երկրորդ փորձով: Պարրոտի օրագիրն ինձ մոտ էր: Վերելքի նախորդ գիշերը խորհում էի գագաթի սառցադաշտի անցանելիության մասին. արդյոք մեր ունեցած հանդերձանքը բավական կլինե՞ր սառցադաշտերում սովորաբար գոյություն ունեցող անհատակ ճեղքերը հաղթահարելու համար: Ինձ հանգստացնողը, թերեւս, Պարրոտի օրագիրն էր` նրանք ճիշտ այդ ուղին անցել էին ամենատարրական միջոցներով: Առաջինը սկսեցինք 2000 մետրիցՙ Աարսեթը մնաց 3000 մետրի վրա, ես բարձրացա մինչեւ 4.800 մ (հետս բարձրաչափ ունեի): Մեկ օրվա մեջ այդպիսի տարբերությունը հակասում է անգամ լեռնամագլցության կանոններին, որովհետեւ սկսվում է այսպես կոչված լեռնային հիվանդությունըՙ կորցնում ես զգոնությունդՙ գլխապտույտ, սրտխառնոց, եւ ավելի ծանր երեւույթներ... Ես զգացի զգոնության թուլացում, որոշեցի վերադառնալ, որոշումը դյուրին չէր, որովհետեւ բնավ վստահ չէի երկրորդ փորձի հնարավորությանը: Հաջորդ օրը բարձրացանք 3000 մ եւ գիշերեցինք հովիվների բնակավայրում:

Հաջորդ առավոտյան վերելքը սկսեցինք ժամը 4.15-ին. Աարսեթը 3800 մետրի վրա որոշեց մնալ, զգալով, որ դանդաղեցնում է ընթացքը եւ գիտեր, որ ինձ համար Արարատը ուրիշ խորհուրդ ունի: Ես հասա լեռան գագաթը եւ վերադարձին բոլորս միասին իջանք եւ նույն օրը հասանք Իգդիր:

Ինչ-որ տեղ ինձ մեղավոր եմ զգում, որ Հայաստանի իմ շատ լեռնագնաց ընկերներ այդ հնարավորությունը չունեցան: Մեզ համար արվեց բացառություն: Եթե նրանք անգամ մեզ հետ լինեին, իրենց ուղեւորությունը չէր արտոնվելու: Չէի կարող պատկերացնել, թե Արարատ բարձրանալ կարող եմ իմ գիտական գործունեության շնորհիվ: Մեր ուղեւորությանը աջակցեցին շատերը: Իմ շնորհակալությունն եմ հայտնում «Արաքս Գոլդ» կազմակերպությանը` հանձինս Հարություն Աջարյանի եւ Միսաք Մայիլյանի, նաեւ փորձված լեռնագնաց Նելսոն Թամանյանին:

Արարատից վերադառնալուց մեկ շաբաթ անց Վ. Գուրզադյանը մեկնում է Ստոկհոլմՙ մասնակցելու Համաեվրոպական ֆորումին` որպես 18 հոգանոց ղեկավար խորհրդի անդամ: Քննարկվող գլխավոր հարցերից էր Եվրոպայում ստեղծվող միացյալ գիտական տարածքը, միացյալ գիտական ծրագրերը ֆինանսական միացյալ ֆոնդերով:

- Արարատի գագաթ բարձրանալուց զատ, ես կարեւորում եմ հուշարձանների վերաբերյալ մեր բերած նյութերը: Հաջողվեց նկարահանել Արարատի վրա 2100 մ բարձրությամբ գտնվող հայկական եկեղեցի, հայկական բերդ, Արարատից արեւմուտք բրոնզե դարի հուշարձաններ (անցքով քար) եւ այլ հնագիտական ու ճարտարապետական հուշարձաններ: (Լուսանկարներն ու տեսաֆիլմերը ներկայացվել են մասնագետներին):

Սառցադաշտերի ջուրն ուրիշ լեռներում, որքան փորձել եմ, անհամ է, որովհետեւ աղազուրկ է, Արարատի գագաթին սառցադաշտի ջուրը շատ քաղցր թվաց, չգիտեմ որքան է զգացմունքային մասն այդտեղ. խմեցի մի քանի անգամ եւ ամեն անգամ քաղցր էր...

Վերադարձիս` Էջմիածնում Վեհափառ հայրապետը մեծ հետաքրքրությամբ լսեց մեր ուղեւորության մասին: Ի դեպ, Պարրոտը մինչեւ Արարատի վերելքը այցելել է Էջմիածին, նրան ընդունել է կաթողիկոսը եւ Պարրոտին ներկայացրել արդեն թարգմանիչ 20-ամյա Աբովյանին...

Հ.Գ. Լուսանկարից նայում էր լեռնալանջի քարերի մեջ ծվարած ճերմակաթույր ծաղիկների ժպիտը: Որքան էլ դժվար է, բայց կարելի է, այնուամենայնիվ, պատկերացնել, թե ինչպիսի զգացումներ ուներ Վահագն Գուրզադյանը Արարատի գագաթի ճերմակ անսահմանության եւ օդի սարսուռ-անհունի դեմ- հանդիման, երբ հայոց բիբլիական լեռը մեզ հաճախ իբրեւ տեսիլք է երեւում. ինքը այդ մասին գերադասեց լռել...

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4