«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#162, 2004-09-16 | #163, 2004-09-17 | #164, 2004-09-18


ՄԻԱՅՆ ԹԵ ԱՇԽԱՏԱՆՔ ՈՒՆԵՆԱՆՔ ԵՎ ՄԵՐ ՍԵՓԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ

Մոլդովական 70/1 հասցեում գտնվող հատուկ կացարանում բնակվում է Մարգարյանների 9 անձից բաղկացած ընտանիքը: Նրանք 3 ամիս առաջ են Իրաքից եկել Երեւանՙ մշտական բնակություն հաստատելու: Արամ եւ Ժենեւեն Մարգարյան ամուսինների 2 որդիներըՙ Արան եւ Ազատը, ամուսնացել են 2 քույրերիՙ Նատիայի եւ Ասիլի հետ: Արան եւ Նատիան 2 երեխա ունեն, իսկ Ասիլը սպասում է իր առաջնեկին: Նրանց հետ է ապրում Անի Մարգարյանըՙ Արայի եւ Ազատի քույրը: ՀՀ ԿԱ միգրացիայի եւ փախստականների վարչությունը 3 ամսով նրանց է տրամադրել Հհատուկ կացարանի 4 սենյակը եւ 3 ամսով ստանձնել նրանց սննդի ծախսերը: Յուրաքանչյուր ամիս Մարգարյաններին որոշ գումար է տրամադրում Կարմիր խաչը:

- Սեպտեմբերի 10-ին արդեն լրացել է նրանց այստեղ բնակվելու երրորդ ամիսը: Մենք նրանց չենք կարող վտարել եւ այստեղ պետք է ապրեն այնքան, մինչեւ նոր կացարան գտնեն,- նշում է «Հատուկ կացարաններ» ոչ առեւտրային կազմակերպության գործադիր տնօրեն Հմայակ Սերոբյանը:

Արամ Մարգարյանը պատմում է, որ ծնվել է Իրաքում եւ ողջ կյանքում ապրել է Բաղդադում:

- Բաղդադում 2 տուն ունեինք: Մեկն արաբներն այրեցին, իսկ մյուսը մենք ստիպված թողեցինք: 2 ավտոմեքենա ունեինք եւ մեծ արհեստանոց, ուր ավտոմեքենաներ էինք վերանորոգում: Մեր տունը երկհարկանի էրՙ մեծ այգիով եւ լողավազանով: 28 խուրմայի ծառ ունեինք, որի բերքն աղքատներին էինք բաժանում: Ամեն ինչ ստիպված թողեցինք եւ եկանք, որովհետեւ ոչ միայն մեր կյանքին էր վտանգ սպառնում, այլեւ կարող էին առեւանգել թոռնիկներիս: Մեր հարեւանի 7 տարեկան երեխային իրենց տան բակում խաղալիս առեւանգել էին եւ ծնողներից պահանջել 30 հազար դոլար,- ասում է Արամ Մարգարյանը, իսկ տիկին Ժենեւեն ավելացնում է.

- Այժմյան մեր կացարանը չես համեմատի Բաղդադի մեր տան հետ: Այստեղ, սակայն, չենք լսում պայթյունների ձայնը եւ ապրում ենք մեր հայրենակիցների հետ:

Իրաքից Հայաստան են գալիս Իրանի միջով եւ 18 ժամվա ճանապարհն անցնում են 3 օրում: Անին պատմում է, մեկ օր ստիպված էին փողոցումՙ բաց երկնքի տակ գիշերել:

- Պատերազմից առաջ Իրաքում բազմահազար հայեր կային, այժմ 25 հազար էլ չեք գտնի: Պատերազմից առաջ մենք լավ էինք ապրում, հայերին լավ էին վերաբերվում,- նշում է Արամ Մարգարյանը:

Երեւանում հաստատվելուց հետո տկն Ժենեւեն եւ Անին գնում են «Հաղթանակ» զբոսայգի, ուր առաջին անգամ մայր եւ դուստր եղել էին 1977 թ.:

- Այն ժամանակ ես երկու տարեկան էի եւ լուսանկարվել էի մորս գրկում: Ես ու մայրս լուսանկարվեցինք նույն տեղում 27 տարի անց,- ասում է Անին:

Հատուկ կացարանի 4 սենյակներն էլ Մարգարյանները փորձում են նմանեցնել Բաղդադի իրենց բնակարանին: Անիի սենյակում իր տեղն է զբաղեցնում մեծ տիկնիկը, որը նրան հայրն էր նվիրել 1977 թ. Հայաստանից Բաղդադ վերադառնալուց հետո: Անին Բաղդադից իր հետ բերել է, նաեւ մի տուփ փոքրիկ խաղալիքներ, որոնց համար հատուկ կացարանի պահակը պատին ամրացվող դարակ է պատրաստում, ինչպես Բաղդադում: Միակ խնդիրն աշխատանքի եւ բնակարանի հարցն է, քանի որ այս ընտանիքում դեռեւս ոչ ոք չի աշխատում:

- Միայն թե աշխատանք ունենանք եւ մեր սեփական անկյունը: Այլեւս ոչ մի խնդիր չէինք ունենա,- ասում է Արամ Մարգարյանը:

Յուրաքանչյուր սենյակում Աստվածաշունչ կա, սակայն արաբերեն: Նատիան ասում է, որ իրենք Իրաքում արաբական դպրոցում են սովորել եւ հայերեն դժվարությամբ են կարդում: Սակայն Արայի եւ Նատիայի փոքրիկներն արդեն հաճախում են հայկական մանկապարտեզ, իսկ Ասիլի առաջնեկը կծնվի Հայաստանում:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4