Ֆրանս-հոլանդական Գաբ-Հեմագ ընկերությունը հայաստանցիների եւ սփյուռքահայերի համատեղ նախաձեռնությամբ ստեղծված կազմակերպություն է, որը 1998 թ. զբաղվում է ձեռագործ գորգագործությամբ: Ընկերությունը փորձել է հայկական գորգի ավանդույթները զարգացնելովՙ նոր հնչեղություն հաղորդել գորգարվեստին: Ավանդական, հին տեխնիկայով գործվող հայկական գորգերը նոր մեկնաբանություն ստացել են շնորհիվ նոր թեմատիկայի եւ գունային լուծումների:
Դիզայներ-նկարիչները զուգակցելով ժամանակակից գեղանկարչության տարրերըՙ տարբեր ոճերի համադրմամբ, ստեղծել են գորգի նոր տեսակ ինչպես տարանշանների, զարդանախշերի օգտագործմամբ, այնպես էլ կրոնական, պատմական թեմաների արծարծումներով: Յուրաքանչյուր գորգ թվագրված է, ունի անհատական կնիք, իր անվանումը, գորգագործ-դիզայների անունը. յուրաքանչյուրից կարող է ստեղծվել 7–50 օրինակ:
Շաբաթ օրը Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցասրահներից մեկում տեղի ունեցավ Գաբ-Հեմագ ընկերության կոլեկցիոն արժեք ունեցող ժամանակակից ձեռագործ գորգերի ցուցադրություն, որին ներկա էին պատկերասրահի տնօրեն Փ. Միրզոյանը, մշակույթի փոխնախարար Գ. Գյուրջյանը, ընկերության տնօրենը եւ ուրիշներ: Գորգերի ցուցադրությունից զատ ցուցահանդեսում ներկայացված էին ընկերության մի քանի դիզայներներիՙ Փարիզից Սիր Էլի, Երեւանից Սեյրան եւ Արեւիկ Գասպարյանների, Էդիկ Ներսիսյանի աշխատանքները:
«Խնոցի», «Կույս», «Ցուլ», «Մասիս», «Ծխախոտ», «Սանդերք», «Զարթոնք», «Խոյ», «Ավետում» գորգերն իրենց տեսակի մեջ արվեստի գործեր էին նաեւ, ազգային բնույթով, հայկական, ավանդական, գյուղական կենցաղային դրվագներով այս աշխատանքներն, ըստ տնօրենի ցուցադրվելու են եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում եւ Կանադայումՙ «ցույց տալու, որ Հայաստանը լինելով գորգագործության բնօրրան, այսօր էլ շարունակում է նորություններ ներմուծել գորգագործության մեջ»:
Մ. Բ.