Այսուհետեւ Աբովյան փողոցի թիվ 41 շենքին փակված «Այս տանը 1960-2003 թթ. ապրել է մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Կարլեն Ժիրայրի Միրզախանյանը» համեստ բովանդակությամբ հուշատախտակը կհիշեցնի նշանավոր մանկավարժի ավանդի մասին: Նույն օրը` սեպտեմբերի 18-ին, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի թիվ 5 մասնաշենքի լսարաններից մեկը անվանակոչվեց Կարլեն Միրզախանյանի անվամբ:
Կարլեն Միրզախանյանը ծնվել է 1923 թ.: Ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը եւ ասպիրանտուրան: 50-ական թթ. նա Համամիութենական իրավաբանական ինստիտուտի պրոռեկտորներից էր: Այնուհետեւ կես դար աշխատել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, ուր հիմնադրել եւ 30 տարի ղեկավարել է գեղագիտական դաստիարակության, ապա կուլտուրայի ֆակուլտետները:
- Նա իր շուրջը համախմբեց Ֆրունզե Դովլաթյանին, Հենրիկ Մալյանին, Յուրի Երզնկյանին, Լաերտ Վաղարշյանին: Կուլտուրայի ֆակուլտետը դարձավ մշակութային ասպարեզի բարձրորակ մասնագետների պատրաստման կարեւոր դարբնոց: Կարլեն Միրզախանյանը պարզապես դեկան չէր, նա ապրում էր ֆակուլտետի կյանքով,- պատմում է մասսայական հանդիսությունների ռեժիսուրայի ամբիոնի վարիչ Ալեքսանդր Քոչարյանը:
- Նրան մենք ճանաչում էինք որպես նվիրյալ մանկավարժի, որն իր բոլոր ուսանողներին գիտեր անուն ազգանունով: Կես դարից ավելի մենք ընկերներ ենք եղել: Հումորով էր, կատակասեր, բայց միեւնույն ժամանակ չափազանց խիստ աշխատանքի ընթացքում,- հիշում է ՀՀ ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը:
Կարլեն Միրզախանյանի անվան լսարանը վերանորոգվել եւ կահավորվել է վերջերս: Լուսավոր եւ ընդարձակ լսարանի պատին կախված է մանկավարժի լուսանկարը: ԿԳ նախարար Սերգո Երիցյանը նշում է, որ մշտապես հիշելով լավագույն մանկավարժների գործը եւ նրանց հիշատակը վառ պահելով միայն կարող ենք ճիշտ կազմակերպել կրթական աշխատանքը: Իսկ կուլտուրայի ֆակուլտետի դեկան Ռուբեն Միրզախանյանն ասում է, որ ֆակուլտետի ողջ կազմով պետք է փորձեն շարունակել Կարլեն Միրզախանյանի հիմնադրած ֆակուլտետի ավանդույթները եվ դասավանդելու հրավիրեն լավագույն մասնագետների:
- Ինձ համար դա առավել պարտավորեցնող է, որովհետեւ ես այսպիսով փորձում եմ վառ պահել իմ հոր հիշատակը,- նշում է Ռուբեն Միրզախանյանը:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ