Երկու հանդիպումներով երեկ մեկնարկեց ֆուտբոլի ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրը, որի կենտրոնական հանդիպումը մրցանակային տեղերի հավակնորդ «Արարատի» եւ «Բանանցի» մրցավեճն էր: Այդ հանդիպման ելքը չափազանց կարեւոր նշանակություն ուներ բրոնզե մեդալների համար մղվող պայքարում: Թիմերից յուրաքանչյուրի հաղթանակի դեպքում պարգեւներին արժանանալու նրանց հնարավորությունները զգալիորեն կաճեին: Արարատցիները 2 միավորով գերազանցում էին «Բանանցին», թեեւ վերջինս 1 խաղ պակաս էր անցկացրել:
Հանդիպումն անհաջող դասավորվեց արարատցիների համար: Արդեն 10-րդ րոպեին «Բանանցի» երիտասարդ հարձակվող Սամվել Մելքոնյանը բացեց հաշիվը: 32-րդ րոպեին աչքի ընկավ Ռոմեո Ջենեբյանըՙ կրկնապատկելով հաշիվը: Ընդմիջումից հետո արարատցիները շատ ջանք թափեցին պարտությունից խույս տալու համար, սակայն նրանց միայն մեկ անգամ հաջողվեց գրավել մրցակցի դարպասը: 69-րդ րոպեին Նավոյանը կրճատեց հաշվի տարբերությունը: Այս հաղթանակի շնորհիվ «Բանանցը» 20 խաղից հետո, վաստակելով 31 միավոր, շրջանցեց «Արարատին»ՙ տեղ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականում:
Վերջին հանդիպումներում հաջող են հանդես գալիս շիրակցիները, որոնք վերջապես վերագտնում են իրենց խաղը: Գյումրիում, հյուրընկալելով իր հիմնական հակառակորդներից մեկինՙ «Կոտայքին», շիրակցիները մրցակցի դարպասը 2 անպատասխան գնդակ խփեցին: «Շիրակը» 21 խաղից հետո վաստակեց 19 միավոր եւ հեռացավ վտանգավոր գոտուց:
Այսօր կկայանա մեկ հանդիպում. Աբովյանում «Դինամո-Զենիթը» կհյուրընկալի «Միկային»: «Փյունիկ»-«Կիլիկիա» հանդիպումը հետաձգվել է, քանի որ «Փյունիկի» մի խումբ ֆուտբոլիստներ ընդգրկված են մինչեւ 19 տարեկան պատանեկան հավաքականում, որը վաղը մեկնելու է Մակեդոնիաՙ մասնակցելու Եվրոպայի պատանեկան առաջնության ընտրական առաջին մրցափուլին:
Աշոտ Հայրապետյան