Նուրիցա Մաթոսյան «Սեւ հրեշտակ. Արշիլ Գորկու կյանքը» ( Մեծ Բրիտանիա), «Պրովիժիոնալ դանցա» (իսպանական ժամանակակից պարերի խումբ), «Եվա Ինգեմարսոն» պարային ընկերություն (Շվեդիա, վիզուալ թատրոն), «Կոկյուետ» (Ֆրանսիա, «Մայրիկի հուղարկավորությունը», բացօթյա ներկայացում), «Մարկուս Յոհներ» թատերական ընկերություն (Շվեյցարիա), «Անտագոն թատրոն» (Գերմանիա, «Թայմ աութ», բացօթյա ներկայացում), «Դուշկո Ռադովիչ» փոքր թատրոն (Սերբիա եւ Մոնտենեգրո), «Արքունական թատրոն» (Վրաստան), Ջաֆֆայի արաբ-եբրայական թատրոն (Իսրայել), «Սան-Սան» թատրոն (Ուկրաինա) այս եւ շատ այլ թատերական խմբերի ներկայացումները մեր թատերասերներին կներկայացվեն «Հայ ֆեստ» միջազգային թատերական երկրորդ փառատոնի օրերինՙ հոկտեմբերի 2-9-ը:
Փառատոնի կազմակերպիչն ու գլխավոր հովանավորը ոչ թե մշակույթի նախարարությունն է, այլ Կովկասյան հիմնադրամը, «Ալֆա էլ» պրոդյուսերական կենտրոնը, հայ դերասանների միությունը, որոնց աջակցել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանըՙ փառատոնին հատկացնելով մոտ 9 մլն դրամ: Մշակույթի նախարարից պակաս անտարբերություն չեն ցուցաբերել հայ գործարարները, նրանցից գրեթե ոչ ոք փառատոնը հովանավորելու ցանկություն չի հայտնել:
«Մշակույթի նախարարությունը սկզբում խոստացավ 4 մլն դրամ, հետոՙ 2 մլն, հետոՙ 1 մլն, իսկ վերջում ոչ մի դրամ չհատկացրեց: Մինչդեռ այսպիսի փառատոների կարիք հայերս շատ ունենք, կղզիացած ու ինքներս մեզանով հիացած ապրելուց խուսափելու համար: Մենք պարտավոր ենք շփվել օտար մշակույթների հետ, որպեսզի ավելի սթափ գնահատենք մեզ», ասաց փառատոնի պրոդյուսեր Լեւոն Աբրահամյանը: Նրա ասելով, ծախսվել է մոտ 15 մլն դրամ: Հովանավորների թվում են նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությունը, Բրիտանական խորհուրդը, «Ավստրիական ավիաուղիները», «Երեւան» հյուրանոցը, որոշ չափով Երեւանի քաղաքապետարանը եւ ուրիշներ:
Փառատոնին կմասնակցեն մոտ 20 թատերախմբեր 18 երկրներից, ընդհանուր թվով 150 հոգի, որոնց մեջ են անվանի արվեստագետներ, միջազգային փառատոների նախագահներ: Երեւանից կմասնակցեն 9 թատերախմբեր, մարզերիցՙ միայն Ղափանի եւ Արտաշատի թատրոնները: Մասնակիցների խաղացանկում տեղ են գտել թատերական ժանրի բազմազան տեսակներըՙ մնջախաղ, դրամա, տիկնիկային եւ խամաճիկների թատրոն, ժամանակակից պարային թատրոն, ստվերների թատրոն, հոգեբանական մոնոդրամա եւ այլն: Տոմսերի արժեքը 1000- 3000 դրամ է:
Փառատոնի վերջին 3 օրերին կանցկացվի տարածաշրջանի արտ մենեջերների հավաք, որին հրավիրվել է նաեւ Ադրբեջանը, սակայն ինչպես ենթադրելի է, հրաժարվել է մասնակցելուց:
Փառատոնի մասնակիցները հրաշալի առիթ կունենան հանդիպելու բրազիլացի հանրահայտ գրող Պաոլո Կուելիոյի հետ, որին Հայաստան է հրավիրել «Համազգային» կրթամշակութային միությունը:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ