«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#167, 2004-09-24 | #168, 2004-09-25 | #169, 2004-09-28


ԵՐԵՎԱՆԸ ԴՐՈՇ ՈՒ ՕՐՀՆԵՐԳ ՈՒՆԵՑԱՎ

«Էրեբունի-Երեւան» երգը մնաց անգերազանցելի

Երեւանի արդեն պաշտոնապես հաստատված դրոշի կենտրոնում զինանշանն է, սրա բրոնզագույն ու ծիրանագույն խորքի վրա թեւավոր առյուծի պատկերն է, առյուծի գլխին թագ էՙ կենաց ծառի պատկերով, ձեռքին` իշխանության գավազանը, կրծքի հավերժության նշանի վրաՙ Արարատ լեռան պատկերը: Ներքեւում բրոնզագույն տառերով դրոշմված է` Երեւան: Դրոշը ճերմակ է` իբրեւ մաքրության ու պարզության խորհրդանիշ: Զինանշանը շրջապատված է 12 եռանկյունիներով, յուրաքանչյուրը պատմական մի մայրաքաղաքի խորհրդանիշ է: Այսպիսին է լինելու Երեւանի դրոշը, որի փոքրիկ պատկերը երեկ առաջին անգամ լրագրողներին ներկայացրեց փոխքաղաքապետ Արման Սահակյանը:

Հոկտեմբերի 13-ից 16-ը անցկացվելիք Էրեբունի-Երեւան տոնակատարությանը նվիրված ասուլիսը նա սկսեց աչքալուսանքով: Նոր էր վերադարձել Երեւանի խորհրդի նիստից, ուր պաշտոնապես հաստատվել էին Երեւանի դրոշն ու օրհներգը:

Մայրաքաղաքի զինանշանն ընդունվել է 1995 թ., Ալբերտ Սոխիկյանի հեղինակությամբ: Երեւանի խորհրդի երեկվա նիստում հաստատվել է նաեւ զինանշանի գծապատկերի նոր, փոփոխված տարբերակը: Դրոշի վրա լինելու է զինանշանի փոփոխված տարբերակը:

Օրհներգն ու դրոշը գալիք տոնակատարության գլխավոր իրադարձությունը կարելի է համարել, քանի որ սցենարի մնացած բաղադրամասերը ավելի կամ պակաս չափով նախորդ միջոցառումների կրկնությունն են: Մրցութային հանձնաժողովի կազմում բացի քաղաքապետից ու փոխքաղաքապետներից նաեւ կոմպոզիտորներ են, բանաստեղծներ, ԱԺ պատգամավորներ, հրավիրվել է նաեւ մասնագիտական հանձնաժողով: Օրհներգի վերաբերյալ ստացվել է 25 հայտ: Ե՛վ օրհներգի, ե՛ւ դրոշի դեպքում, նույնպես ժյուրիի անդամ Արման Սահակյանի հավաստմամբ, քննարկումները եղել են գաղտնի, միավորներ սահմանող ժյուրիի անդամը իբր չի իմացել, թե ում աշխատանքն է ինքը գնահատում: Առաջին մրցանակը շահել է Էդգար Հովհաննիսյանի եւ Պարույր Սեւակի հեղինակած «Էրեբունի-Երեւան» հանրահայտ ու երեւանցիների սիրելի երգը: Հանձնաժողովի 12 անդամները բոլորն էլ միարժեքորեն ամենաբարձր` 10 միավորը շնորհել են «Էրեբունի-Երեւան» երգին: Այն մրցույթի է ներկայացրել կոմպոզիտորի դուստրը` Ռուբինա Հովհաննիսյանը, եւ քանի որ պարզ չէ, թե ում է շնորհվելու առաջին մրցանակի համար սահմանված 500 դոլարը, որոշվել է նվիրաբերել որեւէ մանկատան:

Երկրորդ մրցանակ շահել է Արա Գեւորգյանի եւ Արամայիս Սահակյանի «Ողջույն քեզ, Երեւան» երգը, երրորդ տեղում են Գեղունի Չթչյանն ու Սուրեն Մուրադյանը` «Երեւան» երգով:

Դրոշի վերաբերյալ ստացվել է 118 հայտ` 112 առաջարկով: Առաջին մրցանակը շահել է Հայաստանի նկարիչների եւ դիզայներների միության անդամներ Կարապետ Աբրահամյանի (նա հայկական մետաղադրամների գծապատկերների հեղինակն է, բացառությամբ 10 դրամանոցի) եւ Կարապետ Փաշյանի հեղինակած դրոշի տարբերակին: Երկրորդ մրցանակը վաստակել է Փ. Թերլեմեզյանի անվան ուսումնարանի ուսուցիչ Հասմիկ Մուրադյանը, երրորդը` գեղանկարիչ Աշոտ Համբարձումյանը:

Տոնակատարությունների ծրագիրն արդեն հստակեցվել է եւ կմեկնարկի օպերային թատրոնում` հանդիսավոր բացման արարողությամբ: Կանխավ մտադրություն կար անցկացնել Էրեբունի ամրոցի ավերակների վրա: Գաղափարը բնականաբար գայթակղիչ կարելի էր համարել, եթե ուրարտական ժամանակաշրջանի այդ եզակի հուշարձանն այդքան լքված ու ողբալի վիճակում չլիներ: Եվ մշակույթի նախարարությունը իրավացիորեն մերժեց առաջարկը:

Տոնակատարության առաջին եւ հաջորդ օրը նույնպես, ժամը 15-ից մինչեւ 18-ը կհնչեն համերգներ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու, ֆիզկուլտ ինստիտուտի, Կամերային երաժշտության տան, Կիրովի այգու հարակից տարածքներում, իսկ սպորտային մրցույթները նույն ժամանակ կանցկացվեն Վարդան Մամիկոնյանի արձանին կից հրապարակում:

Հոկտեմբերի 14-ին Սունդուկյանի անվան թատրոնում կորոշվի 2004 թ. մայրաքաղաքի գեղեցկուհին: Քաղաքապետարանի հետ մրցույթի կազմակերպիչներն են «Միսս Հայաստան» ազգային գործակալությունը, հանրային հեռուստատեսությունը եւ «Ռուսո փրոդաքշն» կազմակերպությունը: Այդ օրը Հանրապետության հրապարակում կհնչի տոնական մեծ համերգ (ժամը 19-ին): Ավանդաբար մարզերի բնակիչները գյուղի բերք ու բարիքով կգան մայրաքաղաք:

Նախորդ տարիների նման Կասկադում կազմակերպված «Երեւանը երգերի մեջ» մրցույթ-փառատոնը կորոշի լավագույն երգն ու կատարողին, «Բրաբիոն», «Կարաբալա» ծաղկի սրահների եւ «Վեդի ալկոյի» հովանավորությամբ կանցկացվեն ծաղկի ու գինու տոներ:

Իսկ հոկտեմբերի 16-ին Հրազդան մարզադաշտում տեղի ունենալիք Երեւանի 2786-ամյակին նվիրված համերգահանդեսը, Արման Սահակյանի համոզմամբ, մեծ ու շքեղ անակնկալ է դառնալու:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4