«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#167, 2004-09-24 | #168, 2004-09-25 | #169, 2004-09-28


ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՂՈՒՄՆԵՐ ԱՐԱՄՈՒՍԻ ՇՐՋԱԿԱՅՔՈՒՄ

Հանդիպում ավստրիացի հայագետ Ժասմին Դում-Դրագութի հետ

Շուրջ մեկ ամիս Արամուս լեռան լանջերին ավստրիացի մասնագետներն ուսումնասիրություններ են կատարում: Ավստրիական Զալցբուրգի համալսարանի եւ Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի միջեւ կնքված համագործակցության պայմանագրի շրջանակում ավստրիացի մասնագետները հնագիտական-հետազոտական հնգամյա ծրագիր են իրականացնելու ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Հայկ Ավետիսյանի, ավստրիական կողմիցՙ հնագիտության պրոֆեսոր Փիթըր Հաիդրի եւ հնագիտության դոկտոր Վիլֆրիդ Ալինգերի եւ բանասիրության դոկտոր Ժասմին Դում-Դրագութի ղեկավարությամբ:

Մեկ ամիսն, իհարկե, շատ կարճ ժամանակաընթաց է, սակայն նախնական տպավորությունների մասին որոշ տեղեկություններ ստացանք խմբի ղեկավարներից Ժասմին Դում-Դրագութից: Նա դասավանդում է Զալցբուրգի համալսարանում, ղեկավարում քրիստոնեական արեւելքի ինստիտուտի հայագիտության բաժինը, նա նաեւ Գերմանա-հայկական միության նախագահն է: Ավստրիայում կազմակերպվել են բազմաթիվ համերգային ծրագրեր եւ ցուցահանդեսներ հայ ստեղծագործողների ու կատարողների մասնակցությամբ: Երկու տարի առաջ Վիեննայում ներկայացվել է «Էջմիածնի գանձերը» ցուցահանդեսը, իսկ այս տարվա նոյեմբերին Ավստրիայի մայրաքաղաքում տեղի կունենա հայկական երաժշտության (դասական, ջազային) համերգ:

Ժասմին Դում-Դրագութը ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի (նախՙ ռուսական, ապաՙ հայկական բաժինների) շրջանավարտ է, ավարտելուց հետո (90-ականներին) աշխատել է Հ. Աճառյանի անվ. լեզվաբանության ինստիտուտում: Նրա հայերենը յուրահատուկ հաճելի հնչերանգով շատ ախորժելի էր հնչում. հայ մշակույթի եւ հայոց լեզվի նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է հնագույն քաղաքակրթությունների ու հին լեզուների (սանսկրիտ, հին հունարեն, լատիներեն, հին պարսկերեն) նկատմամբ իր ունեցած որոշակի նախասիրություններով: Հին հայերենիՙ գրաբարի առանձնահատկությունները, հարուստ բառապաշարը, նրանով ստեղծված մեծաքանակ գրականությունը հետաքրքրություն են առաջացրել. Ժասմինը, գրաբարը համարելով ոչ տիպիկ հնդեվրոպական լեզու, սկսել է ուսումնասիրել այն եւ նրանով ստեղծված մատենագրությունը: Զալցբուրգի համալսարանում նա դասավանդում է ոչ միայն ժամանակակից եւ միջին հայերեն, նաեւ գրաբար:

«Արամուս» ծրագրի մասնակից ավստրիացի մասնագետների 36 հոգանոց խմբի մեջ կան հնագետներ, մարդաբաններ, ճարտարապետներ, լեզվաբաններ, նաեւ ուսանողներ, որոնցից շատերն առաջին անգամ են Հայաստանում եւ առայժմ դժվարությամբ են ընտելանում կլիմայական պայմաններին, տեղական սննդին, տեղանքի աշխարհագրությանըՙ բարձրությանը եւ այլն: Արամուսն իբրեւ հետազոտական հնավայր ընտրվել է մշակութաբանական բազմաշերտության համար, որտեղ ուսումնասիրություններից հայտնաբերել են հնագույն քաղաքակրթության հետքերՙ ուրարտական, հունական (հելլենիստական), ինչպես նաեւ միջնադարյան շրջանների: Հնագետների մի խումբ զբաղված է հետուրարտական թագավորության շրջանի ուսումնասիրությամբ, հայտնաբերվել են ուրարտական ամրոցի բեկորներ: Ժասմին Դում-Դրագութի ղեկավարած խմբի հետազոտության նյութը վերաբերում է միջնադարյան շրջանին, հայտնաբերվել են հին գերեզմաններ, շինությունների ավերակներ, կան շատ վատ պահպանված բազմաքանակ խաչքարեր: Խմբի անդամները փոքրիկ խոզանակներով ամենայն մանրամասնությամբ ու զգուշությամբ մաքրում են գտածոների, հին գերեզմանների (որոնցից մեկըՙ երեխայի) դետալները, փորագրությունները: Արամուսի հնավայրը բավականին հետաքրքրություն է առաջացրել ավստրիացի մասնագետների շրջանակում, եւ հաջորդ տարի նրանք որոշել են ավելի քրիստոնեական շրջանի մեծաթիվ հնագետների խմբով ժամանել:

Հայագիտական պրպտումներն ամբողջացնելու համար ավստրիացի հայագետը համագործակցում է Երեւանի Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի հետ, եւ պարզել է, որ Մատենադարանում երեք ձեռագիր կա (XVII-XVIII դդ.) Արամուս բնակավայրից: Պրպտում է նաեւ հիշատակարաններում պահպանված բազմաթիվ նյութերը. «Դավիթ Ա Արամոնեցի կաթողիկոսը (728-741) Արամուսից է եղել, նրա մասին հիշատակում են Սամուել Անեցին եւ Կիրակոս Գանձակեցին: Պատմությունը վկայում է, որ նա իր հայրենի գյուղում կառուցել է եկեղեցի եւ դարձրել կաթողիկոսանիստ, բայց այստեղ ոչ եկեղեցի կա, ոչ հայրապետական բնակավայր, հայտնաբերվել են շինության ավերակներ, որ գուցե պալատի մնացորդներ լինեն», ասում է Ժասմինը: Առայժմ քիչ բան է ուսումնասիրված, բայց «Արամուս» ծրագրի ուսումնասիրված նյութերի առաջին շրջանի արդյունքները կամփոփվեն եւ կհրատարակվեն «Արամուս-1» խորագրով ժողովածուի մեջ, որը հետագայում կունենա շարունակություն:

Ժասմին Դում-Դրագութը Հայաստանը համարում է իր երկրորդ հայրենիքը. նա արդեն 16-17 տարի պարբերաբար այցելում է Հայաստան եւ շուտով հայկական անձնագիր է ստանալու: «Տանն ամուսինս ինձ հաճախ ասում էՙ քո սիրտն այնտեղ է, ոտքերդ են այստեղ»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4