«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#168, 2004-09-25 | #169, 2004-09-28 | #170, 2004-09-29


ԴԵՎԻՍԻ ԶԵԿՈՒՅՑԸ ԹԵՐԻ Է, ԲԱՅՑ ԱՆԱԶՆԻՎ ՉԷ

ԵԽ գլխավոր քարտուղարի որոշ ձեւակերպումներ անընդունելի են հայկական կողմի համար

ԵԽԽՎ Ղարաբաղի հարցով նախկին զեկուցող, այժմ ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի զեկույցի երկու առանցքային մասերը տպագրվել են «Առավոտ» օրաթերթի սեպտեմբերի 28-ի համարում: Արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր թեւերը բրիտանացու զեկույցն ընդհանուր առմամբ որակեցին անընդունելի հայկական կողմի համար:

Անկասկած, զեկույցում կան անընդունելի ձեւակերպումներ, սակայն ընդհանուր առմամբ Դեւիսի զեկույցն անազնիվ չէ: Նախ անդրադառնանք մեզ համար անընդունելի ձեւակերպումներին: Դեւիսն օգտագործում է «էթնիկ աքսոր» եւ «միատարր էթնիկ տարածքների առաջացում» որակումները: Այս կետը թերեւս ամենաանընդունելին է, սակայն պետք է փաստել, որ որակումները վերաբերում են նաեւ Ադրբեջանին եւ այդ հանրապետությունից բռնի ուժով դուրս քշված մոտ 400 հազար հայերին: Զեկույցի երկրորդ կետում ասվում է. «(ԵԽԽՎ-ը) մտահոգություն է հայտնում, որ զինված գործողությունները եւ դրանց նախորդող լայնատարած էթնիկ հակամարտությունները հանգեցրին լայնածավալ էթնիկ աքսորի եւ միատարր էթնիկ տարածքների առաջացման, որը նմանվում է էթնիկ զտման սարսափելի գաղափարին»:

Անընդունելի է նույն կետի վերջին հատվածը. «(ԵԽԽՎ-ը) կրկնում է, որ անդամ երկրի կողմից օտար տարածքի գրավումըՙ Եվրոխորհրդի անդամ երկրի ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է»: Փաստորեն, Դեւիսը ղարաբաղյան փաթեթից ընդամենը մեկ տարր է վերցրել եւ դրան տվել իր մեկնաբանությունը: Մինչդեռ իրականում եղել է պատերազմ, որը սանձազերծել է Ադրբեջանըՙ ԼՂ-ն գրավելու եւ բոլոր հայերին այդ տարածքից դուրս քշելու նպատակով այնպես, ինչպես ադրբեջանցիները դա կարողացան իրականացնել Բաքվում, Սումգայիթում, Ադրբեջանի մյուս հայաշատ բոլոր բնակավայրերում: Ղարաբաղյան պատերազմն ավարտվեց հայկական կողմի հաղթանակով, ավելինՙ ԼՂ ինքնապաշտպանական ուժերը ձեւավորեցին անվտանգության գոտի, որը եւ կարեւոր օղակ է Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը չեզոքացնելու առումով:

Երրորդ կետով Դեւիսը հորդորում է կողմերինՙ կատարել ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձեւերը, եւ «հետ քաշել զորքերը բոլոր գրավյալ տարածքներից»: Զեկույցի այս հատվածը թերի է այն առումով, որ «գրավյալ բոլոր տարածքներ» ձեւակերպումը հստակ չէ: Եթե Դեւիսը նկատի ունի ՄԱԿ-ի ԱԽ թիվ 822, 853, 874 եւ 884 բանաձեւերը, ապա դրանք կատարելու դեպքում ղարաբաղյան ուժերը չպետք է դուրս բերվեն Լաչինից:

Զեկույցի չորրորդ եւ տասներորդ կետերում Հայաստանին եւ Ադրբեջանին հորդորվում է զերծ մնալ «իրար նկատմամբ զինված ուժեր գործադրելուց, ինչպես նաեւ զինված գործողություններ քարոզելուց», դատապարտում է «Հայաստանի եւ Ադրբեջանի զանգվածային լրատվամիջոցներով տարածվող փոխադարձ ատելությունը»: Փաստորեն Դեւիսը հավասարության նշան է դնում, մինչդեռ ակնհայտ է, որ հենց եւ միայն Ադրբեջանն է ԶԼՄ-ներով հակահայկական քարոզչություն բարձրացրելՙ հասցնելով դա պետական քաղաքականության մակարդակի: Ադրբեջանում պետական մակարդակի հասցված հակահայկական հիստերիան բյուրեղացավ Բուդապեշտում, երբ Ռամիլ Սաֆարովը կացնահարեց հայ սպային:

Դեւիսը ութերորդ կետով կոչ է անում «Ադրբեջանի իշխանություններին քննարկել ԼՂ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ կապեր հաստատելու հարցըՙ Ղարաբաղի ապագա կարգավիճակը քննարկելու համար»: Ըստ էության, Դեւիսն իր զեկույցով չի կանխորոշում ԼՂ ապագա կարգավիճակը, այն թողնելով Բաքվի եւ Ստեփանակերտի իշխանությունների դատին:

Ամենաուշագրավը թերեւս յոթերորդ կետն է, որով առաջարկվում է. «Եթե Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող բանակցությունները ձախողվեն, ապա... Հայաստանն ու Ադրբեջանը պետք է մտածեն Արդարադատության միջազգային դատարանն օգտագործելու մասին, քանի որ առկա է իրավական վեճՙ արդյոք ՄԱԿ-ի խարտիայի երկրորդ հոդվածի չորրորդ պարբերության համաձայն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտվա՞ծ է Հայաստանի կողմիցՙ Լեռնային Ղարաբաղի մարզի ժողովրդի անջատման իրավունքը պաշտպանելու համար»:

Վերջին տարիներին հայկական կողմը բազմիցս պնդել է, որ Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, ՄԱԿ-ի իրավանախորդ Ազգերի լիգան չի ճանաչել 1918-20 թթ. Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը, քանի որ վերջինս փորձում էր Ազգերի լիգային անդամակցել Ղարաբաղով եւ հարակից մի շարք շրջաններով: Երեւանն ընդունելի է համարում ղարաբաղյան խնդրին իրավական լուծում տալը: Կհամաձայնե՞ն հակամարտության կողմերը խնդրի կարգավորումը տեղափոխել իրավական դաշտ եւ այդ հարցով դիմել միջազգային դատարան: Սրա պատասխանը կտա ժամանակը:

Մեր կողմից հավելենք հետեւյալը. վերջերս Աստանայում տեղի ունեցավ նախագահներ Քոչարյանի եւ Ալիեւի հերթական հանդիպումը: Մինչ բանակցությունները շարունակվում էին, լրագրողները զրուցում էին ԵԱՀԿ Մինսկի խմբում ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում մասնավորապես նշեց, որ կողմերը պատրաստ չեն լուրջ փոխզիջումների: Մերզլյակովն ակնարկեց, որ առաջարկվել է հարցի լուծման նպատակով դիմել միջազգային դատարան, սակայն կասկածեց, թե կողմերը կհամաձայնեն դրան:

Թերի Դեւիսն այլեւս Ղարաբաղի հարցով զեկուցող չէ, նրա պատրաստած զեկույցը չունի իրավական ուժ, բայց ունի քարոզչական կարեւոր նշանակություն: Նոր զեկուցողըՙ բրիտանացի Դեյվիդ Աթքինսոնը, իր պատրաստելիք զեկույցում կօգտվի՞ Դեւիսի զեկույցից, թե՞ ոչ: Համենայն դեպս, հայկական կողմը, այդ թվումՙ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակները շատախոսելու եւ միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն պիտի փորձեն աշխատել նրա հետ, օգտագործելով դիվանագիտական բոլոր հնարքները:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4