2004 թ. հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղում բնակվել է 120 ընտանիք կամ 623 մարդ, «Ազատ Արցախ» թերթին տված հարցազրույցում ասել է ԼՂՀ կառավարությանն առընթեր միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչության պետ Սերժ Ամիրխանյանը: ԼՂՀ իշխանությունները վերաբնակեցման նպատակով ելակետ են ընդունում կառավարության 2001-2010 թթ. համար հաստատած վերաբնակեցման ծրագիրը, ըստ որի 10 տարվա ընթացքում վերաբնակիչների թիվը Արցախում պետք է հասցվի շուրջ 70 հազարի:
«Զուտ պետական միջոցներով ծրագրի իրականացումը դյուրին աշխատանք չէ: Այն կարժենա 110 մլն դոլար: Մինչդեռ պետբյուջեով մեզ տրամադրված է տարեկան 440 մլն դրամ: Եթե հենվենք պետբյուջեի հատկացումներին, տասնամյա ծրագիրը երեւի կտեւի մոտ 110-120 տարի», ասել է Ամիրխանյանը: Վարչության պետը նշել է, որ սփյուռքի օգնությամբ է հնարավոր իրականացնել ծրագիրը, եւ մինչեւ 2010 թ. ԼՂՀ բնակչությունը ավելացնել 68 հազարով:
«Մենք հաճախակի ասում ենք, որ Ղարաբաղի սոցիալ-տնտեսական դաշտում հաղթաթուղթն այն կլինի, որ Ղարաբաղն ունենա 300 հազար բնակիչ: Մենք միջազգային հանրությանը պետք է փաստի առաջ կանգնեցնենքՙ հավաստելով, որ Ադրբեջանից բռնագաղթած մոտ կես միլիոն հայ ազգաբնակչություն գոյություն ունի», ասել է Սերժ Ամիրխանյանը: