Գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտական եւ հասարակագիտական ինստիտուտների ղեկավարների հանրապետության ղեկավարներին ուղղված բողոքից հետո («Ազգ», 4 սեպտեմբերի, 2004) առանձնակի փոփոխություններ տեղի չեն ունեցել:
ԳԱ ակադեմիայի փոխնախագահ Վլադիմիր Բարխուդարյանից տեղեկացանք, որ Ազգային ժողովի նախագահի մոտ տեղի ունեցած գիտնականների խորհրդակցությունից հետո որոշվել է եկող տարվա պետական բյուջեում հատկացումներ անել հայագիտական միջազգային կենտրոն, հիմնադրամ եւ պարբերական ստեղծելու համար: «Միակ կոնկրետ խոստումն այն էր, որ հայագիտական 7 աշխատանքներ կֆինանսավորվեն ու կհրատարակվեն այս տարի: Հայագիտական հիմնադրամ ու պարբերական ստեղծելու մեր նպատակը թելադրված է սփյուռքի հայ եւ օտար հայագետների հետ անմիջական շփումներ հաստատելու եւ հայագիտությունը մեկուսացումից փրկելու անհրաժեշտությամբ: Եթե գոնե եկող տարի հիմնադրամը ստեղծվի, Հայաստանի եւ սփյուռքի բարեգործները մեծ չափով կաջակցեն հայագիտությանը», ասաց նա:
Հիշեցնենք, որ հայագիտական միջազգային կենտրոն, հիմնադրամ եւ պարբերական ստեղծելու խոստումը տրվել էր անցած տարվա սեպտեմբերի վերջին կայացած հայագիտական միջազգային առաջին համաժողովից հետո, սակայն առ այսօր հարցը չի լուծվել: Թե որքանո՞վ է հավաստի Հայաստանի ղեկավարության այս ամսվա խոստումը, առայժմ վաղ է ասել: Հայագետներն այս առումով դառը փորձ ունեն:
Ռ. Պ.