«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#168, 2004-09-25 | #169, 2004-09-28 | #170, 2004-09-29


«ՔՎԱՆՏԻ» ՍԱՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՆ

Հուլիսի կեսերից սկսած «Քվանտ» վարժարանի սաները Բյուրականի աստղադիտարանում նախապատրաստվում էին միջազգային դպրոցական 9-րդ օլիմպիադային, որը կկայանա հոկտեմբերի 1-9-ը, Ղրիմում: «Բյուրականում մեր 3 սաները սովորում էին խորացված աստղագիտություն, որովհետեւ դպրոցական դասագրքի մակարդակի աստղագիտություն իմանալով հնարավոր չէ հաղթել անգամ հանրապետական օլիմպիադայում, ուր մնաց թե միջազգայինում: Շաբաթվա մեջ միայն մի օր էր նրանց թույլատրվում Երեւան գալ, մնացած օրերին իմ ղեկավարությամբ ուսումնասիրում էին խորացված աստղագիտություն, խնդիրներ լուծում, դիտում երկնակամարը», ասում է Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, Երեւանի պետական համալսարանի դասախոս Արմեն Օսկանյանը, որը «Քվանտ» վարժարանում վարում է ֆիզիկայի եւ աստղագիտության օլիմպիական խմբակները:

Աստղագիտության օլիմպիադան բաղկացած է 3 փուլից. տեսական փուլում աշակերտները խնդիրներ են լուծում, դիտողականում գիշերաժամին ցույց են տալիս համաստեղություններն ու պայծառ աստղերը ու նշում դրանց անունները: Ամենադժվարը վերջինՙ պրակտիկ փուլն է, որի ժամանակ տրվում է դիտողական խնդիր եւ պահանջվում մշակել ու եզրակացություն անել գիտական մոտեցմամբ:

Անցյալ տարվա համեմատ մասնակիցների թիվը նկատելիորեն աճել է, հասնելով 120-ի: «Եթե այսպես շարունակվի, հույս ունենք, որ 2008 թվականին հերթական օլիմպիադան կանցկացվի Բյուրականում, քանի որ այդ տարվա սեպտեմբերի 18-ին նշվելու է Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակը», ասաց պրն Օսկանյանը:

Հիշեցնենք, որ արդեն 3 տարի «Քվանտ» վարժարանի սաները փայլուն հաջողություններ են ունենում աստղագիտության միջազգային օլիմպիադայում: Անցյալ տարի 4 մասնակիցներից 3-ը վերադարձան առաջին կարգի դիպլոմներով:

Այս տարի նրանց ֆինանսական բոլոր ծախսերը հոգացել է կառավարությունը:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4