17 պետության 23 քաղաքի հետ 30 տարվա ընթացքում Երեւանը հռչակվել է քույր քաղաք: 1974 թ. Երեւանը եւ Հարավսլավիայի Տիտոգրադ քաղաքը հռչակվում են քույր քաղաքներՙ միանալով դեռեւս Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո սկիզբ առած շարժմանը: 60 տարի առաջ Վոլգոգրադը եւ Քովենտրին հռչակվում են քույր քաղաքներ` սկիզբ դնելով մի շարժման, որը պատերազմի արհավիրքներից հետո խորհրդանշելու էր բարեկամություն եւ եղբայրություն: 1981 թ. Երեւանը քույր քաղաք է հռչակվում Մադագասկարի Անտանանարիվու, 1987 թ. ԱՄՆ-ի Քեմբրիջի, իսկ 1988-ին Իտալիայի Կառառա քաղաքների հետ: Խորհրդային Միության տարիներին ձեւավորված ավանդույթը հաջողությամբ շարունակվում է նաեւ անկախությունից հետո: 1993-2002 թթ. Երեւանը քույր է հռչակվում 19 քաղաքի հետ, որոնք հիմնականում խոշոր քաղաքներ են (Լիոն, Աթենք, Սան Պաուլո, Մինսկ, Մոսկվա):
- Քույր քաղաք հասկացությունը խորհրդանշական է, սակայն մենք փորձում ենք դրան բովանդակային հիմք հաղորդել: Շատ կարճ ժամանակամիջոցում Երեւանը կարող է քույր հռչակվել աշխարհի հարյուրավոր քաղաքների հետ: Մենք գերադասում ենք նման համաձայնագիր ունենալ 23-ի հետ, որոնց հետ համագործակցում ենք եւ կան կոնկրետ շփումներ,- նշում է Երեւանի քաղաքապետարանի արտաքին կապերի եւ տեղեկատվության վարչության պետ Դավիթ Գեւորգյանը:
Ֆլորենցիայի հետ Երեւանը քույր քաղաք է հռչակվել 1996 թ., սակայն համագործակցության ծրագրեր մշակվում են վերջերս: Դավիթ Գեւորգյանի հավաստմամբ, դա տրանսպորտային ծրագիր է եւ ենթադրում է տեխնիկական աջակցություն: Քեմբրիջ քաղաքի հետ ակտիվորեն իրագործվում են կրթական ծրագրեր, գործում է նույնիսկ Երեւան-Քեմբրիջ ասոցիացիան: Վոլգոգրադի հետ նախատեսվում է կազմակերպել տնտեսական ցուցահանդես:
- Մեր կապերը բավականին սերտացել են Դոնի Ռոստով քաղաքի հետ: Ձեռք են բերվել առեւտրատնտեսական եւ մշակութային համագործակցության պայմանավորվածություններ: Ամենայն հավանականությամբ մոտ ժամանակներս Երեւանը եւ Դոնի Ռոստովը կհռչակվեն քույր քաղաքներ,- հավաստիացնում է Դավիթ Գեւորգյանը:
Երեւանը նաեւ ԱՊՀ երկրների մայրաքաղաքների եւ խոշոր քաղաքների միջազգային ասամբլեայի, Քույր քաղաքների միջազգային ասոցիացիայի, Սեւծովյան մայրաքաղաքների ասոցիացիայի անդամ է:
Էրեբունի-Երեւան տոնակատարությունների կապակցությամբ հրավեր է ուղարկվել Երեւանի բոլոր կրտսեր քույր քաղաքների քաղաքապետներին:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ