«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#168, 2004-09-25 | #169, 2004-09-28 | #170, 2004-09-29


ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ՔԻՉ ՉԷ

Գիտությունը ծերացումից փրկելու եւ երիտասարդ գիտնականներին խրախուսելու նպատակով «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկությունն ու Հայկական սոցիոլոգիական ընկերակցությունը 10 երիտասարդ գիտնականների արժանացրին գովասանագրերի եւ դրամական պարգեւներիՙ յուրաքանչյուրին 500 դոլարին համարժեք դրամ:

Նախաձեռնության հեղինակն ու հովանավորը «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության հայկական բաժանմունքի տնօրեն, լեզվաբանական գիտությունների դոկտոր Զավեն Եկավյանն է, որի հայագիտության հանդեպ ունեցած անսահման նվիրումի շնորհիվ Հայաստանում շարունակվում են հրատարակվել հայ գիտնականների արժեքավոր ուսումնասիրությունները:

Երիտասարդ գիտնականներն ընտրվել են գիտության տարբեր ճյուղերից: Եվ չնայած տարածված կարծիքին, թե Հայաստանում գիտությունն արդեն մեռնում է, չունենք երիտասարդ տաղանդավոր կադրեր, ընտրության ընթացքում պարզվել է, որ նրանց թիվն իրականում բավականին շատ է, եւ կարելի էր ընտրել նույնիսկ 100 լավագույնների:

«Ընտրությունը բավականին դժվար էր, մշակել էինք որոշակի չափորոշիչներ, ըստ որոնց ընտրում էինք թեկնածուական կոչում ունեցողներին, որոնք արդեն մասնակցել են միջազգային գիտաժողովների, գրքերի ու հոդվածների հեղինակներ են: Մեր ընտրած տասնյակը լավագույնն է, բայց միակը չէ: Եթե այս նախաձեռնությանը միանան այլ բարերարներ, հաջորդ տարի կպարգեւատրենք կրկնակի կամ քառակի թվով երիտասարդների», ասաց Հայկական սոցիոլոգիական ընկերակցության նախագահ Գեւորգ Պողոսյանըՙ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Էրատո թագուհի» դահլիճում երեկ տեղի ունեցած միջոցառման ժամանակ:

Երիտասարդ գիտնականներից 9-ը Երեւանից են, մեկըՙ Գյումրիից: Նրանք Գիտությունների ազգային ակադեմիայի հիդրոէկոլոգիայի, ֆիզիկայի, արեւելագիտության, պատմության, հնագիտության եւ ազգագրության, բիոքիմիայի ինստիտուտների, Բյուրականի աստղադիտարանի, ամերիկյան, ճարտարագիտական եւ պետական համալսարանների ասպիրանտներ են:

Ավանդույթի համաձայն նրանք երախտագիտություն հայտնեցին միջոցառման կազմակերպիչներին: Գյումրեցի Հայկ Մանուկյանն իր գիտական հաջողությունների համար ջերմագին խոսքեր ասաց ԳԱ ակադեմիայի բիոքիմայի ինստիտուտի տնօրեն Արմեն Գալոյանին, որի ասպիրանտն է: «Գյումրեցիներս ավանդապաշտ մարդիկ ենք ու լավ գիտենք, որ մի ծաղկով գարուն չի գալիս: Այս պատվին արժանանում եմ իմ գիտական ղեկավարի եւ ողջ կոլեկտիվի միասնական աշխատանքի շնորհիվ: Ավելի շատ պարտավորվածության, քան հպարտության զգացում ունեմ», ասաց նա:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4