«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2004-09-28 | #170, 2004-09-29 | #171, 2004-09-30


ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԳՐԱՎԵԼ ԵՆ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԸ

Ժիրայր Սեֆիլյան. ԼՂ-ում եւ հարակից շրջաններում վերաբնակեցման ծրագիր գոյություն չունի

«Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող, արցախյան պատերազմի ակտիվ մասնակից Ժիրայր Սեֆիլյանը պնդում է, որ ԼՂ-ում եւ հարակից շրջաններում վերաբնակեցման ծրագիր գոյություն չունի: Երեկ Մամուլի ազգային ակումբում Սեֆիլյանն անընդունելի համարեց իշխանությունների գործելաոճը, ըստ որի մի քանի գեներալներ հազարավոր հեկտարների են տիրացել, իսկ ազատագրված տարածքներ մեկնող հայ ընտանիքները փորձում են մի կտոր հաց գտնել: Սեֆիլյանը հարկ չհամարեց նշել այն գեներալների անունները, ովքեր, նրա խոսքերով, հազարավոր հեկտարների են տիրացել:

Սերժ Ամիրխանյանը ԼՂՀ կառավարությանն առընթեր միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչության պետն է: Նա համաձայն չէ Սեֆիլյանի տեսակետներին եւ բերում է հակափաստարկներ: «(Այդ տարածքներում) անմշակ տարածքներ չկան եւ միայն գեներալները չեն, որ ունեն հողեր: (ԼՂ-ից) Հարավային ուղղությամբ «Ֆրանկ Մյուլլերն» ունի մեծ տարածք, Լուսակերտի թռչնաբուծարանըՙ 3 հազար հեկտար եգիպտացորենի դաշտ», ասաց Ամիրխանյանը:

«Մեզ համար սահմանափակում չկա, բոլոր հողերը ենթակա են վերաբնակեցման եւ մշակման: 2002 թ. վերաբնակեցրել ենք 105 ընտանիք, 2003-ինՙ 165 կամ 650 շունչ: Այս տարվա ինն ամիսներին վերաբնակեցրել ենք 160-ից ավելի ընտանիք եւ մինչեւ տարեվերջ փորձելու ենք այդ թիվը հասցնել 200-ի», ասաց Ամիրխանյանը նկատելով, որ վերաբնակեցման դինամիկան տարեկան աճում է 30-35 տոկոսով:

ԼՂՀ կառավարությունն ունի վերաբնակեցման ծրագիր, ըստ որի 2001-2010 թթ. վերաբնակիչների թիվը պետք է հասցվի 68 հազարի: Ամիրխանյանն ասում է, որ ծրագիրն ընդգրկում է ԼՂՀ բոլոր շրջանները, մասնավորապես հյուսիսարեւելյան գոտին: Սակայն, մյուս կողմից, այդ ծրագիրն արժե մոտ 110 մլն դոլար, մինչդեռ պետբյուջեով տարեկան տրամադրվում է 440 մլն դրամ, այսինքնՙ եթե միայն պետբյուջեի հատկացումները լինեն, ապա տասնամյա ծրագիրը կիրականացվի 110-120 տարում: Նկատենք, որ վերաբնակեցման անցնող տասը տարիներին (1994-2004 թթ.) Արցախում եւ հարակից տարածքներում վերաբնակեցվել է մոտ 23 հազար մարդ, վերականգնվել է 150 բնակավայր:

Վերջին շրջանում մամուլում կրկին ակտիվորեն շրջանառվում է ղարաբաղյան ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքները վերադարձնելու հավանականությունը: Ժիրայր Սեֆիլյանն ասում է, որ 1994 թ. ի վեր Հայաստանի իշխանություններն ազատագրված տարածքներն օգտագործում են բանակցություններում «բազարի» նպատակով: Սեֆիլյանի կարծիքով, Թուրքիային եւ Արեւմուտքին չի հետաքրքրում, թե ով է վերահսկում Աղդամը: «Խնդիրը վերաբերում է Արաքսի հովտի վերահսկողությանը, ով հսկի այդ տարածքը, նա էլ կվերահսկի ամբողջ Կովկասը», ասում է նա: Սա Թուրքիային է հետաքրքրում, եւ նրանք են աշխատում տիրանալ Արաքսի հովտին, կարծում է Սեֆիլյանը:

Սերժ Ամիրխանյանը փաստում է, որ հնարավորության սահմաններում վերաբնակեցվում է նաեւ Արաքսի հովիտը: Մասնավորապես, այսօրվա դրությամբ Զանգելանում բնակություն է հաստատել 130 ընտանիք, Ջեբրայիլումՙ 70: Վերոնշյալ բնակավայրերից ավելի հարավ, ըստ Ամիրխանյանի, այս տարվա ծրագրով մեկ այլ բնակավայր պիտի հիմնադրվի 20 ընտանիքներով: ԼՂՀ միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչության պետն ասում է, որ այսօրվա դրությամբ 700-800 ընտանիքներ ցուցակում են եւ ցանկանում են վերաբնակվել, սակայն կառավարության միջոցները թույլ են տալիս տարեկան բնավորել միայն 200 ընտանիքի:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4