«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2004-09-28 | #170, 2004-09-29 | #171, 2004-09-30


ԲԵՌՆԱՐ ԿԱԶՈՆԻ. «ՊԵՏՔ ՉԷ ՀՈՒՍԱԽԱԲ ԼԻՆԵԼ»

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Կազոնին հարցազրույց է տվել ՖԻՖԱ-ի` ֆրանսերենով թողարկվող պաշտոնական կայքին, որը ՀՖՖ-ի մամուլի քարտուղարության կողմից թարգմանվել եւ որոշակի կրճատումներով ներկայացնում ենք ստորեւ: Կրճատված են այն տեսակետներն ու տեղեկությունները, որոնք բազմիցս հնչել են Հայաստանի զանգվածային լրատվամիջոցներում:

Մարսելի «Օլիմպիկի» եւ Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ձախ եզրային Բեռնար Կազոնին վերջին ժամանակների իր մարզչական փորձություններում հաճախ է ցավ զգացել: Ընդունելով Հայաստանի ազգային հավաքականը մարզելու առաջարկը, թուլոնցին բոլորովին էլ հեշտ ուղի չի ընտրել: Սակայն հենց դա էլ հանդիսացել է պատճառը: Գիտակցելով իրեն բաժին հասած ահռելի աշխատանքը, նա միաժամանակ համոզված է, որ հայկական ֆուտբոլը զարգանալու հնարավորություններ ունի: 2006 թ. ՖԻՖԱ-ի «Աշխարհի գավաթի» նախնական փուլի մեկնարկային խաղերում կրած անհաջողությունները նրա կարծիքը չեն փոխել:

- Ի՞նչը Ձեզ դրդեց ընդունելու այդ առաջարկը:

- Փորձությունն ուղղակի հետաքրքրական թվաց ինձ: Բոլորին չէ, որ հնարավորություն է ընձեռվում ստանձնել հավաքականի ղեկը եւ ոչ մի պրոֆեսիոնալ այդ հնարավորությունը բաց չի թողնի: Միաժամանակ հսկայական անելիքներ կան հայկական ֆուտբոլում, եւ հենց այդ հանգամանքն էլ ինձ ավելի դրդեց: Ես մեծ խանդավառությամբ եմ մոտենում այն մտքին, որ հնարավորություն է ընձեռված փոփոխություններ իրականացնել:

- Դուք միայնակ չեք մեկնել եւ որոշել եք գնալ Ձեր ընկերոջ ու Մարսելի «Օլիմպիկում» Ձեր թիմակից Բեռնար Պարդոյի հետ:

- Կարեւոր է, երբ այդքան հեռվում միայնակ չես: Դժվար է աշխատել առանց նեցուկի եւ այդ պարագայում ավելի լավ է, որ նեցուկն ընկերդ է: Բեռնարի մայրը հայ է եւ դա նույնպես օգնություն է: Ես համոզված էի, որ նա կատարելապես կիրականացնի այդ գործառույթը:

- Երկու ամիս անց ի՞նչ եզրակացության եք հանգել:

- Շատ անելիքներ կան: Անհրաժեշտ է կառուցվածքային փոփոխություններ իրականացնել: Բոլորս պետք է գիտակցենք հայ ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստվածության անհրաժեշտությունը: Պետք է կարողանանք զարգացնել մոտեցումները բժշկական զննումներին, հոգեբանական վիճակին: Միայն երկար աշխատանքով է հնարավոր փոփոխություն մտցնել իրավիճակի մեջ: Իհարկե եթե կարողանայինք լավ արդյունքի հասնել, ամեն ինչ ավելի արագ կընթանար:

- Ո՞րն է Ձեր ներկայիս խնդիրը:

- Հայկական ֆուտբոլն այսօր միջին մակարդակի վրա է, բայց պետք չէ հուսախաբ լինել: Ժամանակ է անհրաժեշտ գործադրած ջանքերի արդյունքները քաղելու համար: Բայց մի նախապայման կա. բոլորի ջանքերը պետք է ուղղված լինեն մի գաղափարի իրագործմանը: Ես ունեմ խաղացողներ, որոնք թեեւ հանդես են գալիս արտասահմանյան թիմերում, կատարելագործում են իրենց, որոշ չափով եւ ընդունված են որպես աստղեր, բայց, այնուամենայնիվ, նրանցից ոչ մեկն էլ իր ակումբի առաջատարը չէ: Հետեւաբար անհրաժեշտ է այն գիտակցումը, որ ոչ մեկը մյուսից առավել չէ եւ բոլորը պետք է հավասարապես ներդնեն իրենց ջանքերը: Նույնը վերաբերում է նաեւ մեր հանդիսատեսին: Մեր երկրպագուները մեր հանդեպ պետք է մի քիչ համբերատար լինեն:

- Մարսելի «Օլիմպիկում» եւ Կաննում Ձեզ այնքան էլ չօգնեցին Ձեր մարզչական գործունեության մեջ:

- Գիտեք, անիվը պտտվում է: Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը ցանկանում է առաջընթաց տեսնել, եւ ինձ քարտ բլանշ է տվել: Երբ ես որեւէ բան եմ խնդրում, ինձ անմիջապես օգնում են: Չորս հոգով միանգամից մատուցում են: Մեծ հաճույք է նման պայմաններում աշխատելը:

-Ի՞նչ կասեք առաջին երկու հանդիպումների մասին:

-Դժվար է պատասխանել: Մակեդոնիայի հետ խաղին նախապատրաստվելիս ֆուտբոլիստների մեծ մասն իմ տրամադրության տակ եղավ միայն նախօրեին: Դա ամենեւին էլ փայլուն չէ «Աշխարհի գավաթի» խաղին նախապատրաստվելու համար: Բայց մեր անհաջողությունը սեփական հարկի տակ, Ֆինլանդիայի հետ խաղում, վհատեցրեց ինձ: Մենք լավ խաղացինք, բազում վտանգավոր պահեր ստեղծեցինք, բայց պարտվեցինք կենտրոնացվածության բացակայության պատճառով: Այնուամենայնիվ, պետք չէ երազել: Այսօր մենք չենք կարող հաղթել Հոլանդիային, Չեխիային, մտնել աշխարհի առաջնության եզրափակիչ: Ոչ, մեր նպատակն ավելի շուտ խաղից խաղ հմտանալը պիտի լինի, որից հետո հնարավոր է բարձր արդյունքների հասնել: Ձմեռային հանգստի ընթացքում կփորձենք մի քանի հավաքներ անցկացնել` ավելի խորքային աշխատանք տանելու համար:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4