«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#170, 2004-09-29 | #171, 2004-09-30 | #172, 2004-10-01


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎՈՒՄ Է ՈՒՌՈՒՑՔԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՇԵՂ ԱՃ

Տարվա մեջ չարորակ ուռուցքի ախտորոշում արձանագրվում է շուրջ 6 հզ. հիվանդի համար

Հայաստանում քաղցկեղի տարածվածության սանդղակում տղամարդկանց մեջ առաջին տեղը զբաղեցնում է թոքի քաղցկեղը, կանանց շրջանում ամենից շատ արձանագրվում է կրծքի քաղցկեղի աշխուժացում: Երրորդ տեղում ավշային համակարգում աճող ուռուցքներն են` լիմֆոսարկոմաները, այս խմբում են նաեւ արյան քաղցկեղային ախտերը:

Վերջին մի քանի տարիներին ուռուցքային չարորակ հիվանդություններն անշեղորեն աճում են: Վիճակագրության համաձայն, եթե նախկինում տարվա մեջ այսպիսի ախտորոշումներ տրվում էին 4000 կամ մի քիչ ավելի հիվանդների, այսօր այդ թիվը (2003 թվականի տվյալներով) հասել է 6000-ի: Չնայած մասնագետները հակված են այս աճը բացատրելու նաեւ ախտորոշումների մակարդակի բարելավմամբ, սակայն ակնհայտ է, որ քաղցկեղային ախտերի առաջացման գործոնները Հայաստանում գործողության առատ սնունդ են ստանում:

Ուռուցքային հիվանդությունների առաջացման առաջնային պատճառը այդպես էլ հայտնի չէ, սակայն ազդակը, որ մարդու օրգանիզմում ուռուցքների ձեւավորման միջավայր է ստեղծում, մասնագետների համոզմամբ, շրջակա միջավայրն է` աղտոտված օդը, քաղցկեղածին նյութերի ու հավելանյութերի բաղադրությամբ սնունդը, ծխախոտը: Դրանք վնասում են բջջի գենետիկ ապարատը եւ խթանում ուռուցքների առաջացումը:

Հայաստանում այդ բոլոր գործոններն էլ առկա են: Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներով հարուստ սննդատեսակների մուտքը հանրապետություն այդպես էլ չի վերահսկվում: Ծխախոտամոլության դեմ պայքարը նույնիսկ օրենքով չամրագրվեց, երբ ողջ աշխարհում անհանդուրժողական վերաբերմունքը նիկոտինի ավերածությունների դեմ արդեն կենսական նորմ է դարձել: Եվ վերջապես կանաչ ծառ ու թփի շարունակական հատումները, որոնք տրանսպորտային արտանետումների պատճառով կապարով հարստացած օդի մաքրման իրենց գործառույթը չեն իրականացնում` ավելի մռայլ դարձնելով իրավիճակը:

Մեկ այլ տագնապալի փաստ. եթե ամբողջ աշխարում նկատելի է քաղցկեղից առաջացած հիվանդությունների մահացության ցուցանիշների աստիճանական անկում, Հայաստանում դրանք հաստատուն կայուն վիճակում են` եթե չեն ավելանում, ապա չեն էլ պակասում:

Մամոգրաֆիկ հիվանդների համեմատ թոքի քաղցկեղով հիվանդների վիճակը հանրապետությունում անբարեհույս է: Այս հիվանդները որպես կանոն բժշկի են դիմում հիվանդության զարգացման վերջին շրջաններում, երբ անհնարին է փրկել կամ երկարաձգել կյանքը: Եթե կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման (հիվանդության զարգացման առաջին եւ երկրորդ փուլեր) հաճախականությունը ամեն տարի բարձրանում է, ապա թոքի քաղցկեղի մասին ամենեւին նույնը չի կարելի ասել: Նման համահայաստանյան կառույց, ինչպիսին է մամոգրաֆիայի կենտրոնը, թոքային քաղցկեղով հիվանդների համար չի գործում: Շնորհիվ լայնածավալ քարոզարշավների, մամոգրաֆիկ հիվանդները իսկապես ավելի իրազեկ ու ուշադիր դարձան իրենց առողջության հանդեպ, եւ եթե կենտրոնի գործունեության շնորհիվ նույնիսկ մի քանի հարյուր մարդու կյանք փրկվեց, մեծ բան է: Այսօրվա տվյալներով, ամեն տարի կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշվում է 650-ից 750 հիվանդի մեջ: 100 հզ. հիվանդի կտրվածքով այն կազմում է 32-35 մարդ:

Տարածվածությամբ առաջին տեղը զբաղեցնող թոքային քաղցկեղի ենթակա եւ արդեն հայտնաբերված ախտորոշմամբ հիվանդների համար նույնպես անհրաժեշտություն է նման կառույցի ստեղծումը` համապետական ծրագրով կամ հովանավորների օգնությամբ, ինչպես մամոգրաֆիկ կենտրոնի դեպքում է:

«Ուռուցքային հիվանդությունների բուժումը բարդացնում է հիվանդների վերաբերմունքը իրենց հիվանդության նկատմամբ: Մեծ մասը խուսափում է դիմել ուռուցքաբանի` նախընտրելով բուսաբուժությունը կամ հեքիմներին: Այն թյուր կարծիքը կա, թե քաղցկեղային հիվանդությունների դեմ ոչինչ անել հնարավոր չէ: Սակայն կան հիվանդություններ, որոնք ուռուցքային հիվանդություններից ավելի դժվար են բուժվում: Տվյալ դեպքում բժշկի խնդիրն է եթե ոչ բուժել, ապա գոնե երկարացնել հիվանդի կյանքը»,-ասում է Ուռուցքաբանության ազգային ինստիտուտի բժիշկ-ուռուցքաբան Մհեր Կոստանյանը: Նա պատմում է, որ հենց այս պահին միանգամայն այլ գանգատով իրենց է դիմել մի հիվանդ, որի հաստ աղիքի ուռուցքը վիրահատել են 1995 թվականին: Ուռուցքի վերականգնման ոչ մի հետք չեն հատնաբերել բժիշկները, վիրահատությունը, փաստորեն, փրկել է անհուսալի համարված հիվանդին: Մասնագետները նման դեպքերը բացատրում են նաեւ բուժման հանդեպ հիվանդի օրգանիզմի զգայնությամբ:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4