Սոցիոլոգիական հարցում մայրաքաղաքի այգիների ու պուրակների վերաբերյալ
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Ազգ» օրաթերթի կողմից Երեւանի Կենտրոն, Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք համայնքներում 500 հարցվածների հետ անցկացված հարցախույզն անդրադարձել է մայրաքաղաքային կենցաղի կարեւոր դերակատար հանրային այգիներին, որոնք ավանդաբար հանգստի նախընտրած ու մատչելի միջոցն են մայրաքաղաքի բնակչի համար: Ընդհանուր առմամբ, ընտրված հարցերի խումբը հնարավորություն է տվել ամբողջացնելու խնդիրների այն համապատկերը, որում այսօր հայտնվել են Երեւանի այգիները վայրի սեփականաշնորհումների եւ մայրաքաղաքի բնության հանդեպ նոր սեփականատերերի ակնհայտ քամահրական վերաբերմունքի հետեւանքով:
«Ձեր պատկերացմամբ ինչպիսի՞ն պետք է լինեն երեւանյան այգիներն ու պուրակները» հարցին մասնակիցների 74,8 տոկոսը (հարցին պատասխանել է 397 մարդ), հստակ պատասխան է տվել` դարձնել ավելի կանաչապատ: Երեւանի կանաչ տարածքների համար սա գլխավոր, եւ ցավոք, կարելի է համոզված արձանագրելՙ անվերականգնելի կորուստն է, քանի որ թփերի ու ծառածածկի մեծ մասն անդառնալի տրվել է բետոնի տիրապետությանը: Եվ դա ուղղակիորեն իրականացվել է անկախության 13 տարիների ընթացքում:
«Սոցիալ-Էկոլոգիական ասոցիացիա» հասարակական կազմակերպության տվյալների համաձայն, 1988-90 թթ. Երեւանի կանաչ տնկարկները կազմում էին 10 հզ. 800 հա, որի 1800 հա-ն ընդհանուր օգտագործման տարածքներն էին` այգիներն ու պուրակները: Այսօր դրա մոտ կեսը հատվել է` 1800-ից մնացել է 500 հա:
Հարցվածների հաջորդ գերակշիռ խումբը (297 մարդ) Երեւանի այգիների համար կարեւոր թերություն է համարում նստարանների բացակայությունը: Այգիների մեծ մասում էներգետիկ ճգնաժամի ցուրտ ձմեռներին զոհ գնացած նախկին փայտյա նստարանները հաջորդ տարիներին նոր երկաթյա նստարաններով փոխարինվեցին հանրային հանգստի միայն հատուկենտ օբյեկտներում: Երեւանի այգիներում, այսօր էլ իհարկե, նստարաններ կան, բայց միայն սրճարանների տնօրինության տակ: Շարքային երեւանցին լիովին զրկված է պարզապես հանգիստ վայելելու տարրական իրավունքից: Կամ էլ պարտադրված է օգտվել սրճարանի սպասարկումից, եթե ուզում է մի կես ժամ նստել այգում: Բոլորը չէ, բնականաբար, որ ունեն այդ հնարավորությունը, եւ երեւանցին կամա թե ակամա հրաժարվում է այգիներն ու պուրակները հավանական հանգստի տարածքներ համարելուց: Հարցվածների 48,6 տոկոսը դժգոհ է հենց սրճարանների առատությունից:
Երեւանը թերեւս աշխարհի եզակի մայրաքաղաքներից է, որի համար հատկանշական է նման իրողությունը: Այգիները հասարակական օգտագործման, հանրային սեփականության տարածքներ են, որոնք չի կարելի խեղդել սրճարանների ու հսկա կառույցների մեջ: Մեզանում սրճարանատերերը նույնիսկ սեփականության իրավունք են ստանում կադաստրից: Բանը հասել է այնտեղ, որ նման օբյեկտներն անգամ բուսաբանական այգի են ներխուժել (այստեղ կառուցվել է «Դրախտիկ» ռեստորանը, որի տերը տարածքը 25 տարով վարձակալելու իրավունք է ձեռք բերել): Քաղաքային իշխանությունների խոստովանությամբ, այսօր այդ կառույցների մեծամասնությունն իրենց ընդգրկումներով մի քանի անգամ գերազանցում են նախագծային սահմանները:
Հարցվածների 36,8, 19,9, 19,1, 16,4, 9,3 տոկոսը հաջորդաբար իբրեւ այգիների վերակերպավորման ցանկալի միջոցառումներ նշում է դրանք ավելի ծաղկապատ, խնամված դարձնելը, այնտեղ ավելի ճաշակով երաժշտություն հնչեցնելը, ցայտաղբյուրների տեղադրումը: Նկատենք, որ փայտյա նստարանների նման, ծաղկապատ հատվածներն ու ցայտաղբյուրները եւս շքեղություն դարձան հանրային հանգստի օբյեկտների համար:
Ինչ վերաբերում է երաժշտությանը, ապա այստեղ ոչ միայն որակի խնդիրն է: Արդեն 4-5 տարի քաղաքապետարանը նախանձելի պարտաճանաչությամբ կից շենքերի բնակիչների հանգիստը խանգարող բարձր հնչողությամբ երաժշտությունը արգելելու որոշումներ է ընդունում: Որոշումներն անվրդով խաղաղությամբ մնում են գզրոցներում:
Հարցվածների մնացած, ոչ զգալի հատվածները նշում են շատրվանների, աղբարկղների, սալիկապատ արահետների, զուգարանների բացակայությունը, սրճարանների, ատրակցիոնների անմատչելի գները, անմիջապես այգիներում մեքենաների կայանատեղերի առկայության անթույլատրելիությունը:
Սոցիոլոգիական հարցախույզը փորձել է առանձնացնել օպերային այգու նկատմամբ վերաբերմունքը, քանի որ վերջինս, իբրեւ թամանյանական հրաշալի կառույց եւ քաղաքի նկարագրի գողտրիկ բաղադրամաս, սրբության նման մի բան էր դարձել երեւանցիների համար: Շենքը շրջափակող սրճարանների առատությունն առանձին հատվածներում այն նույնիսկ քողարկում է անցորդի հայացքից: Կանաչ թփուտները թաղվել են ասֆալտի տակ, հնչում է խառը, ցածրաճաշակ երաժշտություն: Զարմանալիորեն օպերային այգին դարձավ նաեւ արեւածաղկի ակտիվ վաճառքի կետերից մեկը, եւ անխնամ հրապարակը մշտապես աղտոտված է արեւածաղկի սերմերով: Տարաբնույթ կրքեր հարուցած Առնո Բաբաջանյանի արձանը համառորեն մնաց տեղում: Հիշողություն դարձավ քաղաքային բնապատկերի տպավորիչ պատկերներից մեկը` լճի ջրերի վրա սահող սեւ ու ճերմակ կարապները:
Հարցվածների 43,6 տոկոսը (173 մարդ) օպերային այգու խեղման գլխավոր պատճառը համարում է սրճարանների մեծ քանակը:
«Ձեր պատկերացմամբ ինչպիսի՞ն պետք է լինի օպերային այգին» հարցին նրանք պատասխանում են, որ նախ պետք է նվազեցնել սրճարանների թիվը: 59 մարդ (14,9 տոկոս), հիշեցնում է այգին կանաչապատելը: 1,5 տոկոսի մեջ ներառվածները հետաքրքրական առաջարկ են անում այգուն արգելոցի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ: Առավել նվազ տոկոսներ կազմող պատասխանները հուշում են կարապները Կարապի լիճ վերադարձնելու, Առնո Բաբաջանյանին վայել արձան տեղադրելու, մնացած արձանները խնամելու, այգու տարածքում նստարաններ տեղադրելու, այստեղ արեւածաղկի վաճառքն արգելելու մասին:
Օպերայի այգու անողոք մասնատման ու դրա ներկա վիճակի պատասխանատվությունը քամելեոնի արագությամբ փոխվող քաղաքային պաշտոնյաները հաջողությամբ գցում են մեկը մյուսի վրա: Անկասկած, այգին շրջափակած սրճարանների ու կազինոների տերերը պատահական մարդիկ չեն, եւ դժվար թե մոտ ապագայում երեւանցու արժանապատվությունը խոցող պատկերները վերանան այստեղից ու այգին վերադառնա նախկին տեսքին, ինչն առաջարկում է հարցվածների 16,4 տոկոսը (65 մարդ):
Որ Երեւանի այգիներն ու պուրակները, իբրեւ հանրային հանգստի գոտիներ կորցրել են իրենց կիրառական արժեքը մայրաքաղաքի բնակչի համար, վկայում են հարցախույզի հաջորդ կետին տրված պատասխանները: «Ինչքան հաճախ եք հանգստանալու համար օգտվում հասարակական այգիներից ու պուրակներից» հարցի արդյունքները այնքան էլ մխիթարական չեն: Հարցվածների 37 տոկոսը այցելում է այգիներ միայն ժամանակ առ ժամանակ, շաբաթական 1-2 անգամ` 18,9 տոկոսը, ընդհանրապես այգիներ չի հաճախում 16,1 տոկոսը, եւ ընդամենը 9,6 տոկոսն է պատասխանել, որ շաբաթական 5-6 անգամ է օգտվում այգիներից: Այնուամենայնիվ, անկախ թվարկած թերություններից, այգիներ ու պուրակներ չայցելելու իրողությունը բացատրվում է նաեւ մարդկանց հոգսաշատ առօրյայով: Հարցվածների 51,6 տոկոսը (205 քաղաքացի) հանրային հանգստի կետեր չայցելելը պատճառաբանում է ժամանակի պակասով: 88 մարդ (22,2 տոկոսը) հիշատակում է «ֆինանսական զգալի ծախսերի անհրաժեշտության մասին», 20,4 տոկոսի համար (81 մարդ) պարզապես հաճելի չէ այգի այցելելը: Մյուսները իբրեւ բացասական գործոններ նշում են նստարանների բացակայության, աղմուկի մասին:
Ավելորդ չէ կրկնել, թե քաղաքային միկրոկլիմայի առողջացման համար ինչպիսի հսկայական արժեք ունեն կանաչ այգիներն ու պուրակները: Առողջապահության միջազգային կազմակերպության տվյալների համաձայն, քաղաքային յուրաքանչյուր բնակչի թթվածնի նվազագույն քանակով ապահովելու համար անհրաժեշտ է 50 քմ քաղաքային եւ 300 քմ բնական կանաչ տարածք: 1986 թ. այգիների ու պուրակների գազանային հոշոտումից դեռ շատ առաջ, այդ ցուցանիշը Երեւանում 1 բնակչի համար կազմում էր 44 քմ, վերջինՙ 2002 թ. հետազոտության արդյունքներովՙ ընդամենը 4,5 քմ: Համապատասխանաբար, քաղաքի կանաչապատման ծավալները 1986 թ. 29 տոկոսից նվազել են 2,5-ի:
Սոցիալ-էկոլոգիական միություն հասարակական կազմակերպության ուսումնասիրությունների համաձայն միայն վերջին տարիներին անօրինական թույլտվությունների միջոցով, քաղաքաշինական նորմերի կոպիտ խախտումներով կառուցված շինությունների պատճառով քաղաքի կանաչ տարածքներից անդառնալի վերացել է 190 հա:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ