Ընթացիկ մրցաշրջանում էլ 17-ամյա Էդգար Մանուչարյանն աչքի է ընկնում իր արդյունավետ խաղով: Այս օրերին Հայաստանի մինչեւ 19 տարեկանների պատանեկան հավաքականի կազմում Էդգարը մասնակցում է Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին: Այստեղ էլ նա իրեն լավագույնս է դրսեւորումՙ դառնալով Ֆրանսիայի եւ Մակեդոնիայի հավաքականների դարպասը խփած մեր ընտրանու բոլոր 3 գոլերի հեղինակը: Հայաստանի առաջնությունում Էդգարը պայքարում է լավագույն ռմբարկուի կոչման համար: Նրա հաշվին այժմ գրանցված է 14 գոլ: Այդ ցուցանիշը ռեկորդային է 17 տարեկան ֆուտբոլիստների շրջանում: Մինչ այդ 17 տարեկանում առավել արդյունավետ էր գործել Արամ Ոսկանյանը, որը 1992 թ. «Մալաթիայի» կազմում դարձել էր 11 գոլի հեղինակ: Նշենք, որ Էդգարին էին պատկանում 15 եւ 16 տարեկանում խփած գոլերի քանակով լավագույն ցուցանիշները: Այնպես որ, պատանի ֆուտբոլիստը տարիքային երեք ռեկորդների հեղինակ է:
Ստորեւ ֆուտբոլասերներին ենք ներկայացնում յուրաքանչյուր տարիքի համար արդյունավետության ռեկորդային ցուցանիշները, այսինքնՙ թե տվյալ տարիքում ֆուտբոլիստներից ո՞վ է բոլորից շատ գոլեր խփել: ՀՀ առաջնություններում գոլերի հեղինակներ են դարձել 15-42 տարեկան ֆուտբոլիստները: Նշենք, որ 30 տարեկանի արդյունավետության ռեկորդը (12 գնդակ) գերազանցելու հիանալի հնարավորություն ուներ «Արարատում» հանդես եկող Մհեր Ավանեսյանը, որն առաջին երկու շրջաններում թիմի կազմում խփել էր 8 գնդակ: Սակայն նա տեղափոխվեց 1-ին խմբում հանդես եկող «Լեռնային Արցախ» եւ զրկվեց ռեկորդը գերազանցելու հնարավորությունից:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ