Թուրքիայի Չեշմա առողջարանային քաղաքում մեկնարկել է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը, որին մասնակցում են տղամարդկանց 36 եւ կանանց 10 թիմեր: Շվեյցարական մրցակարգով անցկացվող մրցաշարում կկայանա 7 տուր: Մրցումները կանցկացվեն 6 խաղատախտակների վրա: Յուրաքանչյուր թիմ կարող է հայտավորել 8 շախմատիստի, որոնցից 2-ը կլինեն պահեստայիններ: Թիմային հաշվարկում մրցախաղը շահելու դեպքում թիմերին տրվում է 2-ական միավոր, ոչ-ոքին գնահատվում է մեկ միավորով: Հավասար միավորների դեպքում տեղերը բաշխելիս արդեն հաշվի են առնվում խաղացված բոլոր պարտիաներում վաստակած ընդհանուր միավորները: Այնպես որ, յուրաքանչյուր պարտիայի ելքը մրցաշարում վճռորոշ նշանակություն ունի:
Տղամարդկանց մրցաշարում հաղթողի հավակնորդներից մեկը ներկայիս չեմպիոն ֆրանսիական NAO Chess Club թիմն է: Չնայած հայտնի պատճառներով թիմի կազմում չեն Վլադիմիր Կրամնիկն ու նրա մարտավկանՙ Պյոտր Սվիդլերը, սակայն առանց նրանց էլ ֆրանսիացիների կազմը բավական ուժեղ է. Ադամս, Գրիշչուկ, Բաքրո, Վալյեխո, Լոթյե, Ռաջաբով, Ֆրեսինե, Նատաֆ:
Անկասկած, ֆրանսիացիների գլխավոր մրցակիցներից մեկը կլինի Եկատերինբուրգի «Մաքս Վենը», որը գլխավորում է Գարի Կասպարովը: Երկրորդ խաղատախտակի մոտ հանդես կգա փորձառու հայ գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը, որը Հայաստանի միակ պատվիրակն է Եվրոպայի թիմային առաջնությունում: Առաջին տուրում «Մաքս Վենի» երկու (առաջատարները հանգստանում էին: Նրանց բացակայության պայմաններում առաջին խաղատախտակի մոտ խաղաց Ալեքսեյ Ալեքսանդրովը, որը զիջեց «Rochade Eupen» թիմի առաջատար Իգոր Գլեկին: Չնայած դրան, «Մաքս Վենը» 4, 5-1,5 հաշվով հաղթեց մրցակցին: NAO Chess Club-ը 6-0 հաշվով պարտության մատնեց «Hatinkylan Shakkikerho» թիմին: Նույնպիսի հաշվով մրցակիցներին հաղթեցին նաեւ «Տոմսկ-400»-ը, «Բեեր Շեւան»: Սարաեւոյի «Բոսնա» թիմի կազմում է հանդես գալիս Սերգեյ Մովսիսյանը: 5-րդ խաղատախտակի վրա նա պարտության մատնեց «Հելիր» թիմի շախմատիստ Սիգուրդուր Սիգֆուսոնին: «Բոսնան» մրցակցի նկատմամբ առավելության հասավ 5,5-0,5 հաշվով:
Կանանց մրցապայքարին մասնակցող 10 թիմերից բոլորից հաջող մեկնարկեց Կազանի «Լադյան», որը 4-0 հաշվով հաղթեց «Մարմարիսին»:
Աշոտ Հայրապետյան