Հայ արիական միաբանության նախագահ Արմեն Ավետիսյանը երեկ չկամեցավ անդրադառնալ արվամոլ բարձրաստիճան պաշտոնյաների ու պատգամավորների թեմային, որովհետեւ խոստացել է առանձին ասուլիս, բայց, այդուհանդերձ, չխուսափեց «Ազգին» առանձին բացատրություններ տալուց:
«Եթե մարդը հիվանդ է, կա՛մ պետք է բուժվի, կա՛մ մարդկանց ներկայանա իր իսկական դեմքով, եւ հանրությունը պետք է որոշիՙ իրեն արվամոլ նախարար կամ պատգամավոր պե՞տք է, թե՞ ոչ: Բայց եթե դա արվում է գաղտնիության քողի տակ, մասոնական օթյակներում ծիսակարգի պարտադրանքի միջոցով, արդեն միայն հիվանդություն չէ, այլեւ պաշտոնի հասնելու միջոց: Այսինքնՙ Հայաստանում դառնում է քաղաքական եւ ոչ թե առողջապահական նորմ, եւ եթե թափանիվի նման իջնի, կհասնի նաեւ դպրոց: Այս վտանգի դեմը պետք է փակել, Եվրոխորհուրդ չէ՛, ինչ խորհուրդ ուզում է լինի, մենք չենք պատրաստվում կուլ գնալ եւ մեր ազգային արժեքներով պետք է պայքարենք ու հարատեւենք: Մեզ ոչ թե արվամոլների խնդիրն է հուզում, այլ փչացման գործող մեխանիզմը: Շուտով ամեն ինչ պարզ կլինի, մեզ վրա քար նետողները գիտենք ովքեր են, այսօր իշխող գրեթե բոլոր կուսակցությունների մեջ կան այդպիսիք, եւ այս վայնասունը մեզ միանգամայն հասկանալի է»:
Իբրեւ ազգայնականներ իրենք ստանձնել են ազգի սանիտարի դերը (ինչպես գայլն անտառում) եւ պարտավոր են հիվանդ ու թույլ որակ ունեցողներին բարոյապես ոչնչացնել: Իսկ որ այդ արարքը կդիտվի որպես մարդու իրավունքների ոտնահարում, դա իրենց բնավ չի մտահոգում, որովհետեւ իրենց համար ամենաբարձրը ազգի իրավունքներն են:
Ռ. Պ.